Մատչելիության հղումներ

Գումար շորթելու կասկածանքով ձերբակալվել է «Անալիտիկ» լրատվական կայքի տնօրենը


Պատգամավորից գումար շորթելու կասկածանքով մայիսի 2-ին ձերբակալվել են «Անալիտիկ» լրատվական կայքի և լրատվական ակումբի տնօրենն ու նրա օգնականը։

Ոստիկանություն դիմած պատգամավորը Տիգրան Ուրիխանյանն է, նրանից գումար շորթելու համար կասկածյալը՝ Անի Հովհաննիսյանը։ Ոստիկանության հաղորդագրության համաձայն, կայքի տնօրենը Ուրիխանյանին սպառնացել է նրա ընտանիքի անդամների ու պատգամավորական գործունեության մասին սուտ տեղեկատվություններ, վարկաբեկիչ նյութեր հրապարակել և դա չանելու համար ամսական 300 հազար դրամ է պահանջել։ Մայիսի 3-ին Երևանի սրճարաններից մեկում, փողը վերցնելու ժամանակ ձերբակալվել է Անի Հովհաննիսյանի օգնականը, ավելի ուշ նաև ինքը՝ Հովհաննիսյանը։

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասում է՝ եթե անգամ այս դեպքը չապացուցվի, երևույթը, միևնույն է, համատարած է. - «Գուցե կարող ենք դա բացատրել այն բանով, որ հնարավոր չէ լրատվամիջոց պահել, որովհետև Հայաստանում շուկան փոքր է: Դա բացատրություն է, բայց արդարացում չէ»:

Ոստիկանություն դիմած պատգամավոր Ուրիխանյանը հրաժարվել է ձերբակալվածի դեմ ցուցմունք տալուց։ Ուրիխանյանի գրասենյակը դեպքի առնչությամբ հայտարարություն էր տարածել. - «Հուսալով, որ նա կարող է երբևէ դարձի գալ ու ապրել բարոյական կյանքով, Ուրիխանյանը չի պատրաստվում ցուցմունքներ տալ նրա դեմ, առավելևս նրա օգնականի դեմ, որն իր հերթին, վստահ ենք` Անի Հովհաննիսյանի «քաշվածն է»:

Ուրիխանյանի գրասենյակի հայտարարության մեջ ակնարկվում է, որ Անի Հովհաննիսյանը հովանավորներ ունի։ Մամուլում շրջանառվում է ԱԺ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանի անունը։ Վերջինս իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այդ մեղադրանքներին` դրանք զրպարտություն որակելով:

«Միայն այն հանգամանքը, որ իմ հասցեին հնչած զրպարտության կոնկրետ հեղինակը թաքնվում է, այսինքն, եթե որևէ մեկն իսկապես լրատվամիջոցին այդպիսի տեղեկություն է հայտնել, ապա թույլ չի տվել հրապարակել իր անունը, արդեն խոսում է այն բացահայտ փաստի մասին, որ գործ ունենք ամենաէժան զրպարտության հետ», - գրել է ԱԺ լրատվության վարչության պետը:

«Լրատվությունը նույնպես բիզնես է և չի կարող ավելի մաքուր լինել, քան ցանկացած այլ բիզնես Հայաստանում», - ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, ով, սակայն, չի ուզում, որ նման երևույթները ստվեր գցեն լրագրողի մասնագիտության վրա, և առաջին հերթին լրագրողական հանրությանն է կոչ անում պայքարել անբարեխիղճ գործընկերների դեմ` նրանց նկատմամբ անհանդուրժողականություն դրսևորելով:

Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ լրագրողների ոչ մասնագիտական այսպիսի դրսևորումները սկսվել են դեռ 90-ականների կեսերին, երբ լրատվամիջոցները ստեղծվում էին քաղաքական ուժերին սպասարկելու համար։

«Արդյո՞ք այս դեպքով մտածողության ձև է փոխվելու մեր շատ լրատվամիջոցների ղեկավարների մոտ` չեմ կարծում: Գուցե զգուշանան, որ հանկարծ չբռնվեն` և ոչ ավելի», - ասում է նա:

Եթե երևույթն այդքան տարածված է, ո՞րն է պատճառը, որ տուժողներից ոչ մեկը մինչև հիմա չէր դիմել ոստիկանություն։ Ավետիք Իշխանյանը դրա բացատրությունն ակնհայտ է համարում. - «Երբ որ իսկապես այդ հնարավոր կոմպրոմատի մեջ կա ճշմարտություն, նա ինչպե՞ս դիմի ոստիկանություն»:

«Անալիտիկ.ամ» կայքը շարունակում է գործել։ Աշխատակիցները նկարահանվել չցանկացան, բայց ասացին՝ հուսով են, որ իրենց տնօրենն անմեղ է։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն անբարեխիղճ լրագրության դեպքերի բացահայտումն ու դատապարտումն առավել կարևորում է 2017-ի պառլամենտական ընտրություններին ընդառաջ. - «Մենք ակնկալում ենք, որ նույն քաղաքական գործիչները, որոնք պատրաստ են վճարել, լրացուցիչ կայքեր են բացելու, մենք ակնկալում ենք, որ այդ քաղաքական գործիչները ստվերային կերպով ֆինանսավորելու են որոշ գործող լրատվամիջոցների»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG