Մատչելիության հղումներ

Հրապարակվել են «պանամյան փաստաթղթերում» ընդգրկված հայաստանցիների նոր անուններ


Գիտնականներ, իրավաբաններ ու անգամ հանցագործ աշխարհի ներկայացուցիչների հետ կապ ունեցող հայեր կան, որոնց անուններով ընկերություններ են գրանցվել Բահամյան և Բրիտանական Վիրջինյան կղզիներում, Պանամայում կամ այլ օֆշորային գոտիներում։

Տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի խոսքով, մեծ եկամուտներ ունեցող անձինք, ֆինանսները օֆշոր տեղափոխելով, երկու նպատակ ունեն՝ թաքցնել իրենց ինքնությունը կամ խուսափել հարկերից․ - «Եթե անձի թաքցնելը նշանակություն մեզ համար շատ չունի, ապա եկամուտները թաքցնելը ուղղակիորեն կապված է մեր պետական բյուջեի համալրման հետ: Այսինքն այն գումարները, որոնք կորչում են օֆշորներում, դրանք պիտի հավաքագրվեին մեր պետական բյուջե»:

Օֆշորում գրանցված ընկերություններից մեկը «Նաիրի Սոֆտ»-ն է։ Ընկերության պաշտոնական կայքում որպես գրանցման հասցե նշված է՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներ։ Հայաստանում ավելի քան 10 տարի գործող, ծրագրավորման ոլորտում հայտնի «Նաիրի Սոֆտ»-ը նշված է որպես Վիրջինյան կղզիներում գրանցված նույնանուն ընկերության հայաստանյան մասնաճյուղ։ Սակայն մասնաճյուղի գործադիր տնօրեն Վարդան Քոչարյանը պնդեց, թե դեռ 2000 թվականին իրեն ու ՏՏ ոլորտում հմտացած իր գործընկերներին Լոնդոնում գործող մի ընկերություն հրավիրել է ընդամենը համագործակցության․ - «Մինչև 2001 թվականը ես չգիտեի, թե օֆշոր բառը ինչ է նշանակում: Այսինքն, մենք ինքնաբերաբար հայտնվել ենք դրա մեջ ու հիմա տհաճ իրավիճակի մեջ ենք գտնվում»:

Ըստ Քոչարյանի, իրենք որևէ փաստաթուղթ չեն ստորագրել, պարզապես անգլիացի գործընկերոջից հայտարարություն են լսել, որ հայ մասնագետներն այդ կազմակերպության բաժնետերեր են․ - «Նույն հայտարարության մեջ ասվել է, որ դուք ոչ մի պարտավորություններ չեք ունենա, այնպես որ, դա պարգևատրման նման ինչ-որ մի բան է, որը ցույց է տալիս մեր կապը, թե ինչքանով ենք մենք ձեզ վստահում․․․ Մենք վստահ էինք, որ դա մեզ համար ոչ մի խնդիրներ չի առաջացնի»:

Ընկերության շահույթը միայն հայաստանյան մասնաճյուղից է ստացվում, սակայն, Քոչարյանը պնդում է, որ իրենք շահույթի հետ կապ չունեն, իրենք միայն Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերությունից աշխատավարձ են ստանում և վճարում դրանից գոյացող եկամտահարկ ու սոցվճարներ՝ տարեկան 20-40 միլիոն դրամի չափով։

Գործադիր տնօրենը պնդում է, թե իրենք որևէ տեղեկություն չունեն շահութահարկի մասին, որը միլիոնների կարող է հասնել․ - «Մայր կազմակերպության հետ կապ չունենք։ Իրենք միայն վճարում են մեր աշխատավարձերը»:

«Նաիրի Սոֆտ»-ի հայաստանյան մասնաճյուղի խորհրդի նախագահ, ակադեմիկոս Հարություն Թերզյանը, ում անունը ևս կա օֆշորային փաստաթղթերում, հերքեց իր առնչությունը այս պատմություններին։ Բայց ասաց, որ դա, ամենայն հավանականությամբ, Լոնդոնում ապրող իր որդու՝ Արտաշեսի հետ է կապված։ Հետո կցկտուր բացատրեց, որ որդին Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերություն ունի, բայց ինքը տեղյակ չէ, թե ինչով է զբաղվում:

«Պանամյան փաստաթղթերում» «Հետք» էլեկտրոնային պարբերականը վերջերս բացահայտել էր Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի անունը, ինչից հետո վերջինս հրաժարական տվեց ու հեռացավ 8 տարի զբաղեցրած պաշտոնից։

«Հետք»-ի հարցմանն ի պատասխան, Հայաստանի Կենտրոնական բանկը տվյալներ էր տրամադրել, ըստ որոնց, Հայաստանից վերջին 5 տարվա ընթացքում մոտ 2 միլիոն դոլար է փոխանցվել միայն դեպի Պանամա։ 7 անգամ պակաս՝ մոտ 250 հազար դոլար փոխանցվել է հակառակ ուղղությամբ՝ Պանամայից դեպի Հայաստան։

Հայկ Գևորգյանը համոզված է, որ սա իրական գումարների չնչին մասն է միայն․ - «Ամբողջ գումարը, որ կորչում է օֆշորներում, կատարվում է այլ սխեմաներով ապրանքների մատակարարման շղթայում գտնվող այդ օֆշորային կազմակերպությունների մեջ, որոնք իրենց վրա վերցնում-կուտակում են այդ ամբողջ շահույթը այդ ապրանքի կամ ծառայության մատակարարման ու կորչում են: Շահութահարկ օֆշորում չի վճարվում: Ըստ որոշ վերլուծությունների, մի քանի տարվա մեջ Հայաստանից տասը միլիարդ դոլար փող էր կորչել: Դրա մեծագույն մասը հենց տարվել էր այդ պարզունակ սխեմաների միջոցով»:

XS
SM
MD
LG