Մատչելիության հղումներ

Պատգամավորն առաջարկում է ստեղծել զինծառայողների սերմնաբջիջների պահպանման բանկ


ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը, արխիվ:
ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը, արխիվ:

Նման օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկած Թևան Պողոսյանը կարծում է, որ դա կարող է նաև բարելավել երկրի ժողովրդագրական պատկերը:

«Ազատության» հետ զրույցում պատգամավորը պնդեց, թե ժողովրդագրական վատ պատկերը վտանգի տակ է դնում երկրի անվտանգությունը՝ հաշվի առնելով, որ երկիրը առաջիկա տարիներին էլ պատերազմական իրավիճակում է լինելու․ - «Որևէ ուրախալի լուր մեր անվտանգության կոմպոնենտի այդ ասպարեզում մենք չունենք: Մեր պատերազմը Ադրբեջանի հետ սերունդներ է գնալու»:

Ըստ Պողոսյանի՝ պարտադիր զինծառայության մեկնող երիտասարդների սերմնաբջիջները պահպանելը կլուծի 18 տարեկան տղաների գենետիկ վերարտադրության խնդիրը:

Ապրիլի սկզբի ռազմական գործողություններից հետո պատգամավորի կատարած ուսումասիրությունները ցույց են տվել, որ զոհված հերոսները հիմնականում ընտանիքների միակ արու զավակներն էին․ - «Եվ այդ խնդիրը, որ ժառանգություն չի լինելու, օջախի ջրագը մարեց և այլ խնդիրները․․․ Ինձ շատ էր հետաքրքրում, թե աշխարհում ինչ իրավիճակներ կան: Եվ դրա համար ուսումնասիրեցի միջազգային փորձը, հանդիպեցի Իսրայելի օրինակը, հանդիպեցի Ամերիկայի օրինակը, գաղափարը եկավ այն, որ փորձենք հասկանալ, որ մենք էլ կարող ենք մեր գենետիկ ֆոնդը կամ հնարավորությունը․․․ բանկը ստեղծենք»:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը թերահավատությամբ է վերաբերվում առաջարկին՝ միաժամանակ տարակուսելով, թե ինչու այդ մասին չէր բարձրաձայնում պատգամավորը արտագաղթի թեմայի շուրջ ծավալվող բանավեճերի, ամլության, ամուսնությունների նվազման թեմայով քննարկումների ժամանակ: Իսկ «հերոսների գեները պետք է շարունակվեն» հուզական դիտարկումը ազգագրագետի մոտ շատ հարցեր է հարուցում: Մասնավորապես, բանակը, Խառատյանի խոսքով, հասարակության արտացոլանք է, որտեղ պարտադիր չէ, որ բոլորը հերոսներ լինեն․ - «Միանշանակ ամփոփում չէ հերոսությունը զինվորի հետ կապելու և հերոսականության ժառանգորդում ապահովելու հնարավորությունը: Հիմա ես, օրինակ, հարց եմ առաջադրում․ ռազմական իրավիճակներում պետք է սելեկցիա՞ արվի, թե այդ սերմնահեղուկը տված տղաներից որը ինչ է ցուցաբերել, և ընտրվի, թե նրանցից որի՞նը օգտագործել»:

Ըստ ազգագրագետի՝ օրինագծում իրավական կարգավորման հարցերն էլ հստակ չեն: Ինչպես պետք է առհասարակ օգտագործվեն այդ սերմնաբջիջներն ապագայում՝ հատկապես, որ դրանք պահելու համար բավական լուրջ գումարներ են անհրաժեշտ:

Իսրայելի օրինակը վկայակոչելով՝ Թևան Պողոսյանը մի քանի տարբերակ է նշում․ - «Տղան զոհվել է, ծնողները կարողացել են իրենց եղած հնարավորությունների մեջ գտնել սուռոգատ մայր և ունենալ թոռնիկ»:

Այս օրերին թեման ակտիվորեն քննարկվում է սոցիալական ցանցերում: Օրինագծին ընդդիմացողների զգալի մասի համար անընդունելի է 18 տարեկան տղայի միակ ու առաջնային առաքելությունը վերարտադրվելու գործունեությունը տեսնելը՝ հաշվի չառնելով նրա հոգեկան վիճակն ու առհասարակ էթիկայի նորմերը:

«Սերմնահեղուկը վերցնել և տղային շանս տալ մտածելու, որ իր հետագա ժառանգորդները կարող են գոյություն ունենալ, սա նշանակում է նրա մեջ արդեն լուրջ ցնցում առաջացնել իր չվերադառնալու նկատմամբ», - ասաց Հրանուշ Խառատյանը։

Պատգամավոր Պողոսյանը պնդում է, թե օրինագիծը գործ չունի զինվորների ճակատագրերի կանխորոշման հետ՝ կոչ անելով մարդկանց չապրել հոլիվուդյան պատկերացումներով, այլ պարզապես մտածել ապագայի մասին:

Քաղաքացիական ակտիվիստ, հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը պնդում է, որ ապագայի մասին պետք է մտածել՝ կառուցելով պրոֆեսիոնալ, տեխնիկապես հագեցած, զինվորականի կյանքը ապահովագրող բանակ, այլ ոչ թե ասել՝ գնացեք զոհվեք, ձեր սերունդները կապրեն ու կբազմանան․ - «Օրինակ, դնեին բանակային ռեֆորմի խնդիրը, սոցիալական արդարության խնդիրը: Մենք տեսանք, թե որքան թալանված է մեր պետությունը, մենք տեսանք, թե որքան անհավասար է բաշխված բանակում ծառայության խնդիրը․ ամբողջովին զոհվածները ամենակարիքավոր շերտի երեխաներն էին: Այդ բոլոր սոցիալական ծանրագույն խնդիրների ֆոնին նմանատիպ ցինիզմի դրսևորումները ուղղակի անտրամաբանական են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG