Մատչելիության հղումներ

Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել


Թուրքիայի խորհրդարանում պատգամավորների անձեռնմխելիության սահմանափակման վերաբերյալ օրենսդրական փոփոխության շուրջ քննարկումները վերածվել են աղմկահարույց ծեծկռտուքի:

Նախօրեին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորների միջև վեճ է առաջացել, երբ ընդդիմադիր պատգամավորները դժգոհել են, թե նիստի դահլիճը փոքր է:

Քրդամետ կուսակցության ներկայացուցիչները պահանջել են նիստը տեղափոխել ավելի մեծ դահլիճ, որպեսզի ներկաները կանգնած չհետևեն սահմանադրական հանձնաժողովի աշխատանքներին: Սակայն հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ավելի մեծ դահլիճ չկա` առաջարկելով դուրս հրավիրել լրատվամիջոցների ներկայացուցիչներին և պատգամավորների խորհրդականներին:

Լրագրողները լքել են դահլիճը, բայց կրքերը ավելի են բորբոքվել, երբ քրդամետ կուսակցության պատգամավորները առարկել են իրենց խորհրդականներին դահլիճից դուրս հրավիրելու որոշման դեմ:

Նիստը ընդմիջվել է, սակայն վեճը չի ավարտվել: Ավելին՝ երկրորդ նիստի ժամանակ պատգամավորների միջև կրկին սկսված աթոռակռիվը վերածվել է ձեռնամարտի:

Թուրքական մամուլում տարածված տեսանյութերում կարելի է նկատել, որ ծեծկռտուքին մասնակցել է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը, ինչպես նաև մի շարք կին պատգամավորներ:

Իշխանամետ և ընդդիմադիր ուժերի միջև տեղի ունեցած քաշքշուկի հետևանքով հինգ պատգամավոր է տուժել, իսկ նիստը հետաձգվել է մինչև երկուշաբթի:

Վերջին ամիսներին Թուրքիայում օրակարգային դարձած պատգամավորների անձեռնմխելիության սահմանափակման վերաբերյալ օրինագիծը լուրջ տարաձայնությունների պատճառ է դարձել: Քրդամետ կուսակցության պատգամավորները պնդում են, որ այս նախագիծը ուղղված է իրենց դեմ:

Նախատեսվում է, որ առաջարկը քվեարկության կդրվի հաջորդ շաբաթ: Օրենսդրական փոփոխությունը կընդունվի անհրաժեշտ 367 կողմ քվեն ստանալու դեպքում: Առնվազն 330 քվե ստանալու պարագայում նախագահ Թայիփ Էրդողանը կարող է հանրաքվեի դնել օրինագիծը, կամ հետ ուղարկել խորհրդարան՝ փոփոխման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG