Մատչելիության հղումներ

«Հանրային գերակա շահի» զոհերի բողոքին  կառավարությունից այսօր էլ չարձագանքեցին


Ֆիրդուսու փողոցի տնազուրկ բնակիչները կառավարությունից փոխհատուցում են պահանջում, 9-ը հունիսի, 2016թ․
Ֆիրդուսու փողոցի տնազուրկ բնակիչները կառավարությունից փոխհատուցում են պահանջում, 9-ը հունիսի, 2016թ․

Վարչապետի խորհրդականը, նրանց պահանջներին ի պատասխան, հակադարձում է՝ «մարդը փող չունի, որտեղի՞ց տա»:

Երևանի կենտրոնի՝ իրենց կացարանները կորցրած մի խումբ բնակիչներ նոր բնակարան կամ համարժեք փոխհատուցում են պահանջում կառավարությունից։ 2007-2008 թվականներին Ֆիրդուսու փողոցի բնակիչների տների տարածքը կառավարությունը հանրային գերակա շահ էր ճանաչել։ Տարածքում կառուցապատում իրականացնող «Գլենդել Հիլզ» ընկերությունը համապատասխան պայմանագրեր էր կնքել սեփականատերերի հետ՝ պարտավորվելով այդ տարածքում բազմահարկ շենք կառուցել ու նախկին բնակիչներին 3 տարուց նոր բնակարաններ հատկացնել։

«3 տարին անցել է, մենք պայմանագրերը վերակնքել ենք, նորից 3 տարին անցել է, նորից վերակնքել ենք: Հիմա սպասում ենք, որ մեզ բնակարան տան: Տեղում հնարավոր չի, կենտրոնի բնակիչ ենք, բայց տալիս են շատ հեռու, Նորքի չգիտեմ որ տեղը, որտեղ ոչ տրանսպորտ կա, ոչ բարեկարգված է, ներսում հարդարված չի, միայն չորս պատն ա»,- այսօր կառավարության շենքի դիմաց բողոքում էր բնակիչներից մեկը:

Հետագայում «Գլենդել Հիլզ»-ը կանգնեց ֆինանսական խնդիրների առջև։ Շինարարությունը դադարեցվեց, բնակիչներից ոմանց փոխհատուցման այլընտրանքային տարբերակ առաջարկվեց։ «Պարզվեց, որ տեղում էդ երկու մասնաշենքերը չեն կառուցվելու, բնակիչներին առաջարկվեց վերակնքել պայմանագրերը (քանի որ 3 տարին լրացել էր), տեղափոխվել գինու գործարանի տարածք: Էնտեղ մասնաշենքեր կային՝ 11 և 12, որ մինչև 10-րդ հարկն էր սարքած: Բնակիչներից ոմանք տեղափոխվեցին, պլյուս 15 տոկոս ավել քառակուսիներով, քանի որ գոտի էր փոխվում: 3 տարի հետո պարզվեց, որ էնտեղ էլ չի կառուցվելու․․․»:

Բնակիչներն այժմ փորձում են տարածքը հանրային գերակա շահ ճանաչած կառավարությունից պատասխան ստանալ։ «Տարիներ շարունակ խաբում են, բնակիչներին հանել են կենտրոնական տարածքից, անունը դրել են պետական գերակա շահ, էնտեղից հանել են, բնակիչներն օդից կախված են, ինչ-որ փշրանքներ են գցում, որպես վարձեր: Մենք համաձայն ենք, որ մեզ գումար տան՝ 1000 դոլարով քառակուսին վճարեն, մենք մեզ համար բնակարաններ գնենք»:

Ցուցարարներն այսօր թեև կառավարության շենքի առջև երկար ժամանակ կանչեցին վարչապետին, նրանց ընդունող չեղավ։ Ավելի ուշ «Ազատության» հետ հեռախոսազրույցում վարչապետի խորհրդական Հայկ Դավթյանն ասաց՝ ընկերությունը փող չունի, տարածքն էլ ամբողջությամբ չի իրացվել՝ «Որովհետև իրացումը մինչև վերջ արված չի, ցաքուցրիվ ա՝ 50 մետր իրացված ա, կողքը 100 մետր՝ չիրացված ․․․ չի վերջացրել էդ մարդը, էդ կիսատ վիճակում ինչքան էլ իրացում արել ա, մի թիզ հող չի ծախել, բայց արդեն մի ամբողջ շենք տվել ա իրանց գինիում: Մի ամբողջ 14 հարկանի բնակեցված ա նախկին ֆիրդուսցիներով»,- ասաց Դավթյանը:

Իսկ ինչո՞ւ բնակարանով չեն ապահովվել հանրային գերակա շահի համար քանդված բոլոր տների սեփականատերերը։ Այս հարցին ի պատասխան, վարչապետի խորհրդականն ասաց՝ «Տան, բայց որտեղի՞ց տա էդ մարդը, չունի, չէ՞»: Նույն հարցի պատասխանը փորձեցինք ստանալ «Գլենդել Հիլզ» ընկերությունից, այնտեղից առաջարկեցին փոստով նամակ ուղարկել՝ օրենքով սահմանված կարգով կպատասխանեն։

Անորոշ պատասխաններից հոգնած բնակիչները կառավարության դիմաց արդյունքի չհասնելուց հետո որոշեցին այսօր բողոքի ցույց անել նաև իշխող Հանրապետականի գրասենյակի առջև՝ ՀՀԿ ԳՄ նիստից առաջ խնդիրը նախագահին ներկայացնելու հույսով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG