Մատչելիության հղումներ

Նալբանդյանները պնդում են՝ Վճռաբեկը չի կատարում ՄԻԵԴ-ի պահանջները


Արխիվ -- Նարինե Նալբանդյանը քննիչների հետ այցելում է հանցագործության վայր, Վարդենիս
Արխիվ -- Նարինե Նալբանդյանը քննիչների հետ այցելում է հանցագործության վայր, Վարդենիս

Եվրոպական դատարանի վճռով իրավունքների խախտման համար 62 հազար եվրո փոխհատուցում ստանալուց հետո Նալբանդյան ամուսիններն ու նրանց փաստաբանը պնդում են՝ Վճռաբեկ դատարանը չի կատարում ստրասբուրգյան դատարանի վճռի մյուս պահանջները՝ նոր քննություն նշանակելու և Նալբանդյաններին խոշտանգող իրավապահներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։

Այս պահանջների կատարումը հնարավոր կդարձնի 12 տարի առաջ Վարդենիսում կատարված դաժան սպանության իրական մեղավորների բացահայտումը, ասում է փաստաբան Սեդա Սաֆարյանը։ Նշում է, որ Եվրոպական դատարանի վճռից հետո Վճռաբեկ դատարանը եռամսյա ժամկետում պարտավոր էր նիստ անցկացնել ու որոշում կայացնել՝ նոր քննության մասին, ինչը տեղի չի ունեցել։ Արդյունքում՝ բանտում շարունակում է պատիժը կրել 14 տարվա ազատազրկման դատապարտված Նարինե Նալբանդյանը, ով ամուսնու հետ միասին մեղադրվել է աղջկա ընկերուհուն սպանելու մեջ։ Սեդա Սաֆարյանը ապօրինի է համարում Նարինե Նալբանդյանին մինչ օրս անազատության մեջ պահելը։

«Այն գործընթացը, որ հիմա տարվում է, իր մեջ ապօրինության տարր է պարունակում, քանի որ հրատապություն չի դրսևորում մարդկանց ճակատագիրը որոշելու հարցում։ Այո՝ հավանականությունը ազատելու օգտին է», - ասում է փաստաբանը:

Նալբանդյան ամուսինները տարիներ շարունակ հայտարարում են, թե իրենք կապ չունեն դստեր 16-ամյա ընկերուհու սպանության հետ և բանտում են հայտնվել ոստիկանների կողմից խոշտանգման հետևանքով՝ Նարինե Նանբանդյանի ինքնախոստովանական ցուցմունքների հիման վրա։ Մեկ տարի առաջ Եվրոպական դատարանը ընդունել է, որ Հայաստանի իշխանությունները խախտել են ամուսինների իրավունքները, նրանցից ցուցմունքներ են կորզել խոշտանգումների միջոցով։

Սեդա Սաֆարյանը նամակ է հղել Վճռաբեկ դատարանին, խնդրելով պատճառաբանել, թե ինչու մինչ օրս նոր քննություն չի անցկացվում, պատասխան չի ստացել։ Փաստաբանը պատրաստվում է կրկին դիմել Եվրոպական դատարան։

«Անհասկանալի է, այսքան տարվա փաստաբան եմ, երբեք չեմ տեսել, որ Վճռաբեկ դատարանն այսքան երկար գործ չլսի, չգիտեմ, թե ինչով է պայմանավորված։ Վստահորդս վատ հոգեվիճակում է։ Քանի՞ ամիս կարելի է խախտել օրենքը», - հարցնում է նա:

Դեռևս բանտում գտնվող Նարինե Նալբանդյանի ամուսինը՝ Բագրատ Նալբանդյանը, ով ճաղերի հետևում է անցկացրել 9 տարի, ամիսներ առաջ «Ազատության» հետ զրույցում պատմել էր ոստիկանների կողմից իր, կնոջ ու երեխաների նկատմամբ գործադրված բռնությունների մասին։ Ընտանիքում հույս ունեն, որ ի վերջո արդարությունը կվերականգնվի։

Նալբանդյանների որդին՝ Կարո Նալբանդյանը, «Ազատությանը» փոխանցեց, որ ամեն օր սպասում են Վճռաբեկի նիստին՝ ակնկալելով, որ ի վերջո մայրն ազատ կարձակվի, կպատժվեն իրենց խոշտանգողներն ու կպարզվեն 12 տարի առաջ տեղի ունեցած սպանության մեղավորները։

«Մորս մնացել է 2 տարի: Այդքան էլ ձգեն, այդ մարդը նստի, էլ ո՞ւմ է պետք», - ասում է նա:

Դատական դեպարտամենտից «Ազատությանը» փոխանցեցին, որ այս հարցի վերաբերյալ իրենց պատասխանն ավելի ուշ կներկայացնեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG