Մատչելիության հղումներ

Կալիֆորնիայի դատարանը երկու ամսից կլսի ամերիկահայերի հայցը ընդդեմ Թուրքիայի


Թուրքիա - Ինջիրլիքի ռազմակայանը, արխիվ
Թուրքիա - Ինջիրլիքի ռազմակայանը, արխիվ

Բրիտանացի հեղինակավոր լրագրողն ընդգծում է՝ Ադանայում իրենց պապերի հողերը պահանջող հայերի հայցը «պայթուցիկ ուղերձ է պարունակում»:

Ընդամենը երկու ամսից Կալիֆորնիայի դատարանը կլսի երեք ամերիկահայերի հայցն ընդդեմ Թուրքիայի կառավարության, որով ցեղասպանության զոհերի ժառանգները փորձում են դատական կարգով ետ ստանալ Ադանայում իրենց պապերին պատկանող հողերը: Բրիտանացի հեղինակավոր լրագրող Ռոբերտ Ֆիսկն այսօր այս մասին հոդված է հրապարակել Independent-ում՝ պնդելով․ - «Եթե ամերիկյան դատարանը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, կառավարությունը պարտավոր է հետևել այդ որոշմանը»:

«Վիճարկվող մոտ 50 հեկտար տարածքը գտնվում է Ինջիրլիքի ավիաբազայի մերձակայքում, կայան, որը ռազմավարական նշանակություն ունի Պենտագոնի համար. հենց այստեղից է հիմա ամերիկյան օդուժը հարվածներ հասցնում Սիրիայում և Իրաքում տեղակայված իսլամիտ զինյալներին: Ամերիկայի կառավարությունը վարձակալության դիմաց տասնամյակներ ի վեր միլիոններ է վճարում Թուրքիայի կառավարությանը, մինչդեռ հողերը պատկանում են Օսմանյան կայսրությունում սպանված հայերին», - գրում է բրիտանացի լրագրողը՝ հավելելով․ - «Հայցին կարող են միանալ ևս 13 ամերիկահայեր՝ վիճարկելով արդեն ռազմակայանի ողջ տարածքի սեփականության հարցը»:

Դատական այս գործընթացը սկսվել է մոտ հինգ տարի առաջ՝ ամերիկահայ հայտնի փաստաբան Վարդգես Եղիայանի գլխավորությամբ: Ի սկզբանե հայերը հայց են ներկայացրել Թուրքիայի կառավարությանը պատկանող երեք բանկերի դեմ, որոնց Օսմանյան կայսրությունը նշանակել էր որպես տեղահանված հայերի սեփականության պահառու: Թուրքիայի կառավարության ներկայացուցիչը երբևիցե դատարան չի ներկայացել, թեև պատշաճ ծանուցվել է, թուրքական բանկերն էլ պարբերաբար պնդել են, թե ամերիկյան դատարանը չի կարող քննել այս հարցը՝ օտար երկրում գտնվող սեփականության վեաբերյալ:

«2013 թվականին, սակայն, շրջանային դատարանը որոշեց՝ թուրքական դրամատները կարող են կանգնել ամերիկյան դատարանի առջև, եթե հարցը վերաբերում է մարդու իրավունքների ոտնահարմանը, այդ թվում՝ ցեղասպանությանը: Հիմա հայ իրավաբանները հայտարարում են, թե նոր ուսումասիրություններ են կատարել և փաստեր հայտնաբերել, որոնք կարող են հարկադրել ամերիկյան դատարանին օրենքով ճանաչել հայերի ցեղասպանությունը», - գրում է Independent-ի վերլուծաբանը՝ եզրափակելով. - «Գրեթե կասկած չկա, որ պատմական հենք ունեցող այս գործը քաղաքական պայթուցիկ ուղերձ է պարունակում. եթե Հայոց ցեղասպանությունը ճանաչվեց ԱՄՆ-ի դատարանի կողմից, ապա ամերիկյան կառավարության ճանաչումը լինելու է ընդամենը ժամանակի հարց»:

XS
SM
MD
LG