Մատչելիության հղումներ

Եվրամիությունը զգուշացնում է Թուրքիային


Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկ, արխիվ
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկ, արխիվ

Եվրամիության ղեկավարությունը զգուշացնում է պաշտոնական Անկարային` նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու դեպքում Թուրքիայի հետ ազատ վիզային ռեժիմ սահմանելու մասին համաձայնագիրը կմնա թղթի վրա: Այս մասին երեկ երեկոյան թափանցիկ կերպով ակնարկեց Եվրամիության ղեկավար մարմնի` Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Twitter-ի իր էջում հետևյալ բովանդակությամբ կարճ գրառումը թողնելով. - «Եվրամիությունը պատրաստ է հավատարիմ մնալ Թուրքիայի հետ կնքված համաձայնագրի դրույթներին այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան խաղում է ըստ սահմանված կանոնների, այլ ոչ թե այդ կանոնների հետ»:

Եվրոպական միության խորհրդի ղեկավարի այս կտրուկ ուղերձը հնչեց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի` Եվրամիության հետ հարաբերությունների մասին կոշտ հայտարարություններից մի քանի ժամ անց: Վիեննայում, Եվրոպայում աշխատող թուրք գործարարների հետ հանդիպման ժամանակ, Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել էր․ - «Մի իրավիճակում, երբ մեր երկիրը պայքարում է Քրդական բանվորական կուսակցության և «Իսլամական պետություն» խմբավորման դեմ, հակաահաբեկչական օրենսդրությունը փոփոխության ենթարկելու պահանջները հավասարազոր են ահաբեկչությանն աջակցելուն»:

Հիշեցնենք, որ խոսքը Թուրքիայում գործող այսպես կոչված «թիվ 3713 օրենքի» մասին է, որը հնարավորություն է տալիս ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում քրեական պատասխանատվության ենթարկել մարդկանց բավական լայն շրջանակի` այդ թվում նրանց մեղադրելով լրատվամիջոցներում ահաբեկչության քարոզչություն ծավալելու մեջ: Եվրամիությունը որպես ազատ վիզային ռեժիմ սահմանելու գլխավոր նախապայման առաջ է քաշում հենց այս վիճահարույց օրենքի վերանայումը` նշելով, որ թուրքական իշխանությունները դրանում տեղ գտած դրույթները երբեմն շատ կամայականորեն են կիրառում:

Եվրամիությունից հնչող այս զգուշացումների ֆոնին էլ բրիտանական մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որոնց համաձայն՝ Բրյուսելում ընդհանրապես կարող են հրաժարվել Թուրքիայի հետ ազատ վիզային ռեժիմ սահմանելու գաղափարից: Լոնդոնում լույս տեսնող Daily Telegraph-ի պնդմամբ՝ Եվրոպական հանձնաժողովն այս առթիվ հատուկ զեկույց է պատրաստել, որի հեղինակները մտավախություն են հայտնում, թե ահաբեկչական կազմակերպությունների անդամները կարող են առանց լուրջ խնդիրների թուրքական կենսաչափական անձնագրեր ստանալ և մուտք գործել Շենգենի գոտի: Այս տեսակետին են հակված նաև բրիտանական հատուկ ծառայությունների նախկին ղեկավարներից ոմանք: Բրիտանական արտաքին հետախուզության` այսպես կոչված MI-6-ի նախկին տնօրեն Ռիչարդ Դիրլավը, օրինակ, նշել է․ - «Աշխարհքաղաքական ներկա պայմաններում Թուրքիայի 75 միլիոն քաղաքացիներին Եվրամիություն ազատ մուտքի հնարավորություն տրամադրելը հավասարազոր է բենզինը խարույկի կողքին պահ տալուն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG