Մատչելիության հղումներ

«Հաղթող զինվորի վերքերը ավելի շուտ են լավանում»


Կենտրոնական զինվորական հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը:
Կենտրոնական զինվորական հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը:

Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ Հարություն Գալստյանը այսօր հրավիրած ասուլիսում նշեց, որ մարտական գործողությունների արդյունքում վիրավորվել է 125 զինծառայող, որոնցից 45-ը գտնվում են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, մնացածը՝ այլ բուժհաստատություններում:

Գալստյանի փոխանցմամբ՝ զինծառայողները ստացել են հիմնականում բեկորային վնասվածքներ․ - «Ծայրահեղ ծանր գնահատվում է նրանցից 5-ի վիճակը, որոնցից մեկը պատերազմական գործողությունների ակտիվ փուլից հետո գլխի շրջանում ստացած հրազենային բնույթի վիրավորում է: Նախորդ վիրավորներից բոլորի մոտ դրական տեղաշարժ կա․ ինչպես ասում են՝ հաղթող զինվորի վերքերը ավելի շուտ են լավանում»:

Պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյոք հոսպիտալներից դուրս գրվելուց հետո զինվորները կկարողանա՞ն օգտվել անվճար բուժծառայություններից՝ հաշվի առնելով, որ շատերին երկարատև բուժման գործընթաց է սպասում, Գալստյանն ասաց, թե Պաշտպանության նախարարությունը շարունակելու է բժշկական օգնություն տրամադրել․ - «Ոլորտը կարգավորող փաստաթղթերի մեջ դեռևս մինչև մարտական գործողությունների սկիզբը արդեն որոշակի փոփոխություններ տեղի են ունեցել, և համապատասխան որոշում գոյություն ունի կառավարության՝ եթե զինծառայողը ծառայության ընթացքում հիվանդություն կամ վիրավորում է ձեռք բերում և հետագայում հաշմանդամ չի ճանաչվում, սակայն առկա է ուղղակի պատճառահետևանքային կապ, շարունակելու ենք իրենց բուժական միջամտությունները կատարել»:

Զինվորական կենտրոնական հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը հավելեց, որ իրենք երբեք չեն դավաճանում և չեն լքում իրենց զինվորներին․ - «Մի հատ ռուսական կինո կա պատերազմական, կոչվում է «Դևյատայա ռոտա»: Այդտեղ մի հատ լավ արտահայտություն կա՝ Мы своих не бросаем («Մենք յուրայիններին չենք լքում»): Եվ այսօր մենք՝ Զինված ուժերս, մեր ընկերներին, մեր զինակիցներին չենք թողնում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG