Մատչելիության հղումներ

Լևոն Հայրապետյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման


Լևոն Հայրապետյան, արխիվ
Լևոն Հայրապետյան, արխիվ

Հայազգի գործարարն իրեն մեղավոր չի ճանաչում։

Մոսկվայի դատարանը երեկ հայազգի գործարար, բարերար և հասարակական գործիչ Լևոն Հայրապետյանին դատապարտեց 4 տարվա ազատազրկման։

Ծագումով ղարաբաղցի Հայրապետյանը մեղադրվում է ցմահ ազատազրկման դատապարտված Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից խարդախությամբ 700 հազար դոլար յուրացնելու համար։ Ըստ մեղադրող կողմի, նա մոլորեցրել է նախկին սենատորի մորը, խոստանալով փողի դիմաց քայլեր ձեռնարկել որդու պատժաչափը մեղմելու համար, բայց գործնականում ոչ մի լծակ չի ունեցել, որ կատարի խոստումը։

Պետական մեղադրողն ավելի վաղ պահանջել էր Հայրապետյանի համար 7 տարվա ազատազրկում ընդհանուր ռեժիմի գաղութում և 20 միլիոն 800 հազար ռուբլու վճարում խարդախությունից տուժած կողմին։

Իրավական և դատական տեղեկատվությունների ռուսաստանյան գործակալության փոխանցմամբ, Հայրապետյանին երեկ կալանավորել են դատարանի դահլիճում։

Հայազգի գործարարը ձերբակալվել է 2014 թվականի հուլիսի 15-ին Դոմոդեդովո օդանավակայանում, հենց օդանավի սանդուղքի մոտ` Նիցցայից Մոսկվա վերադառնալիս։

Նախկին սենատոր Իզմեստևը ցուցմունք էր տվել, որի համաձայն, Հայրապետյանն առնչություն ունի «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը «ԱՖԿ Սիստեմա» ընկերությանը 2009 թվականին վաճառելու ապօրինի գործարքի հետ, որն իրականացրել է Բաշկիրիայի նախկին նախագահ Մուրտազա Ռախիմովի որդին` Ուրալ Ռախիմովը։

Երկու ամիս անց Հայրապետյանի նկատմամբ հարուցվել է Իզմեստևի մորից խարդախությամբ գումար կորզելու մեղադրանքը։

Գործարարը մոտ մեկ տարի անցկացրել է քննչական մեկուսարանում, ապա տնային կալանքի պայմաններում։ Նրա փաստաբաններն այն ժամանակ պահանջել են փոխել խափանման միջոցը՝ ներկայացնելով պաշտպանյալի ծանր առողջական վիճակի մասին վկայող փաստաթղթեր։ Հայրապետյանը հերքում է մեղադրանքը։

«Բաշնեֆտ»-ի գործով քննությունը շարունակվում է, Հայրապետյանից զատ այդ գործով անցնում է նաև Ուրալ Ռախիմովը, ով ներկայումս գտնվում է միջազգային հետախուզման մեջ։

Ըստ քննիչների, «ԱՖԿ Սիստեմա»-ն «Բաշնեֆտ»-ի համար վճարել է 2 միլիարդ դոլար, թեպետ ընկերության գինն իրականում առնվազն 2․5 միլիարդ էր։

Անցյալ տարվա հոկտեմբերի 29-ին Հայրապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր, որ հենց վերացվի Մոսկվայից դուր գալու արգելքը, ինքը կմեկնի Լեռնային Ղարաբաղ։ «Որ մենակ մեր գյուղը չաճի, այլ աճեն կողքի գյուղերը, Մարտակերտի շրջանը և ամբողջ Ղարաբաղը», - ասել էր Հայրապետյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG