Մատչելիության հղումներ

Հայաստանի և Ռուսաստանի խորհրդարանականները քննարկել են իրավիճակը Ղարաբաղում


Հայկական կողմը իր մտահոգություններն է փոխանցել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի կապակցությամբ:

Երեկ Մոսկվայում մեկնարկած՝ Հայաստանի Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստի առաջին մասի օրակարգային գլխավոր թեման եղել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, քննարկման ընթացքում հայ խորհրդարանականները հանդես են եկել ելույթներով` բարձրացնելով զինադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված համապատասխան միջոցառումների անհետաձգելիությանը և վստահության մթնոլորտի ստեղծմանն առնչվող խնդիրներ, ինչպես նաև իրենց մտահոգություններն են փոխանցել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստի կապակցությամբ:

Հայկական պատվիրակության կազմում նիստին մասնակցող քաղաքագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Սերգեյ Մինասյանը ներկայացրել է ռազմաքաղաքական և դիվանագիտական գործընթացները, որոնք տեղի են ունեցել ապրիլյան պատերազմի օրերին, խոսել դրանց պատճառների, նպատակների, ինչպես նաև հետևանքների մասին` նշելով, որ հանկարծակիության գործոնը, այնուամենայնիվ, չի օգնել Ադրբեջանին առաջ շարժվել, ինչի արդյունքում էլիտար զորամիավորումների և զորատեսակների մեծաթիվ կորուստներ ունեցան: Քաղաքագետն ընդգծել է, որ վստահության մեխանիզմները սասանված են, և այսօրվա խնդիրը վստահության մթնոլորտի վերականգնումն է, իսկ այստեղ առանձնապես կարևորվում են տարածաշրջանում Ռուսաստանի ռազմաքաղաքական դիրքորոշումները:

Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Գրոմիկոն իր մտահոգությունն է հայտնել աննախադեպ ռազմական գործողությունների վերսկսման կապակցությամբ և կարևորել 1994-95 թվականներին ձեռք բերված երկու համաձայնագրերը` որպես հրադադարի հիմք: Նա ընդգծել է նաև Վիեննայի հանդիպման ժամանակ եռյակի ընդունած համատեղ հայտարարության կարևորությունը, որտեղ նշվում է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, և հիշատակվում է ձեռք բերված համաձայնությունը՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ներդնելու և դիտորդների թվի մեծացման ուղղությամբ:

Ելույթներին հաջորդած մտքերի փոխանակության ժամանակ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը` անհրաժեշտ համարելով կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդման և վստահության մթնոլորտի ստեղծման ապահովումը, որից հետո հնարավոր կլինի խոսել բանակցային գործընթացի վերսկսման մասին:

«Քառօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի դեմ կիրառել է իր կուտակած ողջ զինանոցը, որը ձեռք է բերել վերջին տարիներին, այդ թվում՝ Ռուսաստանից: Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, և մենք գտնվում ենք անվտանգության միևնույն համակարգում: Մենք բազմիցս հայտնել ենք մեր մտահոգությունն այն մասին, որ ռուսական զենքի վաճառքը Ադրբեջանին հայ հասարակության վրա հոգեբանական ազդեցություն է գործում, երբ հայ սպան գիտակցում է, որ իր վրա կրակում են ռազմավարական դաշնակցից ձեռք բերված զենքով»,- իր ելույթում նշել է Նաղդալյանը:

Ազգային ժողովի փոխնախագահը չի շրջանցել նաև միջազգային հանրության անհասցե հայտարարությունների անթույլատրելիության փաստը՝ ընդգծելով, որ դա հատկապես նկատելի և անթույլատրելի էր ապրիլին՝ Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողությունների ժամանակ և դրանցից հետո:

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է ապրիլյան պատերազմի օրերին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական հանցագործությունները՝ զինվորների և խաղաղ բնակիչների նկատմամբ խոշտանգումները, խաղաղ բնակավայրերի վրա հարձակումները՝ անդրադառնալով նաև Ադրբեջանին Ռուսաստանի կողմից ծանր զինատեսակների վաճառքին:

