Մատչելիության հղումներ

Ազգային ժողովը քննարկում է համայնքների խոշորացման հարցը


Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը Ազգային ժողովում ներկայացնում է համայնքների խոշորացում նախատեսող օրինագիծը:
Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը Ազգային ժողովում ներկայացնում է համայնքների խոշորացում նախատեսող օրինագիծը:

Կառավարությունն օրենսդիրին վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ է ներկայացրել, որով նախատեսվում է մարզային 118 քաղաքներ ու գյուղեր միավորել 15-ի մեջ։

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը կառավարության մեղադրեց տեղերում հանրաքվե չանցկացնելու ու գյուղացիների կարծիքը չհարցնելու մեջ․ - «Ինչո՞ւ բնակիչների կարծիքը չի լսվել, և ի՞նչն է պատճառը, որ առանց տեղական հանրաքվեի է սա արվում»:

«Անցած անգամ մենք հանրաքվեները արեցինք և ձեզ ներկայացրեցինք։ Ինչո՞ւ, որովհետև մեր Սահմանադրությունը ուղիղ տեքստով ասում էր, որ խոշորացման պարագայում համայնքների կարծիքը լսվում է հանրաքվեի միջոցով: Հիմա մենք նման պահանջ չունենք», - արձագանքեց Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:

Այս տարվա փետրվարին երեք խոշոր համայնքներ ձևավորվեցին՝ Թումանյանը, Տաթևն ու Դիլիջանը՝ իրենց հարակից գյուղերով։ Երեքում էլ իշխող Հանրապետականի ներկայացուցյիչները հաղթեցին։

Պատգամավորներն այսօր հետաքրքրվում էին՝ այս ծրագրի արդյունքները դեռ չտեսած, ինչո՞ւ են նոր խոշորացումներ արվում:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը վստահ է, որ փորձն արդեն դրական արդյունք տվել է․ - «Առաջին պիլոտային ծրագիրը հենց արվեց Թումանյանում, որտեղ մի շարք գյուղեր մտան մեկ համայնքի մեջ: Սկզբնական շրջանում միգուցե իհարկե կար նաև դժգոհություն, բայց, այո, պարոն Տերտերյան, Դուք ճիշտ եք: Երբ որ մենք քննարկեցինք, դուք էլ քննարկեցիք մեր ժողովրդի հետ, և այսօր մենք տեսնում ենք, որ աստիճանաբար դրական միտումներ կան»:

Իրենց ելույթներում պատգամավորները հիմնականում դեմ էին արտահայտվում նախագծին։

«Ախր ո՞նց կարելի է խոսել, որ չորս հազար, հինգ հազար բնակիչ ունեցող ինքնակառավարման համակարգը մենք միացնում ենք ուրիշ ինքնակառավարման համակարգի: Արդյո՞ք չենք ոչնչացնում ինքնակառավարումը: Իհարկե ոչնչացնում ենք: Գոնե միացնեիք նրանք, որոնք իսկապես որպես համայնք չեն կարող գործել», - ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:

«Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հավելեց․ - «Ես էս պրոցեսի անունը չէի դնի ռեֆորմ, որովհետև ռեֆորմը, բարեփոխումը իր մեջ պոզիտիվ մոտիվացիա, պոզիտիվ կոդեր է ներառում»:

«Էսպիսի հեղափոխական, էսպիսի խորքային ռեֆորմներ անում են էն դեպքում, երբ որ որոշակի ստաբիլություն կա երկրում և՛ տնտեսական, և՛ սոցիալական, և՛ ենթակառուցվածքային․․․ էս փուլում մենք չունենք: Ավելին, մենք գնացել ենք Սահմանադրության փոփոխության և դրանից բխող մենք պետք է ամբողջական, շատ-շատ մայր օրենքներ ընդունենք, որը կկարգավորի, խաղի կանոնները կձևավորի, նոր մենք պետք ա անցնենք որոշակի փոփոխության խաղի կանոնների», - իր հերթին ասաց «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Բոլոր հարցադրումներին պատասխանում էր Վաչե Տերտերյանը․ - «Առաջին հերթին, բոլոր այն ելույթները, որոնք վերջանում էին «դեմ եմ» հայտարարությամբ: Եթե «դեմ եմ»-ները հանենք, ապա ամբողջ ելույթը ուղղակի շարադրանքն էր այն արգումենտների, ինչի համար պետք է անել խոշորացում»:

Նախօրեին Տավուշի մարզի Բերդավան և Կողբ գյուղերի բնակիչները նամակ էին գրել վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ խնդրելով իրենց չպարտադրել միավորումը: Պատգամավորներից շատերը նշեցին, որ իրենք էլ գյուղացիներից նամակներ են ստացել, որոնցում վերջիններս նշում են, որ պատրաստ են ծայրահեղ քայլերի դիմել՝ եթե կառավարությունը հաշվի չնստի իրենց կարծիքի հետ:

Վաչե Տերտերյանը խոստացավ այս հարցն ու պատգամավորների մյուս դիտարկումները հաշվի առնել առաջինից երկրորդ ընթերցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG