Մատչելիության հղումներ

Մենաշնորհի դեմ պայքարող գործարարը պնդում է, թե ենթարկվում է «ֆինանսական շանտաժի»


Գործարար Արման Երեմյանը։
Գործարար Արման Երեմյանը։

Պարարտանյութերի մատակարարման ոլորտում մենաշնորհի մասին բարձրաձայնող գործարար Արման Երեմյանի ընկերությունը առաջիկայում հնարավոր է տուգանվի 5 միլիոն դրամով:

«Կրեպսոն» ընկերության տնօրենը մեկ ամիս առաջ «Ազատության» հետ զրույցում պնդել էր, որ իր ընկերությունը կարող է գյուղատնտեսների համար ֆոսֆոր-կալիումային պարարտանյութ մատակարարել երեք անգամ ավելի մատչելի գնով, քան այն երկու ընկերությունները, որոնք արդեն երեք տարի պետական սուբսիդավորման ծրագրով և առանց մրցույթի իրականացնում են մատակարարումը, սակայն իր առաջարկը չի դիտարկվում:

Գյուղատնտեսության նախարարությունը հակադարձել էր, թե այդ ընկերությունը երբևէ հիմնավոր մրցութային առաջարկ չի ներկայացրել:

«Ազատության» հրապարակման հիման վրա Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը սկսել է ուսումնասիրել պարարտանյութերի շրջանառության ոլորտը և գրություն ուղարկել «Կրեպսոն»-ի տնօրենին՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ իր գործունեության ոլորտում առկա խոչընդոտների, ինչպես նաև իր առաջարկի հավաստիության մասին:

Գրության մեջ նաև նշվում է, որ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկություններ տրամադրելու դեպքում գործարարը կտուգանվի 5 միլիոն դրամի չափով․ - «Սա ուղղակի ինձ՝ որպես քաղաքացի, որը կոռուպցիայի և մենաշնորհի դեմ պայքար է տանում, ֆինանսական շանտաժ է: Լավ տեղեկացված լինելով «Կրեպսոն» ընկերության ներկայիս ֆինանսական վիճակին՝ հինգ օր հետո պետք է հայտարարվի, որ ընկերության փաստաթղթերը ամբողջական չէին, կամ հավաստի չէին ինչ-որ մի մասով: Եվ հինգ միլիոն տուգանելով՝ երևի կարճ ժամանակ հետո դատարանի միջոցով սնանկ ճանաչել «Կրեպսոն» ընկերությունը»:

Գործարարի պնդմամբ՝ հանձնաժողովն իր կազմակերպությանը պատրաստվում է տուգանել, քանի որ ինքը ցանկանում է հայց ներկայացնել Գյուղատնտեսության նախարարության դեմ՝ պաշտոնական դիրքի չարաշահումով գյուղատնտեսներին մատչելի պարարտանյութից զրկելու համար:

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից «Ազատության»-ը պատասխանեցին, որ գործարարին ուղարկված գրության մեջ որևէ սպառնալիք չկա․ հնարավոր տուգանքի մասին տեղեկությունը օրենքի պահանջն է, և նա ցանկության դեպքում կարող է հրաժարվել տեղեկություններ ներկայացնելուց ու չտուգանվել:

«Սպառնալիքի մասին չի կարող ընդհանրապես խոսք լինել», - «Ազատության»-ն ասաց հանձնաժողովի նախագահի խոսնակ Գայանե Սահակյանը: - «Մենք պարզապես արձագանքելով ձեր հրապարակմանը՝ փորձում ենք հասկանալ, թե ինչումն է տնտեսվարողի խնդիրը և ինչ մրցակցային խնդիրներ կան, որոնք կարող են գտնվել մեր դաշտում և որոնք մեր լիազորությունների շրջանակում կարող են լուծում ստանալ»:

Արդեն շուրջ երեք տարի պետական աջակցության ծրագրով տարեկան ավելի քան 4 միլիոն դոլարի մատակարարումն իրականացնում են միևնույն ընկերությունները: Այդուհանդերձ, Գայանե Սահակյանն «Ազատության»-ը տեղեկացրեց, որ եթե «Կրեպսոն»-ի տնօրենը հրաժարվի տեղեկություններ տրամադրելուց, ապա իրենք կդադարեցնեն ուսումնասիրությունը պարարտանյութերի շուկայում, քանի որ մենաշնորհի առկայության մասին որևէ այլ տեղեկություն չունեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG