Մատչելիության հղումներ

Ալիև․ «Ադրբեջանը Ռուսաստանին համարում է ռազմավարական դաշնակից»


Ղարաբաղում հաստատված հրադադարը կայուն չէ, ստատուս քվոն էլ անընդունելի է, այսօր հայտարարեց Ադրբեջանի նախագահը Բեռլինում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսում:

Կրկին խոսելով Ադրբեջանի կորցրած 20 տոկոս տարածքների, «հայկական օկուպացիայի», ՄԱԿ-ի ընդունած բանաձևերի և դրանց իրագործման անհրաժեշտության մասին՝ Իլհամ Ալիևը պնդեց՝ Բաքուն պատրաստ է ինքնավարության բարձրագույն աստիճանը տալ Ղարաբաղին՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում:

«Մինսկի խմբի համանախագահները, ԵԱՀԿ-ում նախագահող Գերմանիան քանիցս հայտարարել են, որ ստատուս քվոն պետք է փոխվի: Դա նշանակում է, որ հայկական կողմը պետք է դուրս բերի զորքերը Ադրբեջանի գրավյալ տարածքներից», - հայտարարեց Ալիևը:

Ասուլիսին ներկա ադրբեջանցի լրագրողները Անգելա Մերկելին հարց ուղղեցին՝ ինչո՞ւ միջազգային հանրությունը պատժամիջոցներ չի կիրառում Հայաստանի նկատմամբ ՄԱԿ-ի բանաձևերը չկատարելու համար: Կանցլերը փաստաթղթերին չանդրադարձավ՝ ընդգծելով միայն, որ որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկիր՝ Գերմանիան անելու է հնարավորը՝ հակամարտության կարգավորմանը աջակցելու համար:

«Ռոյթերզ»-ի թղթակիցը հետաքրքրվեց՝ որքանով է վստահելի Ռուսաստանը, որը լինելով միջնորդ երկիր՝ զենք է վաճառում հակամարտող կողմերին: Ալիևը հատուկ ընդգծեց՝ այս հարցը իրենց չի նյարդայնացնում, ի տարբերություն Հայաստանի իշխանությունների:

«Ադրբեջանը Ռուսաստանին համարում է ռազմավարական դաշնակից, Մոսկվան էլ նույն վերաբերմունքն ունի մեր հանդեպ: Այն, որ Ռուսաստանը զենք է վաճառում Հայաստանին, մեզ մոտ ալերգիա չի առաջացնում, մենք հասկանում ենք, որ Ռուսաստանը զենքի խոշոր արդյունաբերող է և կարող է վաճառել այն ցանկացած երկրի: Այդ հարցը Հայաստանում է ալերգիա առաջացնում, սակայն, ի տարբերություն Հայաստանի, մենք զենքի դիմաց ողջ գինն ենք վճարում: Ընդ որում, գաղտնիք չէ, որ մենք զենք ենք գնում նաև Թուրքիայից, Իսրայելից, Իրանից, Բելառուսից և այլ շատ երկրներից, քանի որ արդիականացնում ենք մեր զինված ուժերը: Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը համանախագահող մյուս երկրների՝ Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի հետ համատեղ, կօգտագործի իր ողջ ներուժը՝ համոզելու հայերին ազատել տարածքները, որոնք նրանց չեն պատկանում»,-հայտարարեց Ալիևը՝ խնդրի շուրջ այս ամիս սպասվող բանակցություններից առաջ:

Անդրադառնալով ապրիլյան վերջին զարգացումներին՝ Ադրբեջանի նախագահը պնդեց, թե Բաքուն կարողացել է վերականգնել վերահսկողությունը որոշ տարածքներում․ - «Սա դաս է, որը, կարծում եմ, Հայաստանի իշխանությունները չպետք է մոռանան: Մենք հավատարիմ ենք խնդրի խաղաղ կարգավորմանը և հենց այդ նպատակով դադարեցրինք ապրիլյան բախումները: Մենք չենք ուզում պատերազմ, բայց մեզ խաղաղություն է պետք, մեզ պետք է վերադարձնել մեր տարածքները և կարգավորել խնդիրը»:

Ղարաբաղյան խնդրից բացի Գերմանիայի կանցլերը անդրադարձավ Բունդեսթագում անցած շաբաթ ընդունված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին:

«Պաշտոնական Անկարայի սպառնալիքները գերմանացի պատգամավորների նկատմամբ անընդունելի են և անհասկանալի», - հայտարարեց Անգելա Մերկելը՝ ևս մեկ անգամ կոչ անելով Թուրքիային հաշվի նստել սեփական պատմության հետ:

«Գեմանիան ոչ միայն առերեսվել է սեփական պատմությանը, այլև շարունակելու է դա յուրաքանչյուր սերնդի հետ: Մենք կարծում ենք, որ պարտավոր ենք նաև աջակցել մյուսներին, օրինակ՝ հայերին ու թուրքերին՝ ընդունել սեփական պատմությունը՝ ստեղծելով նաև պատմաբանների անկախ հանձնաժողով: Սա մի հարց է, որ ես պատրաստվում եմ քննարկել թե՛ հայերի, թե՛ թուրքերի հետ»:

Ի դեպ, ժամեր առաջ լրատվամիջոցները հաղորդեցին, որ Գերմանիայի արտգործնախարարությունը դռնփակ հանդիպման է հրավիրել թուրք բարձրաստիճան դիվանագետներից մեկին՝ իր վրդովմունքը հայտնելու Անկարայից հնչող սպառնալից հայտարարությունների կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG