Մատչելիության հղումներ

Հայաստանի և ԼՂ-ի միջև ռազմական փոխօգնության պայմանագիրը «պատրաստ է»


Սակայն, փաստաթղթի կնքման ժամկետների հարցում դեռ հստակություն չկա: ՀՀԿ-ի փոխնախագահի խոսքով, «դա կլինի պատեհ պահին»:

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ռազմական փոխօգնության պայմանագիրն արդեն պատրաստ է: «Ազատության» հարցին ի պատասխան, այսօր այս մասին Ստեփանակերտում հայտարարեց դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանը:

Նրա բնորոշմամբ, այդ պայմանագիրն, ըստ էության, Ղարաբաղի անկախության ճանաչման «կես քայլ է»: «Դա եթե ԼՂՀ-ի լիարժեք ճանաչում չի, ապա ճանաչման կես քայլն է: Եվ այն պրոբլեմները, որոնք առաջանում են ճանաչելու պարագայում, գոնե կիսով չափ վերաբերելու են նաև այս համաձայնագրին, սա է խնդիրը»,- ասաց Վարդանյանը:

Ըստ նրա, թեև ՀՅԴ-ն կողմ է պայմանագրին, բայց վստահ չեն, որ այն առաջիկայում կկնքվի, քանի որ այս հարցում խնդիրներ կան: «Խնդրի երկրորդ կողմը կա՝ արդյո՞ք այսօր բոլոր պայմանները բավարարում են, որպեսզի մենք այդ քայլը կատարենք: Դաշնակցության համոզմամբ, բավարարում են, դրա ժամանակն է և չի կարելի ուշացնել: Բայց կան նաև արտաքին գործոններ, կան նաև միջազգային դերակատարներ, խաղացողներ, և այստեղ պիտի բոլոր մանրամասները հաշվի առնել»,- շարունակեց դաշնակցական պատգամավորը:

Իշխող ՀՀԿ-ի փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ ասաց, որ պայմանագրի մշակումը ավարտական փուլում է: Ինչ վերաբերում է դրա կնքմանը, ապա այստեղ դեռ հստակություն չկա, Աշոտյանի խոսքով, դա կլինի պատեհ պահին: «Ես տեղյակ չեմ կոնկրետ ժամկետի մասին, բայց ես գիտեմ, որ այդ աշխատանքները մոտենում են ավարտին, և այդ լրջագույն քաղաքական իրավական նոր շրջանագիծը, որը միավորելու է Հայաստանի և Ղարաբաղի ռազմաքաղաքական տարածքները, նախագծման փուլից կարծես թե արդեն դուրս է գալիս: Մնացածը կախված է քաղաքական իրավիճակից, սա էլ հստակ պետք է ասվի, որովհետև այդ փաստաթուղթը ստորագրելու որոշումը նույնպես քաղաքական էր»,- «Ազատությանն» ասաց Աշոտյանը:

Հայաստանից Ստեփանակերտ մեկնած կուսակցականներն այսօր Ղարաբաղի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ մասնակցում էին Քաղաքական կուսակցությունների երկրորդ ֆորումին: Ղարաբաղյան կողմի ներկայացուցիչներն էլ «Ազատության» հետ զրույցում ասացին, որ ռազմական փոխօգնության պայմանագրի կնքումն անհրաժեշտություն է: Ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը ասաց՝ խիստ կասկածում է, որ պայմանագիրը կկնքվի, թեև հույս ունի: Նրա կարծիքով՝ եթե Հայաստանի նախագահի հայտարարությունից հետո պայմանագիրը չկնքվի, ապա դա անլրջություն կլինի:

Սերժ Սարգսյանն ապրիլի 4-ին ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե հրահանգել է Արտաքին գործերի նախարարությանը՝ աշխատել Ղարաբաղի հետ՝ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: «Անընդհատ խոսել, որ կնքում ենք պայմանագիր, և այնուհետև դա չկատարել, ուղղակի անլրջության տպավորություն է թողնում, ինչը խաթարում է վստահությունը թե՛ Արցախի ու Հայաստանի հասարակությունների և իշխանությունների միջև, թե՛ միջազգային հանրության վստահությունը մեր նկատմամբ: Կարծում եմ՝ սա միջազգային ճանաչման հարց չի, որ մտածենք՝ ինչ-որ արտաքին ճնշումներ կարող են լինել, սա այն հարցն է, որտեղ նման մտահոգությունները բացակայում են, և հնարավորինս շուտ պետք է իրավական բազա ստեղծել երկու երկրների միջև»,- ասաց Հայկ Խանումյանը:

Ղարաբաղի խորհրդարանի ամենամեծ՝ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանն էլ ԼՂ անկախության ճանաչման հարցին անդրադարձավ, նա շնորհակալություն հայտնեց Հայաստանի խորհրդարանում «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծը ներկայացրած ընդդիմադիր պատգամավորներին, նաև ակնարկեց, որ ապրիլի 2-ից հետո սպասում էին Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչմանը:

«Կամավորականները չեն սպասել Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության նախագահի հրամանին, որ պետք է գնալ առաջնագիծ: Նրանք նետվեցին մարտի մինչև զորակոչը: Նույնը քաղաքական դաշտում պետք է լինի: Հայաստանի Ազգային ժողովում Արցախի ճանաչման հարցը ոչ թե երկու պատգամավորների նախաձեռնություն պետք է լինի, այլ բոլոր 131 պատգամավորների: Ես համոզված եմ՝ որ պատերազմը վերսկսվեց, այդպես էլ լինելու է»,- ասաց Թովմասյանը: Ինչ վերաբերում է ռազմական փոխօգնության պայմանագրին, ապա, Թովմասյանի կարծիքով, առաջիկայում այն կնքելը ճիշտ քայլ կլինի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG