Մատչելիության հղումներ

ՌԴ-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ սպառազինության մատակարարման շուրջ․ Շարմազանով


Էդուարդ Շարմազանով, արխիվ
Էդուարդ Շարմազանով, արխիվ

Հայաստանը պետք է ժամանակին խորացնի իր հարաբերությունները պաշտոնական Մոսկվայի հետ, ասել է ՀՀԿ խոսնակը։

Նախագահ Սերժ Սարգսյանի օրերս Սանկտ Պետերբուրգ կատարած այցի ժամանակ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստան ռուսաստանյան սպառազինության մատակարարումների շուրջ, երեկ երեկոյան Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց իշխող կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Մենք պետք է ժամանակին խորացնենք մեր հարաբերությունները պաշտոնական Մոսկվայի հետ, և, այո’, այսպես ասած, սպառազինությունների առումով, նաև՝ ռազմավարական, ստրատեգիական դաշնակցային հարաբերությունների զարգացման առումով ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ։ Առայժմ եզրափակվենք այսքանով։ Վերջին այցի ընթացքում հստակություն է մտցվել, որը բխում է Հայաստանի և Ռուսաստանի պետական շահերից», - ասաց Շարմազանովը։

Նախագահ Սարգսյանը այս երկուշաբթի էր այցելել Սանկտ Պետերբուրգ, ուր ղարաբաղյան խնդրին նվիրված եռակողմ հանդիպումից զատ, առանձին բանակցություններ վարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Շարմազանովը անդրադարձավ նաև ղարաբաղյան բանակցություններին, մասնավորապես՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովի հայտարարությանը, թե Պուտինի միջնորդությամբ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը իբր համաձայնության են եկել խնդրի փուլային կարգավորման շուրջ, ըստ որի, նախ Ադրբեջանին պետք է վերադարձվեն յոթ շրջաններ՝ բացառությամբ Հայաստանն ու Ղարաբաղը միմյանց կապող միջանցքը, և միայն դրանից հետո պետք է հստակեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:

Էդուարդ Շարմազանովն ընդգծեց՝ Ղարաբաղի հարցում Երևանի դիրքորոշումը չի փոխվել, ինչի մասին Սանկտ Պետերբուրգում հայտարարել է նախագահ Սարգսյանը, հակամարտության կարգավորման գործում առանցքային է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցը:

«Կարծեմ դա Մամեդովի հիվանդ երևակայության արդյունք է, որովհետև ոչ միայն պաշտոնական Երևանն է միանգամից արձագանքել՝ ի դեմս արտգործնախարար պարոն Նալբանդյանի, ով նշեց, որ նման բան գոյություն չունի, այլ տեղյակ եք՝ արդեն այսօր պաշտոնական Մոսկվան շատ խիստ արձագանքել է Մամեդովի հայտարարությանը՝ նշելով, որ հղում պետք է արվի բացառապես պաշտոնական հայտարարությունը, որը տրվել է, այլ ոչ թե որոշ պաշտոնյաների կամայական երևակայություններին և արտահայտություններին։ Սա էլ պաշտոնական Երևանը չի ասում՝ սա պաշտոնական Մոսկվայի պատասխանն է Ադրբեջանին», - ասաց Շարմազանովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG