Մատչելիության հղումներ

Բախշյան․ ոչ մեկի գործը չէ, թե աշակերտն ինչով կզբաղվի դասերից հետո


Անահիտ Բախշյան, արխիվ
Անահիտ Բախշյան, արխիվ

Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը հակադարձում է՝ աշակերտներին ինչ-որ բան արգելելու վերաբերյալ քաղաքապետի հանձնարարություն չկա:

«Դպրոցների տնօրենների հետ աշխատանք տանել՝ հատկապես քաղաքական ենթատեքստ ունեցող միջոցառումներին անչափահասների մասնակցությունը չթույլատրելու ուղղությամբ»: Ըստ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանի՝ սա Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի բանավոր հանձնարարությունն է, որն արվել է օրեր առաջ, քաղաքապետարանի փակ նիստերից մեկի ժամանակ:

Այսօր Երևանի ավագանու նիստից հետո Անահիտ Բախշյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու անգամ դպրոցների տնօրեններն իրավունք չունեն աշակերտին ասել, թե դասերից հետո ինչպես անցկացնի օրը: Բախշյանն այս համատեքստում բերեց ազատազրկված Շանթ Հարությունյանի որդու՝ Շահենի օրինակը: Ավագանու ընդդիմադիր անդամը քաղաքապետին հիշեցնում է՝ ձեր հայրն էլ՝ Անդրանիկ Մարգարյանը և ձեր կուսակցության հիմնադիրն էլ՝ Աշոտ Նավասարդյանը, անչափահաս տարիքում պայքարել են Խորհրդային կարգերի դեմ: «Նաև Պարույր Հայրիկյանը և բոլոր էն մարդիկ, ովքեր Խորհրդային Հայաստանում Սովետի դեմ արել են քայլեր, նրանք բոլորը եղել են Շահենի տարիքին և ավելի փոքր»,- ասաց Անահիտ Բախշյանը:

«Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի դպրոցական՝ 17-ամյա որդին, ով պարբերաբար մասնակցում է բողոքի տարբեր ակցիաների, ասաց՝ թե ինքը դասերից հետո ինչով կզբաղվի, դա միայն իր և իր ծնողի որոշելիք հարցն է: «Այսօրինակ ենթատեքստային հանձնարարություններով քաղաքապետարանը փորձում է զոմբիացնել երիտասարդներին»,- մտահոգություն հայտնեց Շահեն Հարությունյանը:

Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը Բախշյանի հայտարարությանը պատասխանել է գրավոր, նշելով՝ «ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ նա խորհրդակցության ժամանակ ննջել է»: Իսկ «Ազատության» հետ զրույցում Սողոմոնյանն ասաց՝ ինքն այդպիսի հանձնարարություն չի լսել քաղաքապետից: Հանրակրթության վարչության պետի պնդմամբ՝ քաղաքապետը միայն հանձնարարել է՝ հետևել անչափաահաս դպրոցականների անվտանգությանը, որպեսզի դասերից հետո նրանք անհասկանալի միջավայրում չհայտնվեն:

«Օրենքն է արգելում անչափահասին՝ ընդգրկվել քաղաքական թեմաներով քննարկումներում»,- ասաց Գայանե Սողոմոնյանը: Հարցին՝ իսկ այդպիսի փորձ չէ՞ արդյոք այն, որ նախընտրական քարոզարշավներին հաճախ ուսուցիչների հետ մասնակցում են նաև դպրոցականները, դպրոցների տնօրենների մեծամասնությունն էլ ՀՀԿ-ական են, Սողոմոնյանը պատասխանեց՝ «դա ինձ չի վերաբերում ու չի խանգարում»:

Ի պատասխան Սողոմոնյանի պնդմանը, թե Տարոն Մարգարյանից այդպիսի հանձնարարություն չի ստացել՝ Անահիտ Բախշյանը պահանջեց հրապարակել գործակարգավարական խորհրդակցության տեսագրությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG