Մատչելիության հղումներ

Վարչապետ․ Շաքարի մենաշնորհի հարցը կքննարկենք


Մենաշնորհների դեմ պայքար սկսելու մասին հայտարարությունից մոտ երեք շաբաթ անց վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է քննարկել շաքարի մենաշնորհը օրինականացնելու տարբերակը:

Ի պատասխան «Ազատության» հարցին, թե անձամբ ինքն ի՞նչ դիրքորոշում ունի՝ հարկավո՞ր է շաքարի մենաշնորհը ամրագրել օրենքով, Հովիկ Աբրահամյանն ասաց․ - «Մենք կքննարկենք բոլոր հարցերը, որի մասին որ մենք բարձրաձայնել ենք, լուծման տարբերակները կառաջարկենք: Ուղղակի ձեզ մի քիչ ցանկանում եմ համբերեք»:

Այն, որ շաքարի մենաշնորհի օրինականացումը կարող է քննարկվել, երեկ լրագրողներին հայտնեց Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, ով մինչև նախարար դառնալը բազմիցս հանդես է եկել մենաշնոհրների դեմ և նախարար դառնալուց հետո այդ պայքարը հռչակեց իր գերակայություններից մեկը: Կառավարության մայիսի 12-ի նիստում վարչապետ Աբրահամյանը հենց Մինասյանին հանձնարարեց երեք շաբաթվա ընթացքում արդյունավետ լուծումներ առաջարկել հակամենաշնորհային պայքարի համար:

«Այս գործարանն աշխատում է իր հզորությունների 25-30 տոկոսի չափով և հումքը վերամշակում է, ստանում է շաքար: Հարց է՝ արդյո՞ք ճիշտ է, որ առհասարակ այդ 25-30 տոկոսն էլ չթողնենք աշխատի, թե՞ ավելի լավ է դու օրենքով ճանաչես իրեն մենաշնորհ, բայց պայմաններ առաջադրես: Օրինակ՝ դու պետք է աշխատես առնվազն 90 տոկոս հզորությամբ», - «Ազատության» հարցին ի պատասխան ասել էր Մինասյանը:

Այսօր վարչապետին հարցրեցինք՝ արդյո՞ք այստեղ հակասություն չկա․ մի կողմից հայտարարվում է մենաշնորհների դեմ պայքարի, մյուս կողմից խոսվում է մենաշնորհներից մեկը օրենքով ամրագրելու մասին: Հովիկ Աբրահամյանի արձագանքը․ - «Ես չեմ կարծում, որ ինքը նման հայտարարություն է արել: Ես հարցրել եմ, նման բան չի ասել, մի քիչ խեղաթյուրված է իր խոսքը: Որևէ մի նախարար կառավարությանը, վարչապետին հակառակ բաներ չի կարող ասել»:

Հարցին, թե ինչ է արվել իր հայտարարությունից հետո անցած երեք շաբաթների ընթացքում, վարչապետը արձագանքեց․ - «Մենք ինչ որ ասել ենք, իրականացնելու ենք: Հետևողական ենք լինելու մեր խոստումների, մեր հայտարարությունների մեջ: Մենք, մեր թիմը՝ նախագահի գլխավորությամբ, այն, ինչի մասին որ բարձրաձայնել ենք, իրականացնելու ենք մինչև վերջ»:

XS
SM
MD
LG