«Ադրբեջանի կողմից պլանավորած բլիցկրիգը տապալվեց, թեև ապրիլյան քառօրյա պատերազմում Ադրբեջանն օգտագործեց իր ողջ հարձակողական ռազմական զինանոցը, որը ձեռք էր բերվել նաև Ռուսաստանից», - հայտարարել է Զոհրաբյանը՝ շարունակելով․ - «Այսօր իմ երկրում կա լրջագույն մի հարց, որի վերաբերյալ մենք ուղղակի պարտավոր ենք այստեղ խոսել բաց և անկեղծ: Դա Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքն է, զենք, որն Ալիևն օգտագործեց ապրիլյան պատերազմում՝ սպանելով զինվորների և խաղաղ բնակիչների»:

ԲՀԿ խմբակցության ղեկավարն անհասկանալի է համարել ռուս որոշ գործընկերների այն բացատրությունները, թե Ադրբեջանը, միևնույն է, կարող էր նույն այդ զենքը ձեռք բերել եթե ոչ Ռուսաստանից, ապա Իսրայելից, Թուրքիայից կամ մեկ այլ երկրից:

«Դժվար է ընդունել այն միտքը, թե ոմանց համար բիզնեսը շատ ավելին է, քան ռազմավարական գործընկերությունը, և եթե անգամ սպանում են մարդկանց, դա ընդամենը բիզնես է և ոչ մի անձնական բան: Կներեք, միգուցե դա պրագմատիկ, սակայն անհասկանալի տրամաբանություն է»,- նշել է Նաիրա Զոհրաբյանը:

Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի հետևանքով հայ հասարակության մեջ հասունացած դժգոհություններն իր ելույթում փոխանցել է նաև Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Նա, անդրադառնալով ապրիլյան քառօրյա պատերազմին, ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության սրումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ միջազգային հանրությունը և հատկապես Հայաստանի բարեկամ պետությունները հասցեական և կոնկրետ գնահատականներ չեն հնչեցնի ադրբեջանական կողմի գործողությունների վերաբերյալ:

«Ստեղծված իրադրությունում հակամարտության արագ հանգուցալուծում հնարավոր չէ, քանի որ Ադրբեջանն առաջնորդվում է ամեն ինչ կամ ոչինչ սկզբունքով», - նշել է Սարգսյանը, ևս մեկ անգամ հիշեցնելով, որ հակառակ Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դիրքորոշումը կոնֆլիկտի կարգավորման հարցում բավականին հստակ է. «Լեռնային Ղարաբաղի անկախությունը չի կարող զիջման առարկա լինել»:

Ազգային ժողովի Հանրապետական (ՀՀԿ) խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը քննարկման ընթացքում խոսել է տարածաշրջանային խնդիրներից՝ շեշտը դնելով Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների վրա:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը խոսել է Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխիքների մասին` բացառելով ուժի կիրառումը և որպես առաջնահերթություն դիտարկելով ռազմական համագործակցության և դաշնակցային հարաբերությունների մակարդակի բարելավումը:

«Ժառանգության» պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն իր խոսքում մտահոգություն է հայտնել բավական երկար ժամանակ միջազգային հանրության կողմից Ադրբեջանի պահվածքի ու քաղաքականության վերաբերյալ հստակ գնահատականների բացակայության և հնչած անհասցե հայտարարությունների առիթով:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը կոչ է արել միջազգային մորատորիում կիրառել զենքի վաճառքի վերաբերյալ:

Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի առաջին մասի աշխատանքներն ամփոփել են հանձնաժողովի համանախագահներ Հերմինե Նաղդալյանը և Նիկոլայ Ռիժկովը:

Ռիժկովն իր ամփոփիչ խոսքում նշել է, որ գլխավորը, այնուամենայնիվ, հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն են, և վստահեցրել է, որ բոլոր զարգացումների դեպքում Ռուսաստանը լինելու է Հայաստանի կողքին: Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում:

Հերմինե Նաղդալյանն իր ամփոփիչ խոսքում ևս կարևորել է Հայաստանի ու Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները, որոնց հիմքում ուժերի հավասարակշռության պահպանումն է տարածաշրջանում և Ռուսաստանի դերակատարությունը` որպես ռազմավարական դաշնակից և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկիր:

Նույն օրը հայկական պատվիրակությունը հանդիպել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահի առաջին տեղակալ Նիկոլայ Ֆյոդորովի հետ:

Միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստի աշխատանքները կշարունակվեն այսօր Կազանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG