Մատչելիության հղումներ

Անկարան կոշտ արձագանքներ է հնչեցնում


Պաշտոնական Անկարան այսօր կոշտ արձագանքեց Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը:

Բեռլինում Թուրքիայի դեսպան Հուսեյն Ավնի Կարսլուօղլուն բանաձևի ընդունումից անմիջապես հետո կանչվել է Անկարա, իսկ Թուրքիայի ղեկավարները մեկը մյուսի հետևից հանդես են գալիս Գերմանիայի որոշումը դատապարտող հայտարարություններով:

«Բունդեսթագի ընդունած որոշումը լրջորեն կանդրադառնա թուրք-գերմանական հարաբերությունների վրա», - հայտարարել է Քենիայում գնտվող Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը՝ խոստանալով հետագա քայլերը մանրամասնել երկիր վերադառնալուց հետո:

Վարչապետ Բինալի Յըլդըրըմը գերմանացի օրենսդիրների որոշումը սխալ է համարում՝ հայտարարելով, թե Թուրքիան չի ամաչում իր պատմությունից․ - «Թուրք ժողովրդի անցյալը հայտնի է․ այս ժողովուրդը հպարտանում է իր անցյալով: Մեր պատմության մեջ ամոթալի իրադարձություն չկա»:

Յըլդըրըմը հավելել է, որ բանաձևի ամբողջական տեքստին ծանոթանալուց հետո կձեռնարկվեն «հստակ քայլեր»:

Արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն «Թվիթեր»-ում կատարած գրառմամբ համոզմունք է հայտնել, թե «այս որոշմամբ Գերմանիան փորձում է փակել իր պատմության մութ էջերը»: Իսկ Արտգործնախարարության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, թե Բունդեսթագի ընդունած բանաձևը «օրենքի նկատմամբ արհամարհանք է»․ - «Դրանով պատմությունը քաղաքականացվում է, ինչը թույլ չի տա ազատորեն քննարկել պատմական խնդիրները»:

Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը նույնպես «Թվիթեր»-ում է արտահայտել իր դժգոհությունը և հավելել է․ - «Անկարան բոլոր հարթակներում կպատասխանի Բունդեսթագի որոշմանը, որը իրավական ոչ մի ուժ չունի»: Քուրթուլմուշը կրկին պնդել է, թե այս հարցով պետք է զբաղվեն ոչ թե քաղաքական գործիչներն ու խորհրդարանները, այլ գիտնականներն ու պատմաբանները:

Գերմանացի օրենսդիրների գրեթե միաձայն որոշմանը արձագանքել է նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հայազգի պատգամավոր Մարգար Եսայանը: Պաշտպանելով իշխանության տեսակետը՝ նա համոզմունք է հայտնել, որ ընդունված որոշումը լիովին քաղաքական է և հայերին չի վերաբերում: Եսայանը հավելել է, թե այս խնդիրը հայերը և թուրքերը պետք է լուծեն և ոչ թե Գերմանիայի ու Միացյալ Նահանգների խորհրդարանները:

Թուրքիայի խորհրդարանը պատրաստվում է միասնական հայտարարությամբ արտահայտել իր բողոքը, որին, սակայն, չի միանա քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը։

Իսկ ընդդիմադիր ամենամեծ՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնախագահ Օզթուրք Յըլմազը հայտարարել է, թե ընդունված բանաձևը Թուրքիայի դեմ օգտագործվող քաղաքական գործիք է, որը վնաս է հասցնելու ինչպես թուրք-գերմանական, այնպես էլ հայ-թուրքական հարաբերություններին:

Իսկ նույն կուսակցության պատգամավոր Բյուլենտ Քուշօղլուն բանաձևի ընդունումը կապել է արտաքին հարթակում Թուրքիայի թուլության հետ՝ դրա մեղքը դնելով նախագահ Էրդողանի վրա:

Հիշեցնենք, որ Գերմանիայի Բունդեսթագը այսօր ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Ավելի վաղ Թուրքիան ամենաբարձր՝ նախագահի մակարդակով էր զգուշացրել, որ բանաձևի ընդունումը վնաս կհասցնի թուրք-գերմանական հարաբերություններին:

XS
SM
MD
LG