Մատչելիության հղումներ

Երևանի քաղաքապետարանը շահագործումից կհանի 26 ավտոմեքենա


Մայրաքաղաքի քաղաքապետարանի շենքը:
Մայրաքաղաքի քաղաքապետարանի շենքը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ պետական կառույցներում խնայողություն անելու կոչից հետո Երևանի քաղաքապետարանը ևս պատրաստվում է կրճատել ծախսերը։

Քաղաքապետարանին և ենթակա կառույցներին սպասարկող ավտոմեքենաներից 26-ը շահագործումից հանվելու է և վաճառվելու է աճուրդով։

Ի պատասխան «Բարև Երևան» խմբակցությունից Ստյոպա Սաֆարյանի անհանգստությանը՝ արդյո՞ք դարն ապրած մեքենաները չեն գույքագրվել, քաղաքապետ Տարոն Մարգարյանն ասաց․ - «Սարքին մեքենաներ են, հենց այսօրվա դրությամբ օգտագործվում են»:

Քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը մանրամասնեց, որ կրճատվելիք 26 ավտոմեքենաներից 15-ը քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարությանը սպասարկող մեքենաներն են, մնացածը կրճատվելու է քաղաքապետարանի ենթակա կառույցներից։

«Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, թե մամուլում շրջանառվում է, որ կրճատվելու են ոչ թե պաշտոնյաներին սպասարկող մեքենաները, այլ հիմնականում ՊՈԱԿ-ների, գերատեսչությունների մեքենաները, որոնք իրոք անհրաժեշտ են, Նիկոյանն արձագանքեց․ - «Եթե պատկերացնում են, որ առաջին կամ երկրորդ դեմքի մեքենաները պիտի կրճատվի, ես չեմ կարծում, որ ճիշտ տրամաբանություն է դրված: Մենք տրամաբանությունը դրել ենք հետևյալ ձևով՝ որպեսզի որևէ կերպ չխաթարվի աշխատանքը: Որովհետև էմոցիոնալ դաշտում կարելի է ասել, որ կրճատում են 50 կամ 100: Բայց մենք ունենք ծառայություններ, որոնց ավտոմեքենաներ են կցված, որոնք պադավատ հասկացության մեջ չի տեղավորվում, որովհետև դրանց աշխատանքը պայմանավորված է հենց մեքենայով»:

Թե ինչքան կտնտեսի քաղաքապետարանը 26 ծառայողական մեքենայի կրճատմամբ, դեռ չի հաշվարկվել։

Քաղաքապետը չնշեց նաև, թե կա արդյոք մայիսի 23-ի ուժգին քամու պատճառած վնասների հաշվարկ, հայտնելով, որ վնասների վերացման համար ստեղծված աշխատանքային խումբը ղեկավարում է քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը։

«Բարև Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանին հետաքրքրում է մայրաքաղաքի շենքերի որակը․ քամին ցույց տվեց, որ ոչ բոլորն են հուսալի․ - «Բացի բնության կողմից իրականացված այդ մեծ վնասը, ո՞ւմ մեղավորությունը կա այստեղ: Մի շենքի տանիքը մնում է իր տեղում, մյուս շենքի տանիքը ուղղակի օդ է թռնում»:

Տարոն Մարգարյանն ի պատասխան տեղեկացրեց, որ քամուց տուժած անապահով ընտանիքներին քաղաքապետարանը շինանյութ է տրամադրելու: Ինչ վերաբերում է մեղավորների փնտրելուն, քաղաքապետն արձագանքեց․ - «Ինձ թվում ա, մեղավոր պետք չէ այստեղ փնտրել: Բնությունը մեղավոր չի լինում, բայց բնությունն է անում: Ո՞ր մեկս կուզեինք, որ նման քամի լիներ»:

Նիստից հետո ավագանու անդամ, Երևանի ճարտարագիտական համալսարանի նախկին ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանն ու Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեցին Ավան վարչական շրջանում վերջերս տեղադրված ու մեծ աղմուկ բարձրացրած մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանը։

Թոքմաջյանն ասում է՝ արվեստի գործը պետք է մարդուն դեպի իրեն ձգի, իսկ տեղադրված այդ արձանը նրան չի ձգում․ - «Որևէ կապող օղակ չեմ տեսնում: Նրանք այնպես պիտի անեին, որ ինչպես, ասենք, Սասունցի Դավիթ տեսնելիս, դու ուրախանում ես, որ դու հայ ես»:

Երևանի գլխավոր ճարտարապետը խուսափեց իր անձնական կարծիքը հայտնել։ Հիշեցրեց, որ Ալեքսանդր Թամանյանի ու Առնո Բաբաջանյանի արձաններն էլ հասարակությունը միանշանակ չընդունեց, սակայն դրանք անցան ժամանակի քննությունը։

Մարշալ Բաբաջանյանի արձանը, նրա խոսքով, գուցե և չանցնի․ - «Միանշանակ չի եղել մեր կարծիքը տարբեր փուլերում․․․ Խորհուրդներ շատ են եղել արձանի դիրքի, դեմքի, արտահայտչականության կերպարի, և աշխատանք տարվել է: Հիմա ունենք այն, ինչ ունենք: Սպասենք, տեսնենք արձանը ինչ ժողովրդականություն կվայելի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG