Մատչելիության հղումներ

Ադրբեջանի կառավարությունը գնելու է Ալիևի դստրերին պատկանող ոսկու բիզնեսը


Ադրբեջան - Չովդար ոսկու հանքավայրը, 2012թ․
Ադրբեջան - Չովդար ոսկու հանքավայրը, 2012թ․

Ըստ հետաքննող լրագրողների, Ալիևները փորձում են սեփական ձախողման հետևանքները շտկել հարկատուների միջոցներով:

Ադրբեջանական պետությունը բյուջետային գումարներով կգնի երկրի նախագահ Իլհամ Ալիևի դստրերին պատկանող ոսկու հանքավայրերը: Այս մասին տեղեկացնում է հետաքննական լրագրության համաշխարհային առաջատարներից մեկը՝ «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի ուսումնասիրության նախագիծ» կազմակերպությունը երեկ երեկոյան իր պաշտոնական կայքում հրապարակած ծավալուն հոդվածում:

Հետաքննող լրագրողների տեղեկություններով, խոսքն Ադրբեջանի արևմուտքում` Ղազախի, Զաքաթալայի, Գերանբոյի ու Դաշքեսանի շրջաններում և Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածքում գտնվող վեց ոսկու հանքավայրերի մասին է:

Հետաքննող լրագրողների տեղեկություններով, այս հանքավայրերը վերահսկող օֆշորային ընկերություններից առնվազն երկուսը` Globex International-ը և Londex Resources-ը վերահսկում են այս հանքավայրերի բաժնետոմսերի 56 տոկոսը: Ավելի վաղ, Պանամայում գրանցված օֆշորային ընկերությունների սեփականատերերի մասին տեղեկատվական արտահոսքն ուսումնասիրելու ընթացքում, Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի ուսումնասիրության նախագծի մասնագետները պարզել էին, որ երկու ընկերությունների սեփականատերերն են Իլհամ Ալիևի դստրերը` Լեյլան և Արզուն:

Ոսկու հանքավայրերը Ալիևի ընտանիքի անմիջական վերահսկողության տակ են հայտնվել 10 տարի առաջ` 2006-ին, երբ Ադրբեջանի կառավարությունը գաղտնի համաձայնագիր է կնքել մի շարք ընկերությունների, այդ թվում՝ նախագահի դստրերին պատկանող Globex International-ի և Londex Resources-ի հետ, դրանց հանքավայրերում արդյունահանված ոսկու 70 տոկոսը տնօրինելու իրավունք տրամադրելով:

Ալիևների ոսկու բիզնեսում առանցքային դերը վերապահված էր Դաշքեսանի շրջանի Չովդար հանքավայրին: Այստեղ գտնվող ոսկու պաշարների ընդհանուր ծավալը գումարային առումով գնահատվում է շուրջ 2․5 միլիարդ ամերիկյան դոլար: Սա է թերևս պատճառը, որ գործունեության առաջին տարիներին Ալիևի դստրերի անունով գրանցված Londex Resources-ը շուրջ 230 միլիոն դոլար է ծախսել` Չովդարում նաև հումքի վերամշակման մեծ գործարան կառուցելով: 2012 թվականին շահագործման հանձնվելուց ի վեր այս հանքավայրը ամսական շուրջ 150 կիլոգրամ մաքուր ոսկի էր արդյունահանում: Չնայած դրան՝ 2014 թվականին արդեն Ալիևների ոսկու բիզնեսը հայտնվել է խորը ճգնաժամում:

«Դժվար է ասել, թե որն էր այդ ճգնաժամի պատճառը՝ միամտությո՞ւնը, թե՞ ագահությունը», - գրում են հետաքննող լրագրողները` մեջբերելով Ալիևների ոսկու բիզնեսի նախկին պատասխանատուներից մեկի` Կարլ Կումարտենի խոսքը․ - «Նրանց [Ալիևների ընտանիքին] թվում էր, որ եթե նրանք հաջողակ են տնտեսության մյուս ոլորտներում` տրանսպորտ, ֆինանսներ, հյուրանոցներ, առևտուր, ապա հանքարդյունաբերության մեջ էլ նույնն է լինելու»: «Մենք դա անվանում ենք հիմար ներդրում», - նշում է 2008-11 թվականներին Ադրբեջանի ոսկու հանքավայրերի աշխատանքը համակարգած արևմտյան մասնագետը` նկատելով նաև, որ սեփականատերերը երբեմն գերադասում էին շրջանցել տեխնիկական որոշ պահանջներ` արագ շահույթ ստանալու հույսով: Այս ամենի հետևանքով էր, որ 2014-ին արդեն հանքավայրերը դադարեցին ոսկի արդյունահանել, իսկ դրանցում աշխատող հարյուրավոր բանվորներ արդեն երկրորդ տարին է ինչ պարբերաբար ժամանում են Բաքու` կառավարության ու խորհրդարանի շենքերի առջև իրենց չվճարված աշխատավարձերը պահանջելով:

Այժմ էլ ահա, ըստ հետաքննող լրագրողների, Ալիևները փորձում են սեփական ձախողման հետևանքները շտկել արդեն հարկատուների միջոցներով:

Ի դեպ, Ալիևների ընտանիքի` ադրբեջանական ոսկու արդյունահանման բիզնեսում ներգրավվածության մասին առաջինը դեռ 2012-ին գրել էր «Ազաատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Խադիջա Իսմայիլովան: Ուշագրավ է, որ իր դստրերի անունով գրանցված ընկերությունները պետությանը վաճառելու հրահանգը Իլհամ Ալիևը ստորագրեց նույն այն օրը, երբ Խադիջա Իսմայիլովան դուրս եկավ բանտից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG