Մատչելիության հղումներ

Gallup. Հայաստանում թիվ մեկ սպառնալիք են համարում Ադրբեջանը, Ադրբեջանում՝ Հայաստանը


Ղարաբաղյան շփման գծում մարտական գործողությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված լուռ երթ և մոմավառություն Երևանում, 10-ը ապրիլի, 2016թ․
Ղարաբաղյան շփման գծում մարտական գործողությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված լուռ երթ և մոմավառություն Երևանում, 10-ը ապրիլի, 2016թ․

Արևելյան Եվրոպայում և հետխորհրդային տարածքում փոխադարձ թշնամանքի մակարդակով երկու երկրները գրեթե մրցակիցներ չունեն:

Հայաստանցիների ճնշող մեծամասնությունը վստահ է` երկիրը վտանգող թիվ մեկ արտաքին սպառնալիքը Ադրբեջանն է: Սա են վկայում ամերիկյան Gallup սոցիոլոգիական ծառայության օրերս հրապարակած տվյալները, որոնք հիմնված են 2015 թվականի ամռանը Հայաստանի հազար քաղաքացիների շրջանում անցկացված հարցման արդյունքների վրա:

Լեռնային Ղարաբաղում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումից դեռ ամիսներ առաջ հարցված հայաստանցիների 60 տոկոսը պնդել է, որ երկրին սպառնացող գլխավոր վտանգը Ադրբեջանի գործողություններն են:

Ադրբեջանում էլ իրադրությունը տրամագծորեն հակառակն է: Այստեղ էլ, Gallup-ի հարցման համաձայն, Հայաստանն է ընկալվում որպես թիվ մեկ սպառնալիք․ այս մոտեցումը կիսում է Gallup-ի կողմից հարցված ադրբեջանցիների գրեթե երկու երրորդը` 64 տոկոսը:

Հարկ է նկատել, որ ողջ Արևելյան Եվրոպայում և հետխորհրդային տարածքում փոխադարձ թշնամանքի մակարդակով Հայաստանն ու Ադրբեջանը գրեթե մրցակիցներ չունեն: Այս առումով հայերի և ադրբեջանցիների հետ կարող են մրցել միայն Կոսովոյի ալբանացիները, որոնց 64 տոկոսը թիվ մեկ սպառնալիք է համարում Սերբիան:

Վրաստանում, ինչպես և կարելի էր ենթադրել, որպես թիվ մեկ սպառնալիք ընկալվում է Ռուսաստանի Դաշնությունը: Ցուցանիշների առումով, սակայն, վրացիները զիջում են թե՛ Հայաստանին և թե՛ Ադրբեջանին: Gallup-ի տվյալներով, վրացիների մոտ կեսը` 48 տոկոսն է պնդել, թե Ռուսաստանը իրական սպառնալիք է վրացական պետականության համար:

Հետխորհրդային տարածքում Ռուսաստանը որպես պետությանը սպառնացող թիվ մեկ արտաքին վտանգ են մատնանշում նաև Ուկրաինայի բնակիչների 52 և Մոլդովայի քաղաքացիների 16 տոկոսը:

Հարցված ռուսաստանցիների 64 տոկոսի համոզմամբ էլ՝ երկրին սպառնացող գլխավոր վտանգը Միացյալ Նահանգներն է: Gallup-ի հետազոտության համաձայն՝ հետխորհրդային տարածքում ամերիկացիներին որպես իրենց հիմնական թշնամի են մատնանշում նաև բելառուսցիները, ղազախստանցիներն ու ղրղըզստանցիները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG