Մատչելիության հղումներ

Ադրբեջանի պաշտպանության նախարարն ասել է, թե հակամարտությունը «պետք է լուծել խաղաղ ճանապարհով»


Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը շփման գծում, արխիվ
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը շփման գծում, արխիվ

Սակայն, ըստ Զաքիր Հասանովի, այդ լուծումը պետք է լինի «Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա»:

Նման հայտարարություն, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, երկրի ռազմական գերատեսչության ղեկավարն արել է թուրք և վրացի իր գործընկերների մասնակցությամբ Գաբալայում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը հաջորդած ասուլիսին:

«Թուրքիայի և Վրաստանի իմ գործընկերների հետ հանդիպումներում նշվել է, որ Ղարաբաղի հակամարտությունը հարկավոր է լուծել խաղաղ ճանապարհով՝ միջազգային նորմերի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա», - ասել է Հասանովը՝ շնորհակալություն հայտնելով թուրք և վրաց ժողովուրդներին «Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում Ադրբեջանի արդարացի դիրքորոշմանն աջակցելու համար»:

«Ղարաբաղում խաղաղության հասնելու ճանապարհը հայտնի է` հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման շրջանակներում», - իր հերթին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը՝ շեշտելով, որ Թուրքիան չի աջակցի Ղարաբաղի հակամարտության լուծման որևէ տարբերակի, որը չի բավարարի այդ պայմաններին:

Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին, միանալով գործընկերներին, ավելացրել է․ - «Մենք հանդես ենք գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, տարածաշրջանում խաղաղության, կայունության և երկարաժամկետ զարգացման օգտին»:

Վիեննայում Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններից մեկ օր առաջ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու մասին հայտարարող Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները որոշել են համատեղ զորավարժություններ անցկացնել: Ինչպես նկատում է «Ռոյթերզ» գործակալությունը, որոշումը, ըստ ամենայնի, «միտված է հարևան Հայաստանի հետ լարվածությունը մեծացնելուն»:

Երեք երկրների պաշպանության նախարարներն այս ձևաչափով հանդիպում են տարին երկու անգամ. Հասանով - Յըլմազ - Խիդաշելի թվով չորրորդ այս հանդիպմանը Հասանովը հայտարարել է, որ նախատեսվում է երեք երկրների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրում:

Վրաստանի պաշտպանության նախարարի խոսքերով, փաստաթուղթը, ամենայն հավանականությամբ, կստորագրվի ամռանը Բաթումիում: Խիդաշելու փոխանցմամբ, եռակողմ նախարարական այս ձևաչափով գործունեությունը կստանա «պաշտոնական և կառուցողական տեսք»:

Վրաստանի պաշտպանության նախարարը անդրադարձել է նաև Հայաստանի հետ հարաբերություններին՝ ասելով․ - «Հայաստանի հետ մեր հարաբերությունները բարեկամական են, բայց ոչ ռազմավարական»: Նա պարզաբանել է, թե պաշտոնական Երևանի կատարած ընտրությունն է հստակեցնում Թբիլիսիի համագործակցության մակարդակը:

Խիդաշելին նաև վերահաստատել է, որ Վրաստանի նպատակը եվրատլանտյան ինտեգրումն է. - «Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ինչի համար էլ այդ հանգամանքը հստակեցնում է թուրք-վրացական ռազմավարական համագործակցությունը, իսկ Հայաստանի հարցում այդ հանգամանքը չկա»:

Թեև պաշտոնական Բաքուն Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու մղումներ չունի՝ Խիդաշելին Գաբալայում նաև շեշտել է, որ, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը Վրաստանի համար ռազմավարական գործընկեր է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG