Մատչելիության հղումներ

Հայաստանցի ակտիվիստները ՄԱԿ-ից պահանջում են պաշտպանել Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորին


Այսօր Երևանում տասնյակ ակտիվիստներ հայերեն, անգլերեն և թուրքերեն «Ես Գարոն եմ» պաստառներով երթով քայլեցին դեպի Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ՝ ի պաշտպանություն Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանի:

Նախաձեռնության կազմակերպիչներից Հայկանուշ Ալոյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ այս քայլով նպատակ ունեն ՄԱԿ-ի ուշադրությունը հրավիրել Գարո Փայլանի հասցեին հնչեցվող սպառնալիքներին և կոչ անել ՄԱԿ-ին հավատարիմ մնալ իր առաքելությանը․ - «Գարոյի ելույթից հետո իր դեմ հարձակումներին ականատես լինելով, նաև թուրքական սոցցանցերում հնչող այն բազմաթիվ կոչերին, որ Գարոյին պետք է, իրենց բառերով եմ ասում՝ սատկացնել Հրանտ Դինքի նման, ու միաժամանակ Թուրքիայի իշխանությունների անգործունակությունը տեսնելով, որոշեցինք ոչ միայն հասարակության աջակցությունը ցույց տալ Գարոյին, այլև դիմել ՄԱԿ-ին ու պահանջել, որ տեր կանգնի իր առաքելությանը, գոնե դատապարտի Թուրքիայում տիրող այս, մեղմ ասած, ոչ-դեմոկրատական վիճակը, կոչ անի Թուրքիայի իշխանություններին պատժել այն բոլոր մարդկանց, որոնք Գարոյի սպանության կոչեր են արել»:

Անցած շաբաթ Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավորը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորների կողմից հարձակման էր ենթարկվել խորհրդարանում ծագած հերթական ծեծկռտուքի ժամանակ։ Միջադեպից հետո Փայլանը հայտարարել էր, որ նման վերաբերմունքի է արժանացել հատկապես հայ լինելու համար, քանի որ իրեն հասցեագրված վիրավորանքները ազգային ինքնությանն են վերաբերել։

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության քարտուղար Անահիտ Բախշյանը, ով նույնպես մասնակցում էր ակցիային, բարձր գնահատեց Գարո Փայլանի գործունեությունը և կարևորեց, որ հայ հասարակությունը կանգնում է իր հայրենակցի կողքին․ - «Գարոն մեզ համար հերոս է և նույնքան հերոս, որքան սահմանը պահող մեր 19-20 տարեկան զինվորները»:

Երթի մասնակիցները ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին հասցեագրված նամակը փոխանցեցին կազմակերպության հասարակայնության հետ կապերի վարչություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG