Մատչելիության հղումներ

Հալեպի հրետակոծությունը շարունակվում է


Մայիսի 2-ին ռմբահարված Հալեպի թաղամասերից մեկը:
Մայիսի 2-ին ռմբահարված Հալեպի թաղամասերից մեկը:

Սիրիայում կրակի դադարեցման շուրջ երեկ Ժնևում տեղի ունեցած բանակցությունները դեռևս արդյունք չեն տվել։

Այսօր էլ Հալեպում փողոց դուրս գալը վտանգավոր է, զոհվում և վիրավորվում են մարդիկ, այդ թվում՝ Հալեպում մնացած հայերը։

«Գանձասար» թերթի թղթակից Զարմիկ Պողիկյանը «Ազատությանը» հայտնեց, որ երեկ երեկոյան դպրոցահասակ հայ երեխա է վիրավորվել: Հիվանդանոց տեղափոխված երեխայի կյանքին, Պողիկյանի փոխանցմամբ, վտանգ չի սպառնում։

Նա նշեց, որ Սիրիայի բոլոր դպրոցներում հիմա քննական շրջան է, ուստի, չնայած տիրող վիճակին, երեխաները ստիպված են հաճախել դպրոց:

Հալեպաբնակ Մայդա Բակկալյանը «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց, որ չորս օր տանից դուրս չէր եկել։ Այսօր առավոտյան կրակոցների ձայները դադարելուն պես տեսակցության էր գնացել տարեց մորը։ Սակայն ռումբերի ահարկու ձայները վերսկսվել են, ստիպված տուն է վերադարձել:

Բանակցությունների հանգուցալուծմանն ու վերջնական հրադադարին սրտատրոփ սպասող հալեպահայերը հույս ունեն, թե գոնե առաջիկա օրերին ինչ-որ արդյունք կտեսնեն։

Դեռևս փետրվարին հրադադար էր հաստատվել, սակայն փորձագետների կողմից փխրուն որակված հրադադարը կարճատև կյանք ունեցավ։ Արդեն ավելի քան մեկ շաբաթ չեն դադարում խաղաղ բնակչության ռմբակոծությունները:

Մայդա Բակկալյանը հույս հայտնեց, որ բանակցությունները կվերսկսվեն, և հավանաբար գալիք շաբաթասկզբին համաձայնության կգան զինադադարի շուրջ:

Նա նաև գտնում է, որ բանակցությունների ընթացքը «խանգարում են՝ նոր օրակարգեր բարձրացնելու համար»: Հալեպահայ կինը խաղաղ բնակչության նման ինտենսիվ հրետակոծության այլ բացատրություն չի տեսնում:

Սիրիայում Հայաստանի նախկին դեսպան Դավիթ Հովհաննիսյանը, մինչդեռ, հույս չունի, թե բանակցությունները կհաջողեն․ - «Ես ոչ մի վայրկյան առանձնապես լուրջ պատրանքներ չեմ ունեցել, որ բանակցությունները կարող են արագ բերել ինչ-որ հաշտեցման, որովհետև դրա համար նախադրյալներ բացարձակապես չկան»:

Հովհաննիսյանի կարծիքով, արդեն 5 տարի ընթացող սիրիական հակամարտությունը երկար է տևելու, «քանի դեռ դրա լուծման շահագրգիռ կողմեր չկան, իսկ ծայրահեղականները, որոնք երկրի մեծ մասն իրենց հսկողության տակ են պահում, բոլորովին պատրաստ չեն բանակցությունների»․ - «Կոնֆլիկտի լուծումը հետևյալումն է՝ պիտի ոչնչացվեն ծայրահեղական ուժերը: Հասկանալի է, որ անհնար է դրանք արմատախիլ անել, ամբողջովին ոչնչացնել, [բայց] գոնե այն տարածքները, որոնք իրենց հսկողության տակ են, պիտի մաքրվեն: Իսկ դրա հետ կապված լուրջ պրոբլեմներ կան, որովհետև այդ ուժերին սատարում են տարբեր խոշոր ուժային կենտրոններ թե՛ տարածաշրջանում և թե՛ տարածաշրջանից դուրս»:

XS
SM
MD
LG