Մատչելիության հղումներ

Ավելի քան 40 միլիոն դոլար՝ Մխիթարյանի համար


Հենրիխ Մխիթարյանը Իտալիա-Հայաստան խաղի ժամանակ, Նեապոլ, 15-ը հոկտեմբերի, 2013թ․
Հենրիխ Մխիթարյանը Իտալիա-Հայաստան խաղի ժամանակ, Նեապոլ, 15-ը հոկտեմբերի, 2013թ․

28 միլիոն ֆունտ ստերլինգ կամ ավելի քան 40 միլիոն ամերիկյան դոլար. բրիտանական մի շարք թերթերի պնդմամբ, հենց այսքան է պատրաստ վճարել աշխարհի ամենահեղինակավոր ֆուտբոլային ակումբներից մեկը` «Մանչեսթր Յունայթեդ»-ը, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին իր կազմում ընդգրկելու համար:

Լոնդոնյան Daily Mirror-ը պնդում է, որ վերջին մի քանի օրերին Մխիթարյանի գինը տրանսֆերային շուկայում կտրուկ կերպով աճել է: «Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Դորտմունդի «Բորուսիա»-ն մերժեց մանչեսթրցիների` Մխիթարյանի դիմաց 19 միլիոն ֆունտ վճարելու առաջարկը: Գերմանացիները Հայաստանի հավաքականի խաղացողի համար 31 միլիոն են պահանջում», - գրում է թերթը:

«Մանչեսթր Յունայթեդ»-ի` Մխիթարյանի հանդեպ ցուցաբերվող հետաքրքրությունը բրիտանական պարբերականը հետևյալ կերպ է բացատրում․ «Յունայթեդ»-ն արդեն երեք տարի անգլիական Պրեմիեր լիգայում մրցանակային որևէ տեղ չի զբաղեցրել, անցած տարի էլ չկարողացավ դուրս գալ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարից: Ստեղծված իրավիճակում «Մանչեսթր Յունայթեդ»-ը օր առաջ ցանկանում է վերադառնալ ուժեղագույնների խումբ»: Բրիտանական պարբերականը ենթադրում է, որ թիմի ղեկավարությունը Մխիթարյանի հետ շատ լուրջ հույսեր է կապում:

Independent-ի տեղեկություններով, սակայն, Դորտմունդի «Բորուսիա»-ն Հայաստանի հավաքականի առաջատարի կորստի հեռանկարից առանձնապես ոգևորված չէ` նույնիսկ մեծ գումար վաստակելու գնով: «Մաթս Հումելսի՝ Մյունխենի «Բավարիա», իսկ Իլքայ Գյունդողանի` «Մանչեսթր Սիթի» տեղափոխվելուց հետո «Բորուսիա»-ն պայքարում է Մխիթարյանին թիմում պահելու համար», - գրում է Independent-ը` չբացառելով, այնուհանդերձ, որ արդեն նոր խաղաշրջանում Մխիթարյանը կհայտնվի անգլիական Պրեմիեր լիգայում: «Նրա նկատմամբ «Մանչեսթր Յունայթեդ»-ից բացի հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Լիվերպուլ»-ն ու «Արսենալ»-ը», - գրում է թերթը:

Independent-ը նաև մեջբերում է Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի խոսքերը․ - [«Մանչեսթր Յունայթեդ»-ի հետ] բանակցությունները դադարեցնելը պարզապես մեղք է: Եթե ես վստահ չլինեի, որ մենք որոշակի արդյունքի կհասնենք, ընդհանրապես չէի փորձի»:

Manchester Evening News-ն էլ հայ ֆուտբոլիստին նվիրված հոդվածը վերնագրել է` «Ինչո՞ւ է Մխիթարյանը հենց այն, ինչ անհրաժեշտ է Old Trafford այցելող երկրպագուներին»: Անգլիական թերթը մեջբերում է «Բորուսիա»-ի նախկին և «Լիվերպուլ»-ի ներկայիս մարզիչ Յուրգեն Կլոպի խոսքերը․ - «Կասկած չկա, որ Մխիթարյանն այսօր աշխարհի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է: Ի վերջո, պատահական չէ, որ աշխարհի լավագույն շախմատիստները ևս Մխիթարյանի հայրենիքից են: Մյուս երկրներում ևս լավ շախմատ խաղացողներ կան, բայց Հայաստանում նրանք սպասվածից շատ են»: «Հայերը հակված են մտածելու և աշխատասեր են: Եթե նրանց մոտ ինչ-որ բան չի ստացվում, ապա նրանք միմիայն իրենք իրենց են մեղադրում», - հավելել է Կլոպը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG