Մատչելիության հղումներ

Կրթության ոլորտում կրճատումներ են լինելու


Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Շիրակի մարզի դպրոցների տնօրենների հետ հանդիպմանը նշեց, որ ոլորտում փոփոխություններ են նախատեսում, որոնց մեծ մասը մեկնարկելու են հաջորդ ուսումնական տարվանից:

Իսկ մինչև կրթական ոլորտի հերթական այդ բարեփոխումները, սպասվում են կրճատումներ: Կառավարությունը, ինչպես հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, անցնում է տնտեսման ռեժիմի, որը տարածվելու է նաև կրթության համակարգի վրա:

«Մենք ունենք որոշակի հնարավորություններ․ մի քիչ ապարատը ուռճացած է, և եթե այդ որոշումը վարչապետի կգա, մենք կկարողանանք դա իրականացնել: Ես ինքս գտնում եմ, որ կարելի է շատ ավելի մոբիլ, փոքր միջոցներով ու հնարավորություններով կատարել լուրջ խնդիրներ: Այստեղ, իհարկե, կա սոցիալական ֆակտորը: Հատկապես ուսուցչության մեջ: Չի գնա կրճատումներն իհարկե դեպի ուսուցչություն, բայց մենք խնդիր ունենք, որ հատկապես գյուղական շրջաններում, երբ մեկին աշխատանքից ազատում ես, իհարկե, ինքը բերում է սոցիալական լարվածություն: Պետք է նաև մարդուն կարողանաս ապահովել մեկ այլ աշխատանքով՝ եթե պիտի կրճատում կատարես: Սա բավականին բարդ է, թեև առայժմ այդպիսի հարց չունենք», - ասաց նախարարը:

Լևոն Մկրտչյանը կողմ է բուհերում տարկետման իրավունքը վերացնելու մասին օրինագծին, որ ներկայացվել է Ազգային ժողով․ - «Արդեն, ըստ էության, կա մի հատ մեծ անարդարություն: Մեր երեխաների մեծ մասը, ովքեր ընդունվում են համալսարաններ, նրանք գնում են և զորակոչվում: Պատկերացրեք, կուրս է, որտեղ քսան տղա է մտնում առաջին կուրս, տասնվեցը զորակոչվում են, չորսը չեն զորակոչվում, որովհետև, ասենք, կես միավորի տարբերություն կա կամ չկա: Ես կողմնակից եմ արդարության այդ սկզբունքի պահպանմանը, և պիտի փորձենք այս ծավալներում դա իրականացնել: Եթե մենք տարկետման իրավունքը անջատենք անվճար համակարգից, կկարողանանք արմատապես փոխել նաև մեր քաղաքականությունը: Մենք կկարողանանք, օրինակ, անվճար համակարգի մեջ հիմնարար և ուղղորդիչ դարձնել սոցիալական վիճակը»:

Կրթության և գիտության նախարարությունը, ի դեպ, նախատեսում է սոցիալական ծրագրի միջոցով իր վրա վերցնել անապահով ընտանիքների ուսման վարձի բեռը, ինչը, ըստ Մկրտչյանի, հնարավորություն կտա անվճար դարձնել ուսումն այնպիսի մասնագիտությունների գծով, որոնց նկատմամբ վերջին տարիներին պահանջարկ չկա․ - «Նրանց մեծ մասը վարձավճարը չվճարելու պատճառով չի կարողանում շարունակել ուսումը: Պետության կողմից բավական մեծ գումար է տրվում անվճար կրթությանը, և եթե մենք կարողանանք դա նպատակաուղղել և սոցիալական պահը դարձնել հիմնարար, ապա մենք կստանանք մի հնարավորություն, որ մի մեծ շերտ հնարավորություն կունենա անվճար սովորելու: Առաջին կուրսից հետո արդեն, երբ որ ռոտացիան աշխատում է, նույնպես սոցիալական սեգմենտը պիտի պահպանվի: Մենք պետք է կարողանանք այդ երեխաներին, ովքեր ընդունակ են, սովորում են, բայց հնարավորություն չունեն վճարելու, ապահովել այդ հնարավորությունը»:

Նախարարությունը կառավարությանը առաջիկա տասը տարիների ընթացքում տասնամյա կրթության զարգացման մասին նախագիծ է ներկայացրել․ Մկրտչյանը պարզաբանեց, որ վերադարձ տասնամյա կրթական համակարգին չի լինելու, նախարարությունը պարզապես ծրագրում է որոշակիորեն թեթևացնել ավագ դպրոցների ուսումնական ծրագիրը․ - «Պետք է կարողանանք 12-ամյա կրթության վերջին փուլը․․․ այնպես անենք, որ դա բեռնաթափի երեխաների հետագա սովորելու ընթացքը: Օրինակ, կրեդիտային համակարգի մուտքը ավագ դպրոց հնարավորություն կտա, որ հետո համալսարան ընդունվելիս շատ առարկաների նրանք այլևս չանդրադառնան, փոխանցեն իրենց միավորը բակալավրական կրթության, հնարավորություն կտա բակալավրական կրթությունը որոշակի տարի կրճատել: Շատ մասնագիտություններով կարող է քառամյա բակալավրական կրթությունը դառնա եռամյա»:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ առաջիկայում մեկնարկելիք ավարտական քննությունների կարգը չի փոխվի, քանի որ օրենքը թույլ չի տալիս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG