Մատչելիության հղումներ

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը նոր առաջնորդ ունի


Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը (աջից) և «Արդարություն և զարգացում» կուսակցության նորընտիր նախագահ Բինալի Յըլդըրըմը:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը (աջից) և «Արդարություն և զարգացում» կուսակցության նորընտիր նախագահ Բինալի Յըլդըրըմը:

Կիրակի օրը կայացած կուսակցության արտահերթ համագումարում առաջադրված միակ թեկնածուն՝ Տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը կուսակցության ղեկավարի պաշտոնում փոխարինեց Ահմեթ Դավութօղլուին:

Իշխող քաղաքական ուժի նորընտիր նախագահը իր ելույթում շնորհակալություն հայտնեց կուսակիցներին ցուցաբերած վստահության համար՝ նաև խոստանալով շարունակել կուսակցության հիմնադիր Թայիփ Էրդողանի ճանապարհը․ - «Մեր ուղին դժվար, բայց լուսավոր է լինելու, մենք միասին վստահ քայլերով հասնելու ենք Թուրքիայի նպատակներին: Մեր ճանապարհը ժողովրդի ձայնն ու շունչն են, կուսակցության հիմնադիր Ռեջեփ Թայիփ Էրդողանի ճանապարհն է»:

Յըլդըրըմը ընդգծել է նոր Սահմանադրություն ընդունելու և կառավարման նախագահական համակարգին անցնելու անհրաժեշտությունը:

Համագումարից հետո նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հրաժարական է ներկայացրել: Երկրի նախագահ Էրդողանը, ընդունելով Դավութօղլուի գլխավորած կառավարության հրաժարականը, «Արդարություն և զարգացում» կուսակցության նորընտիր առաջնորդին հանձնարարել է ձևավորել նոր կաբինետ, որը կդառնա Թուրքիայի 65-րդ կառավարությունը:

«Անադոլու» գործակալության փոխանցմամբ, Յըլդըրըմը լրագրողներին ասել է, որ շուտով նախագահ Էրդողանին կներկայացնի նոր կառավարության կազմը:

21 ամիս Թուրքիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Դավութօղլուն այս ամսվա սկզբին էր հայտարարել «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահի պաշտոնից հեռանալու մասին: Թուրքական և արևմտյան մամուլը Դավութօղլուի որոշումը պայմանավորեց նախագահ Էրդողանի հետ ունեցած տարաձայնություններով, մասնավորապես, սահմանադրական փոփոխությունների հարցում: Թուրքիայի ընդդիմությունը, մինչդեռ, դա «հեղաշրջում» որակեց:

«Ֆրանս 24»-ը գրում է, թե իշխող կուսակցության ղեկավարը, որը շուտով պաշտոնապես կստանձնի նաև Թուրքիայի վարչապետի պաշտոնը, նախագահ Թայիփ Էրդողանի մերձավոր դաշնակիցն է և կարող է հաջողությամբ իրականացնել նրա ծրագրերը, ինչը չարեց արդեն նախկին վարչապետ Դավութօղլուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG