Մատչելիության հղումներ

Gallup․ Ողջ աշխարհում հարցվածների 45 տոկոսը ընդունում է ԱՄՆ-ի առաջատար դերը


Հրապարակվել է համաշխարհային ասպարեզում ԱՄՆ-ի առաջատար դերակատարությունը գնահատող 2015 թվականի զեկույցը:

Gallup-ը հրապարակել է համաշխարհային ասպարեզում ԱՄՆ-ի առաջատար դերակատարությունը գնահատող 2015 թվականի զեկույցը: Հարցումներն անցկացվել են 132 երկրներում, դրանց մասնակցել են նաև միջազգայնորեն չճանաչված որոշ կազմավորումներ:

Հարավային Կովկասում ԱՄՆ-ի նկատմամբ վերաբերմունքը մեծ տատանումներ չի արձանագրել․ Վրաստանում հարցվածների 44, Ադրբեջանում՝ 43, Հայաստանում՝ 42 տոկոսը համաձայն է միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի առաջատարությանը: Աշխարհի 15 երկրներում, ներառյալ Եվրամիության անդամ որոշ պետություններ, որոնք ԱՄՆ-ի դաշնակիցներն են, այդ գնահատականին համաձայն է հարցվածների մեծամասնությունը:

Դրական վերաբերմունքի ամենաբարձր ցուցանիշը Կոսովոյում է՝ 85 տոկոս: Նախորդ զեկույցում՝ 2014-ի հարցումներում ևս ԱՄՆ-ի հանդեպ դրական վերաբերմունքի ամենաբարձր ցուցանիշը Կոսովոյում էր արձանագրվել: Սերբիայից միակողմանիորեն անջատված Կոսովոն ՄԱԿ-ի անդամ չէ, բայց տասնյակ երկրներ արդեն ճանաչել են Կոսովոյի անկախությունը, և ԱՄՆ-ն մեծ դերակատարություն է ունեցել Կոսովոյի անկախության ու միջազգային ճանաչման գործում:

ԱՄՆ-ի հանդեպ ամենավատ վերաբերմունքը Ռուսաստանում է: Հարցված ռուսաստանցիների ընդամենը մեկ տոկոսն է ընդունում Միացյալ Նահանգների առաջատարությունը: Սա ամենացածր ցուցանիշն է ոչ միայն 2015-ի համար, այլև առհասարակ՝ վերջին տասնամյակում եղած ցուցանիշների շարքում: Նախորդ՝ 2014-ի հարցումներում այս թիվը չորս տոկոս էր: ԱՄՆ-ի հանդեպ ռուսաստանցիների վերաբերմունքի վատթարացումն արտահայտում է Ուկրաինայի ճգնաժամի հետևանքով ԱՄՆ-ի հետ Ռուսաստանի հարաբերությունների լարվածության աճը:

Ռուսաստանը և նրա դաշնակից որոշ ԱՊՀ անդամ երկրներ շարունակում են գլխավորել ԱՄՆ-ի առաջատարությունը չընդունող պետությունների ցանկը: ԱՄՆ-ի առաջատար դերակատարությանը համաձայն են Ղազախստանում հարցվածների 8, Բելառուսում՝ 9 տոկոսը:

Զեկույցում ընդգրկված է նաև Պաղեստինը, որտեղ նույնպես ԱՄՆ-ն ցածր վարկանիշ ունի՝ 9 տոկոս:

Ընդհանուր՝ ամփոփիչ տվյալներով, ըստ Gallup-ի հարցումների, ամբողջ աշխարհում հարցվածների 45 տոկոսը համաձայն է աշխարհում Միացյալ Նահանգների առաջատար դերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG