Մատչելիության հղումներ

Ֆրանսիան առաջարկում է դիտորդներ և հսկման սարքեր տեղակայել շփման գծում


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը զրուցում է Եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրի հետ, 25-ը ապրիլի, 2016թ.
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը զրուցում է Եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրի հետ, 25-ը ապրիլի, 2016թ.

Ֆրանսիան առաջարկում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղակայել ԵԱՀԿ դիտորդներ և հսկման սարքեր, այսօր Երևանում հայտարարեց այդ երկրի Եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրը:

Դեզիրը մեկօրյա այցով այսօր է ժամանել Հայաստան: Նրան ընդունել են նախագահ Սերժ Սարգսյանն ու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Երևանից ֆրանսիացի բարձրաստիճան դիվանագետը կմենկնի Բաքու:

«Մոտեցումը հետևյալն է՝ հրադադարը անպայման պետք է պահպանվի, և, բնականաբար, պետք են մեխանիզմներ, որոնք թույլ կտան հսկել հրադադարի պահպանումը: Այդ մեխանիզմները պետք է հիմնվեն միջազգային հանրության հովանու ներքո, այդ դերը կարող է ստանձնել ԵԱՀԿ-ն: Մեխանիզմ ասելով՝ նկատի ունեմ դիտորդներ և հսկման էլեկտրոնային սարքեր, այսինքն՝ վերահսկողությունը պետք է իրականացվի թե՛ տեխնիկական միջոցներով, թե՛ մարդկանց օգնությամբ, որոնք թույլ կտան յուրաքանչյուր վայրկյան ստուգելու հրադադարի պահպանման ռեժիմը: Յուրաքանչյուր անգամ, երբ կգրանցվի հրադադարի խախտման որևիցե դեպք, դա թույլ կտա ստանալ անկողմնակալ տեղեկատվություն», - ասաց Դեզիրը` Ֆրանսիայի դեսպանատանը լրագրողների հետ ունեցած հանդիպմանը:

Հատկանշական է, որ Ֆրանսիան նման առաջարկությամբ է հանդես գալիս ղարաբաղյան խնդրում Ռուսաստանի ակտիվացման ֆոնին: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Երևան կատարած այցից առաջ և հետո մոսկովյան մամուլը գրեց խաղաղապահների մասին, ինչը բացասական արձագանք ստացավ հատկապես Լեռնային Ղարաբաղում:

Դեզիրը ընդգծեց՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը չունի ռազմական լուծում, միակ լուծումը՝ բանակցություններին վերադառնալն է, և այն, ինչ հայտարարել ու ներկայացրել է Երևանում, կկրկնի Բաքվում. - «Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի մադրիդյան սկզբունքների հիման վրա՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք»:

Ֆրանսիացի դիվանագետի խոսքով, Փարիզը նման առաջարկությամբ է հանդես գալիս նաև հաշվի առնելով «շատ խորը արմատներ ունեցող ֆրանս-հայկական բարեկամությունը»:

«Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն, մյուս համանախագահների հետ ջանք չի խնայելու, որպեսզի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը հստակեցվի», - հայտարարեց Հարլեմ Դեզիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG