Մատչելիության հղումներ

Նախագահների հունիսյան հնարավոր հանդիպումից «ակնկալիքներ չկան»


Սերժ Սարգսյան և Իլհամ Ալիև, Բեռն, 19-ը դեկտեմբերի, 2015թ․
Սերժ Սարգսյան և Իլհամ Ալիև, Բեռն, 19-ը դեկտեմբերի, 2015թ․

Քաղաքագետները մեկնաբանում են ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունների հնարավոր ընթացքը:

Հունիսին Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպումը որևէ էական փոփոխության չի հանգեցնի, Հայաստանն էլ պետք է հստակ դիրքորոշմամբ հանդես գա՝ պահանջելով Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարում: «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեցին հայաստանյան փորձագետները:

Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի պնդմամբ՝ սահմանային միջադեպերը հետաքննող մեխանիզմների ներդրման հարցում Հայաստանի և միջնորդների շահերը համընկնում են: «Երևանն է կոնկրետ սպասում ընդունված երկու որոշումների կյանքի կոչմանը, այսինքն՝ կոնկրետ մեխանիզմների ստեղծմանը: Եվ քանի դեռ դրանք ստեղծված չեն, պաշտոնական Երևանը չի մասնակցելու․․․ և կարծում եմ նաև՝ չպետք է համաձայնի՝ այդ հանդիպումներին տալ բանակցություն անվանումը»,- ասում է Սաֆարյանը:

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանի կարծիքով, այն, որ Ադրբեջանը մայիսի 16-ից հետո հետ կանգնեց Վիեննայում Սարգսյան-Ալիև հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններից, ցույց է տալիս, որ հստակ համաձայնություններ չեն եղել: «Վիեննայի հանդիպումից հետո մի պահ Ադրբեջանը հայտարարեց, որ նրանք չեն պայմանավորվել որևէ կոնկրետ բանի շուրջ, որը վերաբերում է, ասենք, Կասպշիկի գրասենյակի ընդլայնմանը: Իհարկե, հետո փոխվեց կարծիքը, ոնց որ ասաց՝ համաձայնություն տվել են: Ի վերջո, այս ամեն ինչը խոսում է այն մասին, որ որևէ հստակ պայմանավորավածություն չկա․․․»,- ասաց Սարգսյանը:

Շաբաթներ առաջ Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո միջնորդ երկրների արտգործնախարարները հայտարարություն տարածեցին՝ ընդգծելով հրադադարի ռեժիմը պահպանելու, ինչպես նաև սահմանային միջադեպերը հետաքննող մեխանիզմների ստեղծման անհրաժեշտությունը: Հաղորդվում էր նաև, որ նախագահները համաձայնել են հաջորդ հանդիպումն անցկացնել հունիսին՝ նպատակ ունենալով վերսկսել բանակցությունները հակամարտության համակողմանի կարգավորման շուրջ։

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ խորհրդարանում հայտարարեց, որ հունիսի սկզբին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն առանձին հանդիպումներ կունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, սակայն դրանց ընթացքում Ղարաբաղի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ստորագրվի: Նալբանդյանը չհստակեցրեց նախագահների նոր հանդիպման հնարավորությունը, պնդելով, որ եթե Վիեննայի պայմանավորվածությունները կատարվեն, ապա «գուցե հնարավոր լինի» նաև բարձր մակարդակով հանդիպում կազմակերպել:

Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի կարծիքով՝ միայն թղթի վրա գրված պայմանավորվածությունները չպետք է բավարար լինեն բանակցային սեղան վերադառնալու համար, Հայաստանը պետք է նաև բանակցություններում Ղարաբաղի մասնակցության հարցը բարձրացնի՝ «Հայաստանը բանակցային գործընթացին մասնակցելով, պետք է խնդիր դնի՝ դրանք տանել ուղղակի Արցախի ճանաչման հունով, այնպես, ինչպես որ դա տեղի ունեցավ Կոսովոյի և Սերբիայի բանակցային գործընթացում, քանի որ գործընթացը երկար ժամանակ փակուղում չի կարող մնալ, մենք դա արդեն քանիցս տեսել ենք: Իսկ փակուղի մտնելուց հետո արդեն սկսվում է դրա ռազմական փուլը»:

Մանվել Սարգսյանի պնդմամբ՝ արդյունավետ բանակցությունների համար Հայաստանը պետք է հստակ դիրքորոշում պահպաներ քառօրյա պատերազմի օրերին կորցրած տարածքների վերաբերյալ, սակայն դա տեղի չունեցավ: «Առաջարկներ կային, որ պայմանագիր պիտի ստորագրվի Ղարաբաղի հետ, ճանաչման հարցն էր դրված, բանակցությունները վերսկսելու պայմանը լրիվ ուրիշ է եղել՝ որ Ադրբեջանը պիտի վերադառնա հին դիրքերին: Սրանք շատ էական հարցեր են, բայց մենք տեսանք, որ հետ կանգնեցին: Դրա համար էլ արդեն չգիտեն ինչ անեն, ճնշման են ենթարկվել: Վտանգավոր բան է դա, նոր պատերազմների հիմք է ստեղծում նման մոտեցումը»:

Սարգսյանն, այդուհանդերձ, նշում է՝ Հայաստանը Վիեննայում մասնակի հաջողությունների հասել է. - «Շատ էական էր, որ Վիեննայում ընդգծվեն երկու հանգամանք: Առաջինը՝ 1990-ական թվականների զինադադարի պայմանագրերը, և նոր պայմանագրի հարց չեղավ, ինչին ձգտում էր Ադրբեջանը: Դա, իհարկե, Ադրբեջանի անհաջողությունն է: Եվ երկրորդը՝ որը, կարելի է ասել, Հայաստանի կիսատ հաջողությունն է, այն է, որ ընդգծվեց՝ շփման գծում պիտի միջոցառումներ լինեն և ամրապնդվի զինադադարի ռեժիմը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG