Մատչելիության հղումներ

Մարի Յովանովիչը՝ Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի հավանական թեկնածու


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորում է Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչին ԱՄՆ-ի Անկախության օրվա կապակցությամբ, Երևան, հուլիս, 2009թ․
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորում է Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչին ԱՄՆ-ի Անկախության օրվա կապակցությամբ, Երևան, հուլիս, 2009թ․

Ուկրաինայում Միացյալ Նահանգների գործող դեսպանը, ըստ ամենայնի, Կիևից կուղևորվի Աթենք:

Չի բացառվում, որ արդեն մի քանի ամսից Հայաստանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Մարի Յովանովիչը նոր պատասխանատու պաշտոն ստանձնի` նշանակվելով Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպան: Ուկրաինական լրատվամիջոցների պնդմամբ՝ դեսպանի պաշտոնում Յովանովիչի հնարավոր առաջադրման մասին արդեն իսկ տեղեկացվել են Ուկրաինայի դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչները:

Կիևում լույս տեսնող "День" օրաթերթը, վկայակոչելով Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությանը մոտ կանգնած աղբյուրները, շաբաթ օրը գրում էր. - «Յովանովիչին Կիև ուղարկելու որոշման գլխավոր շարժառիթներից մեկը թերևս այն է, որ նա արդեն իսկ քաջածանոթ է Ուկրաինայում ստեղծված կացությանը»: "День"-ը հիշեցնում է, որ ամերիկացի դիվանագետը 2001-2004 թվականներին զբաղեցրել է Ուկրաինայում ԱՄՆ-ի փոխդեսպանի պաշտոնը:

«Յովանովիչը գերազանց տիրապետում է ռուսերենին, ծանոթ է Ուկրաինայի ներսում կարևոր դերակատարություն ունեցող գործիչների մեծ մասի հետ: Այդպիսով, Յովանովիչից շատ ժամանակ չի պահանջվի երկրում տիրող կացությունը գնահատելու և հասկանալու համար», - գրում է "День"-ը:

Կիևում լույս տեսնող ևս մեկ պարբերական` անգլալեզու Kyiv Post-ը նույնպես գրում է Յովանովիչի հնարավոր նշանակման մասին, նշելով, սակայն, որ առայժմ չի հաջողվել այդ լուրի պաշտոնական հաստատումը ստանալ: Ի դեպ, Kyiv Post-ը ամերիկյան նոր դեսպանի թեկնածուի մասին պատմող իր հոդվածում զետեղել է Մարի Յովանովիչի և Սերժ Սարգսյանի ` 2008-ին Երևանում արված համատեղ լուսանկարը:

Հիշեցնենք, որ Մարի Յովանովիչը որպես Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան պաշտոնավարել է 2008-ի օգոստոսից մինչև 2011 թվականի հունիս: Նրա պաշտոնավարումը համընկավ հայ-թուրքական հաշտեցման գործընթացի ծավալմանը և ցյուրիխյան արձանագրությունների ստորագրմանը: Երևանում պաշտոնավարելուց հետո Յովանովիչը վերադարձավ Պետդեպարտամենտի կենտրոնական ապարատ` 2012-ի սեպտեմբերից աշխատելով այս գերատեսչության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով գրասենյակում` որպես փոխպետքարտուղարի առաջին տեղակալ:

Ինչ վերաբերում է Ուկրաինայում Միացյալ Նահանգների գործող դեսպանին` Ջեֆրի Պայետին, որն այս պաշտոնը զբաղեցրեց երկրի համար ամենադժվարին` Եվրամայդանի, Ղրիմի բռնակցման և Դոնբասի պատերազմի շրջանում, ապա նա, ըստ ամենայնի, Կիևից կուղևորվի Աթենք:

«Ճգնաժամում գտնվող եվրոպական մի պետությունից Պայետին կուղարկեն մեկ այլ եվրոպական ճգնաժամային գոտի` Հունաստան», - գրում է Kyiv Post-ը:

Այն, որ Պայետը կարող է զբաղեցնել Հունաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնը, գրում են նաև առաջատար հունական պարբերականները, մասնավորաբար՝ Աթենքում լույս տեսնող «Կաթիմերինի» օրաթերթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG