Մատչելիության հղումներ

Մթերված խաղողի գումարը չստացած քաղցրաշենցիները բողոքի ծայրահեղ միջոցի են դիմում


Քաղցրաշենցիներն այսօր երեխաներին թույլ չտվեցին դպրոց գնալ։ Բակում հավաքված գյուղացիները հենց մուտքի մոտից երեխաներին ու ծնողներին տուն էին ուղարկում։ Բողոքի այս ակցիայով նրանք պահանջում են շուրջ ութ ամիս առաջ մթերված խաղողի գումարը։

«Մտածված գնացել ենք դրան: Ուժներս ղեկավարների վրա չի պատում, մարզպետի վրա չի պատում, ստիպված մեր էրեխեքի վրա է պատում, սենց անենք», - ասում էր ցուցարարներից մեկը:

Դպրոցի մոտ հավաքված մայրերի խոսքով ոչ միայն իրենք են խանութներից պարտքով ապրանք վերցնում, այլև երեխաները՝ բուֆետից։

Դպրոց եկած ուսուցիչներից շատերն էլ նշում էին, որ միանում են բողոքին։ Տարրական դասարանների ուսուցչուհու խոսքով, ուսանող թոռնիկը դուրս է մնացել համալսարանից վարձը չվճարելու պատճառով։

Գյուղի եկամտի հիմնական աղբյուրը խաղողի այգիներն են։ Քաղցրաշենում գործող գործարանը վարձակալությամբ վերցրել է «Վինար» ընկերությունը։ Գյուղացիների խոսքով՝ խաղողի մթերման ու գումարի հետ կապված խնդիրներից հետո շատերն այգիներն այս տարի քանդել են, մյուսներն էլ դրանք մշակելու համար գումար չունեն։

Հավաքված գյուղացիները Արարատի փոխմարզպետին բացականչություններով դիմավորեցին։

«Կառավարության մոտ երեկ մեզ արհամարեցին, մենք էլ ձեզ կարհամարհենք», - ասում էին գյուղացիները:

Փոխմարզպետը քաղցրաշենցիներին հավաստիացրեց՝ գումարը կվճարվի ուրբաթ օրը, սակայն գյուղացիները նշեցին, որ նման խոստումներ շատ են լսել, ու խնդրեցին հեռանալ։

Խաղողագործների խոսքով, եթե խնդիրն արագ չլուծվի, իրենք երեխաներին չեն թողնելու ավարտական քննություններին էլ մասնակցել։

Ավելի վաղ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խաղողագործներին խոստացել էր, որ պարտքն ամբողջությամբ կմարվի մինչև մայիսի 10-ը։ Երեկ այս խնդրով գյուղացիները կրկին Կառավարության շենքի մոտ էին եկել, սակայն որևէ պատասխան այդպես էլ չէին ստացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG