Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները կուտակային վճարումների հետաձգումը կապում են ընտրությունների հետ


Արխիվ -- Բողոքի ցույցեր պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ, Երևան, 8-ը մայիսի, 2014թ․
Արխիվ -- Բողոքի ցույցեր պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ, Երևան, 8-ը մայիսի, 2014թ․

Ընդդիմադիր պատգամավորների համոզմամբ, Կառավարությունը փորձում է ընտրական տարում խուսափել բողոքի ակցիաներից, ուստի մասնավոր հատվածի աշխատողներին 2017-ի փոխարեն 2018-ի հուլիսի մեկից կստիպի միանալ կուտակային կենսաթոշակային համակարգին:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ընդդիմադիր պատգամավորներին չհամոզեց, թե բացառապես հարկային նոր օրենսգրքով է պայմանավորված պարտադիր սոցիալական վճարների մեկ տարով հետաձգումը: Արտեմ Ասատրյանի բացատրությունը, թե հարկային նոր օրենսգրքին են սպասում, առաջացրեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի տարակուսանքը․ - «Հարկային օրենսգիրքը ի՞նչ կապ ունի: Կամ երբ օրենքը ընդունում էինք՝ կուտակային կենսաթոշակայինի, ինչո՞ւ այն ժամանակ շտապ ընդունեցինք, սկսեցինք մարդկանցից փողերը հավաքել՝ պետական սեկտորի մասին է խոսքը գնում: Եթե դա է, ուրեմն դուրս է գալիս այստեղ խտրական բան կա նաև պետական հիմնարկներում աշխատող մարդկանց ու մասնավոր սեկտորում աշխատող մարդկանց միջև»:

Խտրական վերաբերմունքի թեման շարունակեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը․ - «Ինչո՞ւ պիտի մասնավորը, որը հնարավոր է և միանշանակ է, որ կրկին բողոքի ալիք պիտի բարձրացներ, ստանա արտոնություն, իսկ պետականը, որտեղ վստահաբար բոլորն էլ դժգոհ են համակարգից, բայց աշխատանք կորցնելու գնով մարդկանց պարտադրվել է այս համակարգը, շարունակվի նրանց համար գործել այս անընդունելի համակարգը»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը պատասխանեց․ - «Համակարգը պետական, հանրային ծառայողների մասով պարտադիր համարելը որևէ կերպ չի հակասում Սահմանադրությանը, ավելին՝ ինքը դիտարկվում է լրացուցիչ սոցիալական երաշխիքների ներքո»:

Աշխատավարձից ամեն ամիս 5 տոկոս պահող պարտադիր կուտակային բաղադրիչին միացել է ավելի քան 143 հազար աշխատող, որոնց գրեթե կեսը՝ մոտ 65 հազարը, հենց պետական հատվածից են: Պարտադիր կուտակային վճարումներից հավաքվել է 36 միլիարդ դրամից ավելի գումար, ներառյալ՝ պետական մասնակցությունը՝ բյուջեից համաֆինանսավորումը:

Պատգամավոր Միքայել Մելքումյանն այս բարեփոխումը ձախողված որակեց: - «Ի՞նչ է նշանակում, որ ընդամենը 36 միլիարդ դրամ ենք ներգրավել, որի կեսը պետական բյուջեն է դրել», - դժգոհեց Մելքումյանը:

«Մենք ոչ թե պետք է անդրադառնանք, թե ինչ ընթացք ունեցավ, այլ թե մենք ինչ ենք ունենալու առաջիկայում ու ապագայում», - հակադարձեց Արտեմ Ասատրյանը:

Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը համոզված է՝ հարկային օրենսդրությունը վկայակոչելն ընդամենը քողածածկույթ է․ - «Իրականում բոլորս էլ հասկանում ենք, որ դուք էլ եք գիտակցում Հայաստանում ստեղծված ծանր սոցիալական վիճակում նման պարտադիր վճարների կիրառման անհնարինությունը: Դուք էլ եք հասկանում, թե դժգոհության ինչ մեծ ալիք դա կառաջացնի, և այս քայլով խոստովանում եք, որ այն մարսել չի լինի»:

Ամենայն հավանականությամբ, արտահերթ այս նիստում օրենսդրական փոփոխությունը կդրվի քվեարկության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG