Մատչելիության հղումներ

Ստամբուլում վերսկսվել է Դինքի սպանության գործով դատավարությունը


Թուրքիայի ոստիկանության հետախուզության վարչության նախկին ղեկավար Ռամազան Աքյուրեքը, ով 34 մեղադրյալների թվում է
Թուրքիայի ոստիկանության հետախուզության վարչության նախկին ղեկավար Ռամազան Աքյուրեքը, ով 34 մեղադրյալների թվում է

34 մեղադրյալների թվում են Թուրքիայի անվտանգության ուժերի և ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ:

Թուրքիայում վերսկսվել է «Ակոս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը: Հայազգի խմբագրի սպանության գործում պաշտոնյաների մասնակցության վերաբերյալ գործը, հիշեցնենք, ամիսներ առաջ միացվել է հիմնական գործին:

Երեքշաբթի օրը Ստամբուլում վերաբացված դատավարությունում 34 մեղադրյալների թվում ներգրավված են Թուրքիայի անվտանգության ուժերի և ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ:

Դինքի ընտանիքի փաստաբանները հույս ունեն, որ դատարանը կապացուցի պետական պաշտոնյաների առնչությունը դավադիր սպանությանը:

Թուրքիայի խորհրդարանի հայազգի ընդդիմադիր պատգամավոր Գարո Փայլանը Reuters լրատվական գործակալությանը ասել է․ - «Սա կարևոր օր է: Մենք 9 տարի աշխատում էինք՝ ոստիկանության և հետախուզության այս ղեկավարներին տեսնելու դատարանում: Կցանկանայինք դատարանում տեսնել պետական այլ պաշտոնյաների․․․ եթե դատարանը կատարի իր աշխատանքը, կարծում եմ՝ մենք կմոտենանք ճշմարտությանը»:

Հրանտ Դինքը թուրք ազգայնականի կրակոցից սպանվել է 2007 թվականի հունվարին՝ թերթի խմբագրատան դիմաց: Սպանության անմիջական կատարողն ու կազմակերպիչը դատապարտված են խիստ պատիժների: Սակայն Դինքի ընտանիքն ու փաստաբանը միշտ բարձրացնում էին նրա սպանությանը պետական պաշտոնյաների առնչություն ունենալու հարցը:

Դինքի սպանության գործով վերաբացված դատավարությունում մեղադրյալների թվում են Թուրքիայի ազգային ոստիկանության հետախուզության վարչության նախկին ղեկավար Էնգին Դինչը, այդ պաշտոնում նրա նախորդը՝ Ռամազան Աքյուրեքը, Ստամբուլի ոստիկանության նախկին պետ Ջելալեթին Ջերահը և Ստամբուլի ոստիկանության հետախուզության վարչության նախկին պետ Ալի Ֆուաթ Յըլմազերը: Նրանք չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները:

Հրանտ Դինքի սպանության գործում ներգրավված նախկին պաշտոնյաներից մի քանիսը նախկինում՝ 2013 թվականին այն իրավապահների թվում էին, որոնք հետաքննում էին Ռեջեփ Էրդողանի և նրա մերձավորների դեմ կոռուպցիոն գործերը, երբ Էրդողանը դեռ վարչապետ էր:

Ընդդիմադիր պատգամավոր Սեզգին Թանրիքյուլուն Reuters-ին ասել է, թե Դինքի սպանության գործում նրանց ներգրավելը հաշիվ մաքրելու փորձ է:


+

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG