Մատչելիության հղումներ

Թալիշցի ընտանիքը հրաշքով է փրկվել հրետակոծությունից


Թալիշցի Սարգսյանների ընտանիքը ապաստան է գտել Վանաձորում
Թալիշցի Սարգսյանների ընտանիքը ապաստան է գտել Վանաձորում

Մարինե Սարգսյանը ապրիլի 2-ին երկրորդ անգամ է ստիպված եղել լքել հայրենի Թալիշ գյուղը: Առաջին անգամ 1992-ին է այնտեղից փախել, բայց մի քանի տարի անց ամուսնացել ու վերադարձել է:

20 տարվա ընթացքում մեծ դժվարությամբ նրանց ստեղծած տունն այսօր ավերակների է վերածվել: 39-ամյա կինն ու նրա երեք երեխաները ապրիլի 2-ին հրաշքով են փրկվել: «Մեկ էլ 2 անգամ ուժեղ գմփաց, ամուսինս ասեց՝ երեխաներին վեր կացրու: Մինչև էդ, լույսերն անջատվեցին, չգիտեմ՝ տանը կպավ, թե որտեղ, փոշի, ծուխ լցվեց տունը, մի կերպ էրեխեքին հագցրել ենք, գնացել հարևանի պադվալ․․․»,- պատմում է թալիշցի կինը:

Նա իր երեխաների հետ ժամանակավորապես ապաստանել է Վանաձորում՝ ամուսնու ծնողների տանը: Իրենց հետ վերցրել են միայն փաստաթղթերը: «Ամեն օր սպասում էինք, որ կարող ա մի բան լինի, մի սումկի մեջ դրած, դռնից կախած ա եղել, որ ինչ-որ մի բան լինի, մենակ գոնե էդ անձնագիրը վերցնենք, դուրս գանք»:

Մարինեի փոքր աղջիկը՝ 9-ամյա Միլենան մինչև հիմա էլ վախեցած է: Անընդմեջ հրետակոծվող ճանապարհներով փախչելիս մտածել է միայն ողջ մնալու մասին: Թալիշ վերադառնալ այլևս չեն ուզում: Միլենայի փոքր եղբայրը՝ 6-ամյա Դավիթն ասում է՝ Թալիշում էլ տուն չունեն, որ վերադառնան:

Մարինեի մեծ որդին ծառայում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակում, ամուսինն էլ պայմանագրային զինծառայող է: Սահմանում տիրող վիճակին ամեն օր են հետևում: Սկեսուրը՝ Ագնեսա Բայունցը 1992 թվականին է ընտանիքով Թալիշից տեղափոխվել Վանաձոր: Այսօր նրա տանը ապաստանել է ոչ միայն որդու ընտանիքը, այլև ամուսնու 83-ամյա քույրը: Տարեց կինը պատմում է, որ զինվորականներն են իրեն օգնել դուրս գալ գյուղից:

Մոտ մեկ ամիս է՝ երկու սենյականոց բնակարանում ապրում են 12 հոգով: Մի կերպ են տեղավորվում, անգամ խոհանոցում հատակին են քնում: «Աստծուն փառք, էրեխեքը սաղ են․․․»: Մարինեն այժմ վարձով բնակարան է փնտրում, մինչ այդ՝ փորձում է աշխատանք գտնել, որպեսզի կարողանա ընտանիքի հոգսը հոգալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG