Մատչելիության հղումներ

Վարչապետ․ Հեղուկ վառելիքի ներկրման մենաշնորհ Հայաստանում չկա


Հեղուկ վառելիքի ներկրման մենաշնորհ Հայաստանում չկա, խորհրդարանի ամբիոնից այսօր մի քանի անգամ կրկնեց Հովիկ Աբրահամյանը:

Կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարի մասին վարչապետի հայտնի ելույթը այսօր կառավարության հետ հարցուպատասխանի գլխավոր թեման էր: Վառելիքի օրինակը Խաչատուր Քոքոբելյանը բերեց․ - «Մեր հարևան Վրաստանում բենզինի գինը և դիզվառելիքի գինը մոտ քառասուն տոկոս ցածր է, քան Հայաստանում: Չե՞ք կարծում, որ սա հենց հստակ մենաշնորհի հետ է կապված»:

Հովիկ Աբրահամյանն ասաց՝ օրենքով որևէ մեկին մենաշնորհ չեն տվել, թող մրցակցային հանձնաժողովը զբաղվի․ - «Այդ հարցը քննարկել եմ հանրապետության նախագահի հետ երեկ: Մենք հետևողական ենք լինելու և ամեն ինչ արել ենք, որ նաև շուկայում գների նվազման երևույթ սկսվի, հետևելու ենք հեղուկ վառելիքի հետ կապված, և ընդհանրապես բոլոր տեսակի, որ ասում են շաքարավազը մենաշնորհ է, այլ տարբեր սննդի տեսակներ են ասում: Եվս մեկ անգամ հայտարարում եմ՝ լինելու են հավասար պայմաններ, հավասար հարկային դաշտ, յուրաքանչյուր քաղաքացի կարող է ներկրել ինչ ցանկանա: Որևէ արհեստական խոչընդոտ չի լինելու»:

«Սա պատմական օր է, եթե այդպես է», - արձագանքեց Քոքոբելյանը:

Վարչապետը հակադարձեց՝ ինքն իր նախաձեռնությանը հավատում է, կհաղթահարի նաև այլոց թերահավատությունը:

Հայ ազգային կոնգրեսից Արամ Մանուկյանն ավելի հեռուն գնաց․ - «Լրացուցիչ ի՞նչ է ձեզ պետք, որ դուք ուզում եք իմանալ կամ ուզում եք ստանալ, որ կոռուպցիայի դեմ պայքարում հաջողություններ ունենաք: Եթե Հայաստանում տասը հարուստ մարդ կա, որը հարստացել է իշխանության ժամանակ և պաշտոն վարելու ժամանակ, առնվազն հինգը այստեղ է: Կամ ձեր շենքում է, կամ էս շենքում է»:

Հովիկ Աբրահամյանին հարցն, ամենայն հավանականությամբ, դուր չեկավ․ - «Դուք պատրաստ չեք քննարկման առանց խոսափողների, առանց տեսախցիկների, դա է վատը: Որ ես հայտարարել էի, որ ինձ մոտ հանդիպում լինի առանց տեսախցիկների, դրա համար դուք երևի բացակայեցիք: Ես կոնկրետ ձեզ առաջարկում եմ՝ եկեք միասին գործ անենք»:

Արամ Մանուկյանի կուսակից Լևոն Զուրաբյանը բացատրեց՝ ինչու Հայ ազգային կոնգրեսը մերժեց վարչապետի հրավերը՝ մասնակցելու հակակոռուպցիոն ծրագրերի քննարկումներին: Ասաց՝ իրենք ժամանակին խորհրդարան բերել էին հակամենաշնորհային փաթեթ, որտեղ առաջարկվում էր 33 տոկոսով սահմանափակել ցանկացած ընկերության մասնաբաժինը որևէ շուկայում:

«Այսինքն՝ շատ կոնկրետ, գործնական լուծումներ, որը այն ժամանակ մերժվեց իշխող կոալիցիայի կողմից», - հիշեցրեց Զուրաբյանը:

Նախորդ շաբաթ մենաշնորհների դեմ պայքար ազդարարած Հովիկ Աբրահամյանը հարցուպատասխանի ժամանակ պնդեց՝ պատգամավորները, այդ թվում և Կոնգրեսի, պիտի մասնակցեն քննարկումներին, որ արդյունք լինի․- «Հիմա դուք պատճառներ եք փորձում փնտրել: Ինչո՞ւ չեք անում: Դուք բոլորդ գիտեք, չէ, որ կախարդական փայտիկով չի, որ խփենք ու անենք: Պարոն Զուրաբյանը ժամանակին կարում էր աներ, չէ՞, որ հիմա տեղից խոսում է: Թող աներ, էլի, ինչո՞ւ չի արել: Հիմա խնդիրները ինչո՞ւմն են: Առաջարկածը սա է մեր՝ գործնական հավաքվենք, բոլորս միանանք, այդ գործընթացին տանք լուծում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG