Մատչելիության հղումներ

Արմավիրցիները կարկտահարված բերքի դիմաց փոխհատուցում են պահանջում


Արմավիրի մարզի Արագած գյուղում կարկուտը զգալի վնաս է հասցրել ոչ միայն պտղատու ծառերին, այլև մշակաբույսերին։

Հայկուշ Գրիգորյանը հողամաս է եկել կարկտահարված կաղամբը մաքրելու ու շուկա տանելու համար, բայց հույս չունի, որ գնորդ կգտնվի․ - «Ուղիղ կեսը մաքրում թափում ենք կաղամբի, որ կարողանանք գոնե 50 դրամով տանք։ Եթե կարողանանք վաճառենք, շատ լավ կլինի»։

Հարևան Գեղակերտում նույնպես անցած շաբաթավերջին տեղացած կարկտի վնասն արդեն հաշվարկել են։ Ասում են՝ լոբու, ելակի ու վարունգի մեծ մասը հողին է հավասարվել:

Գյուղացիներն այսօր կարկտահարված բերքի մի մասը Արմավիրի «Մեյմանդար» կոչվող շուկա էին բերել։ Կատակում էին, թե վաճառողներն ավելի շատ են, քան գնորդները:

Պատմում են, որ ամեն օր բերքն այստեղ են բերում ու գրեթե նույնությամբ հետ տանում․ - «Հեսա կիսափչացած բերել ծախում ենք էժան գներով․․․ Ոչ էլ առնող կա, սաղ ծախող ա»:

«2000 մետր պամիդոր, հեկտարներով մեր գյուղացիների դաշտերը վարի ա գնացել, ժողովուրդը չեն իմանում ոնց անեն, վարկերի տակից ոնց դուրս գան: Ես էլ բանակ պիտի գնամ, չեմ իմանում տնեցիներն ինչ պիտի անեն», - ասաց մի երիտասարդ։

Շուկայում հավաքված գյուղացիները ասում են, թե հակակարկտային կայաններ բոլոր գյուղերը չէ, որ ունեն։ Արագածում ու Մարգարայում նման կայաններ կան, սակայն, գյուղացիների խոսքով, հազվադեպ են գործի դրվում․ - «Կարկուտը խփում ա, նոր սկսում են կրակել․․․ Կա, խի՞ չկա․․․ կրակում են մարդիկ: Մի անգամ թեժ գիծ զանգեցինք, ասեցինք կարկուտը հենց հիմա վնասում ա, ինչի՞ մի բան չեք ձեռնարկում, ասում ա՝ հլը գոհ եղեք, որ էդքանով եք պրծել»:

Գյուղացիներից Մեսրոպ Մխիթարյանն ասաց, թե կարկտի պատճառով ստիպված կլինի ևս մեկ վարկ վերցնել․ - «Նորից պիտի գնաս տոկոս ա, վարկ ա, բերես, դնես, որ մի ձև քեզ համոզելով, խաբելով, որ հեսա մի տեղից մի լույս կծագի, կդզվենք, էն էլ էդ լույսն էլ չկա, մարել ա սաղ»։

Մեկ շաբաթ առաջ մարզի մեկ այլ համայնքում՝ Տանձուտում ճանապարհ էին փակել ու պահանջում էին սառեցնել վարկերն ու համարժեք փոխհատուցում տրամադրել փչացած բերքի դիմաց։ Գյուղացիներն այսօր պնդում էին, թե նման դեպքերում չնչին գումար է տրամադրվում կամ այնպիսի սերմեր են բաժանվում, որոնց կարիքն իրենք չունեն․ - «Կարկուտը տվեց ջարդեց, եկան մենակ գրեցին մովերի համար։ Ասում եմ՝ ախպեր ջան ես 18 մարգ լոբի ունեմ, լոբին փող չի՞՝ չէ։ Բիբարը գումար չի՞՝ չէ։ Մենակ խաղողի համար գրեցին։ Ի՞նչ տվեցին․ 2500 դրամ հողի հարկ, էն էլ իրանք ստացան, իրանք էլ կերան․․․ Ո՞վ ա դնում գյուղացուն բանի տեղ․․․ Ոչ մեկ»։

Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նշեց, որ իրենք դեռ չեն ճշտել վնասի չափը։ Փոխհատուցում տրամադրելու մասին էլ ոչինչ դեռ չեն կարող ասել․ - «Ես գնահատական չեմ կարող տալ, որովհետև մասնագիտական հանձնաժողովները առաջիկա օրերին կարձանագրեն, չափերի մասին կասեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG