Մատչելիության հղումներ

Արդարադատության նախարար․ ԸՕ-ում որոշակի փոփոխություններ սպասվում են


Հայաստանի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Հայաստանի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Նախարարի խոսքով՝ առաջիկա օրերին արդեն հայտնի կդառնա, թե հունիսից ուժի մեջ մտած Ընտրական օրենսգիրքն ինչ նոր փոփոխությունների կենթարկվի:

«Ես կարծում եմ, առաջիկա օրերին ձեզ համար շատ բան պարզ կդառնա՝ ամբողջությամբ քայլերի հաջորդականությունը, ինչպիսի փոփոխություններ են լինելու, երբ են դրանք նախատեսվում և ինչպիսի ներառականություն ունեն», - «Ազատության»-ը այսօր ասաց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի պնդմամբ՝ իշխանությունը հիմա պատրաստ է Ընտրական օրենսգրքի հարցում նոր զիջումների, և գուցե արդեն վաղն էլ վերսկսեն 4+4+4 ֆորմատով բանակցությունները, որոնք նախկինում, ընդդիմադիրների և քաղաքացիական հանրության ներկայացուցիչների գնահատմամբ, անարդյունավետ էին․ - «Կոնգրեսում նպատակ ունենք գալ լայն կոնսենսուսի և դրա համար ցանկանում ենք վերաբացել 4+4+4 բանակցությունները, և եթե ձեռք բերվի համաձայնություն, ապա այդ համաձայնությունը կիրականացվի Ընտրական օրենսգրքի փոփոխության միջոցով, արտահերթ նիստով»:

Ընդդիմադիր գործիչը կրկին պնդեց, որ 102 կողմ ձայնով խորհրդարանում ընդունված Ընտրական օրենսգրքի շուրջ դեռևս կոնսենսուս չի եղել:

Այդուհանդերձ, օրեր առաջ Վենետիկի հանձնաժողովի նիստին մասնակցող նախարար Արփինե Հովհաննիսյանը, հիշեցնելով, որ նոր Ընտրական օրենսգիրքը խորհրդարանում ընդունվել է անհրաժեշտ ձայներից ավելի մեծամասնությամբ՝ հակառակն էր պնդել:

Չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ կետերի շուրջ կարող են փոփոխություններ լինել, նախարարն այսօր հաստատեց, որ իրենք պատրաստ են դրանց՝ առավել լայն կոնսենսուսի հասնելու համար․ - «Դուռը փակ չէ, և դեռևս շարունակվում են ընթանալ որոշակի քննարկումներ, և որոշակի փոփոխություններ սպասվում են՝ եղած կոնսենսուսը ավելի լայն դարձնելու տեսանկյունից, ինչը չափազանց կարևորում եմ թե՛ քաղաքական և թե՛ իրավական տեսանկյունից: Բոլորն են արձանագրում և դա անհնար է չարձանագրել, որ այս Ընտրական օրենսգիրքը ուղղակի հեափոխական լուծումներ է պարունակում ընտրական գործընթացը պատշաճ կազմակերպելու առումով, և արվել է առավելագույնը՝ ապահովելու համար ներառականությունը և փարատելու համար մտահոգությունները, որոնք Հայաստանի Հանրապետությունում տարիներ շարունակ առկա են եղել»:

Օրեր առաջ Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստում հաստատվեց, և այսօր հրապարակվեց հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքը Ընտրական օրենսգրքի՝ ապրիլին ներկայացված նախագծի վերաբերյալ: Հանձնաժողովը մտահոգություն է հայտնում, որ ընտրողների ցուցակների ճշգրտությունն ապահովելուն ուղղված ոչ բավարար քայլեր են արվել, նշվում է, որ չկա հստակություն, թե ինչպես են ընտրական պրոցեսում նոր ներդրված տեխնոլոգիաները կիրառվելու:

«Կայուն մեծամասնության սահմանադրական պահանջը երաշխավորելու համար ընտրական համակարգը բավականին բարդ է: Այն սահմանում է մի շարք էական շեղումներ մաքուր համամասնական համակարգից, ինչը բարեփոխումը իրականացնելու համար տրամադրված կարճ ժամանակահատվածի հետ միասին կարող է ազդել ընտրական համակարգի նկատմամբ ընտրողների վստահության վրա», - նշվում է հանձնաժողովի կարծիքի մեջ:

Արդարադատության նախարարն ասաց, որ հանձնաժողովը միայն ընդգծել է այս տեսակ համամասնական ընտրակարգի անսովոր լինելը, սակայն դա փոխելու առաջարկ չի արել․ - «Այս մոդելը, որը ընտրել է հայ օրենսդիրը, սկզբունքորեն համապատասխանում է համամասնական ընտրական կարգի՝ տարբեր երկրներում գործող մոդելներին, որի մասին մենք բազմաթիվ քննարկումների ժամանակ նշել ենք: Եվ Վենետիկի հանձնաժողովը ամենևին չի ասել, որ պետք է հրաժարվել այդ ցուցակներից, որևէ առաջարկություն այդ մասով չկա»:

Վենետիկի հանձնաժողովի նիստում Արդարադատության նախարարը նշել է, որ հանձնաժողովի 75 առաջարկություններից 54-ն ընդունվել են ամբողջությամբ, իսկ 7-ը՝ մասամբ: Խոսելով ընդդիմության հիմնական պահանջի՝ ընտրողների ցուցակների հրապարակման հնարավորության մասին՝ նախարարը նշում է, որ ըստ էության տրվում է հասանելիություն քվեարկողների ցուցակներին․ - «Ցուցակը ունենալ ձեռքին և այդուհետև քվեարկությունից ժամեր անց ունենալ այն անձանց հերթական համարները, ովքեր եկել և քվեարկել են, փաստացի նշանակում է ունենալ այդ ցուցակը: Մյուս առաջարկությունների մասով ևս աշխատանքներ կատարվել են․ թե՛ իդենտիֆիկացման, թե՛ առաջարկներ են քննարկվում նաև տեսանկարահանող սարքերի հետ կապված: Փաստացի կարող եմ ասել, որ հինգ առաջարկներից միակ առաջարկը, որի վերաբերյալ որևէ տարբերակ կամ մոտեցում չի առաջարկվել անգամ դեռ ամիսներ առաջ ընթացող քննարկումների ժամանակ, դա եղել է տարածքային ցուցակների հետ կապված խնդիրը»:

Մինչդեռ Լևոն Զուրաբյանի պնդմամբ՝ պահանջների մասամբ կատարումն իրենց չի բավարարում:

XS
SM
MD
LG