Մատչելիության հղումներ

Բունդեսթագի քվեարկության նախօրեին Թուրքիան ուժեղացնում է ճնշումը


Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, արխիվ:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, արխիվ:

«Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը բացասական անդրադարձ կունենա թուրք-գերմանական հարաբերությունների վրա», - հայտարարել է Թուրքիայի նորընտիր վարչապետ Բինալի Յըլդըրըմը:

Վարչապետի խոսքով՝ միանգամայն սխալ է պատմական հարցերը քաղաքական գործիքի վերածելը․ - «Մենք ոչինչ չունենք թաքցնելու: Թող ուսումնասիրվի բոլոր երկրների պատմությունը, թող ի հայտ բերվեն կողմերի սխալները, բայց սա պատմաբանների գործն է»:

Բուդեսթագում հունիսի 2-ին նախատեսված քվեարկությունը Յըլդըրըմը անհեթեթ է որակել՝ նշելով, թե բանաձևը իրավական ուժ չունի:

Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան չի ուզում «փչացնել Գերմանիայի հետ հարաբերությունները, սակայն անցանկալի օրինագծի ընդունման պարագայում նման շրջադարձը անխուսափելի կդառնա»:

«Անադոլու» գործակալությունը փոխանցում է, որ վարչապետ Յըլդըրըմը և նախագահ Էրդողանը իրենց մտահոգությունը կիսել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ՝ հույս հայտնելով, որ գերմանացի օրենսդիրները «ողջամիտ որոշում» կկայացնեն:

Մերկելի հետ զրույցում Թուրքիայի առաջնորդները կոչ են արել չանտեսել Գերմանիայում բնակվող շուրջ 3.5 միլիոն թուրքերի ազգային զգացմունքները:

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Յասին Աքթայը, իր հերթին, հայտարարել է, թե Առաջին աշխարհամարտում Թուրքիայի դաշնակից Գերմանիայի այդ քայլը «պարզապես ամոթալի» կլինի․ - «Գերմանիան չէ, որ պետք է նման խրատներ տա Թուրքիային»:

Վաղը քվեարկվելիք բանաձևը կազմել են Գերմանիայի ձախերի և աջերի իշխող կոալիցիան և ընդդիմադիր «կանաչները»:

Անգելա Մերկելի խոսնակի փոխանցմամբ, թեև կանցլերը համամիտ է իր կուսակցության դիրքորոշմանը, թե 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանդը պետք է ցեղասպանություն որակել, նա չի պատրաստվում մասնակցել քվեարկությանը:

XS
SM
MD
LG