Մատչելիության հղումներ

Երևանում այսօր մեկնարկում է Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային մրցույթը


Մրցույթի մեկնարկի առիթով հրավիրված մամուլի ասուլիսը: 6-ը հունիսի, 2016 թ․
Մրցույթի մեկնարկի առիթով հրավիրված մամուլի ասուլիսը: 6-ը հունիսի, 2016 թ․

Այս տարի մասնակիցները մրցելու են միայն դիրիժորություն անվանակարգում։

Այսօր հայ մեծագույն կոմպոզիտորներից Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է, որն էլ արդեն որերորդ տարին նշանավորվում է նրա անվան երաժշտական միջազգային մրցույթի բացման հանդիսավոր արարողությամբ։

Մրցույթն անցկացվում է 12-րդ անգամ։ Ամեն տարի մրցույթն անցկացվում է երաժշտական տարբեր մասնագիտությունների շրջանակներում, այս անգամ մրցույթին մասնակցելու են միայն դիրիժորներ։

Արամ Խաչատրյան միջազգային մրցույթի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ այսօրվանից սկսած մինչև հունիսի 14-ը երաժշտասերների համար իսկական երաժշտական տոնախմբություն է տեղի ունենալու։

Մրցույթին հայտ են ներկայացրել 33 երկրից 37 դիմորդ։ Նախընտրական փուլից հետո ոչ բոլորին է բախտ վիճակվել մասնակցել մրցույթին։

Մրցույթը կմեկնարկի այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ Հայաստանի պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ։ Այս նվագախմբի հետ էլ մրցույթի մասնակից դիրիժորները կփորձեն հաղթել մրցույթում։

«Ամսի 6-ին, ըստ ավանդույթի, մենք բացում ենք Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը, այս տարի՝ դիրիժորություն անվանակարգում։ Կարծում եմ, որ մեզ մինչև ամսի 14-ը սպասվում է մեծ տոն, յուրաքանչյուր օր՝ համերգային կատարում, լեցուն ծրագիր, երիտասարդ դիրիժորներ, որոնք որ աշխարհում արդեն ունեն իրենց անցած ճանապարհը, և կարծում եմ, որ հանդիսատեսին շատ հետաքրքիր կլինի։ Բոլորին հրավիրում եմ ամսի 6-ին ժամը 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահ՝ մրցույթի բացման արարողությանը։ Ժյուրիի պատվավոր հյուրեր, մասնակիցներ աշխարհի տարբեր երկրներից, կարծում եմ՝ հետաքրքիր կլինի», - ասաց Տեր-Հովակիմյանը։

Նա նշեց, որ այս տարի ժյուրիի կազմում լինելու են Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, ջազային երաժիշտ, դաշնակահար Վահագն Հայրապետյանը, դիրիժոր Յուրի Դավթյանը, «Ասկոնաս Հոլթ»-ի գործադիր տնօրեն Մարկ Հիլդրյուն, Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Դեյվիդ Ուելթոնը։ «Պատվավոր հյուրերից լինելու են Դոնաթելա Ֆլիքը, ով Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորական մրցույթի հիմնադիր նախագահն է։ Մեր բոլորի կողմից սիրված Էլժբետա Պենդերեցկան է լինելու [Լյուդվիգ վան Բեթհովենի անվան Զատկի փառատոնի խորհրդի նախագահ և գլխավոր տնօրեն]», - ասաց Աննա Տեր-Հովակիմյանը։

Տարիների ընթացքում արդեն ձևավորված ավանդույթի համաձայն, մրցութային հանձնաժողովի անդամներն ու մրցույթի մասնակիցներն առավոտյան այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն, ծաղիկներ դրեցին Արամ Խաչատրյանի շիրիմին, ապա մեծ կոմպոզիտորի տուն-թանգարանում հանդիպում ունեցան լրագրողների հետ:

Մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանի խոսքով, դիրիժորական անվանակարգում մրցույթներ աշխարհում հազվադեպ են անցկացվում, իսկ Հայաստանում անցկացվում է առաջին անգամ:

Սմբատյանը փոխանցեց, որ նախընտրական փուլն անցած բոլոր 12 մասնակիցներ շատ շնորհալի երիտասարդներ են:

Մրցութային հանձնաժողովի նախագահ Յուրի Դավթյանը ասաց․ - «Բոլոր դեպքերում առաջին հերթին պետք է գնահատվի գործի իմացությունը, թե ինչքանով է դիրիժորը տիրապետում ստեղծագործությանը, որից հետո, ինձ թվում է՝ նրա ներքին ունակությունները, նրա, ինչպես ասում են, դեմքը: Նա պետք է ունենա իր ուրույն արտահայտիչ միջոցները՝ հատուկ միայն իրեն»:

Ի թիվս այլ հեղինակավոր երաժիշտների, այդ տարի մրցույթի պատվավոր հյուրերի շարքում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայի տնօրեն Ջոն Ֆիշերը: «Ազատության» հարցին, թե արդյոք երբևէ իր ղեկավարած թատրոնում բեմադրվել են Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները, Ֆիշերը պատասխանեց՝ ցավոք, ոչ: Հավելեց, սակայն, արդեն ծրագրում են բեմադրել մեծ կոմպոզիտորի ստեղծագործություններից մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG