Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ը բավարարել է Յունուսների հայցը ընդդեմ Ադրբեջանի


Ադրբեջան - Լեյլա և Արիֆ Յունուսները բանտից դուրս գալուց հետո, 9-ը դեկտեմբերի, 2015թ․
Ադրբեջան - Լեյլա և Արիֆ Յունուսները բանտից դուրս գալուց հետո, 9-ը դեկտեմբերի, 2015թ․

Սա իրավապաշտպան ամուսինների Եվրադատարան ներկայացրած միակ բողոքը չէ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) այսօր բավարարել է Լեյլա և Արիֆ Յունուսների հայցը ընդդեմ Ադրբեջանի: ՄԻԵԴ-ի հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանցի իրավապաշտպան ամուսինները հայցով բողոքել էին անազատության մեջ գտնվելիս իրենց ցուցաբերված անհամարժեք բժշկական օգնության կապակցությամբ:

ՄԻԵԴ-ը ամուսինների իրավունքների ոտնահարումը հաստատել է Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով (խոշտանգումների արգելք) և սահմանել փոխհատուցում՝ յուրաքանչյուրին 13 հազարական եվրո, ու ևս 4 հազարական եվրո՝ դատական ծախսերի համար:

ՄԻԵԴ-ը հաստատել է, որ նախնական կալանքի ժամանակ ամուսիններին չի ցուցաբերվել անհրաժեշտ որակյալ բժշկական օգնություն, ինչը դատարանի կողմից գնահատվել է որպես խոշտանգում:

ՄԻԵԴ-ը հրապարակած դատավճռի տեքստում պնդում է նաև, որ Ադրբեջանը շրջանցել է իր պարտավորությունները: Խոսքը, մասնավորապես, Եվրոպական կոնվենցիայի 34-րդ հոդվածի մասին է՝ անհատական բողոքներ:

Ինչպես «Թուրան» գործակալության հետ զրույցում նշել է փաստաբան Ջավիդ Ջավադովը՝ այդ հոդվածը կիրառվել է մասնավորապես ամուսինների պաշտպան Խալիդ Բաղիրովի հետ կապված, ով զրկվել է իրավաբանական գործունեությունից և ձերբակալվածների հետ շփվելու իրավունքից:

Փաստաբան Ջավադովը փոխանցել է նաև, որ ՄԻԵԴ-ը ավարտին է հասցրել իրավապաշտպան ամուսինների ևս երկու բողոքների վերաբերյալ կոմունիկացիաները: Ամուսինների բողոքը Կոնվենցիայի 5-րդ հոդվածի (ազատության և անձեռնմխելիության իրավունք) և 8-րդ հոդվածի (իրավունքների սահմանափակում) մասով է: Այս բողոքները վերաբերում են ամուսինների նախնական կալանքի չհիմնավորվածությանը և քաղաքական դրդապատճառներով հետապնդումներին:

Լեյլա և Արիֆ Յունուսները ձերբակալվել են 2014 թվականի ամռանը՝ տնտեսական հանցագործությունների մեղադրանքով: Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը 2015 թվականի օգոստոսի 13-ին նրանց դատապարտել է համապատասխանաբար 8․5 և 7 տարվա ազատազրկման:

2015 թվականի դեկտեմբերի 9-ին դատարանը նրանց ազատազրկման վճիռը փոխարինեց հինգ տարվա պայմանական ազատազրկմամբ: Միջազգային կառույցների համառ կոչերից հետո, այս տարվա ապրիլի 19-ին նրանց թույլ տվեցին հեռանալ Ադրբեջանից՝ արտասահմանում բուժում ստանալու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG