Մատչելիության հղումներ

Վիճահարույց ոռոգման ծրագիրը «փոփոխության կենթարկվի» 


Գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեն հայտարարում է, որ Ազատ գետի հաշվին մի քանի գյուղեր ոռոգելու ծրագիրը փոփոխվում է։

Ավելի վաղ Համաշխարհային բանկի վարկային միոջոցների հաշվին իրականացվող ծրագիրը ամիսների պայքարի ու մայրուղիներ փակելու արդյունքում չեղարկվել էր։ Նախորդ ամիս գառնեցիների մոտ եկած վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացավ, որ շինտեխնիկան Գառնու կիրճից դուրս կբերվի։

«Թեև առաջարկվող նախնական տարբերակը համապատասխան պատկան կառույցների կողմից համարվում էր լավագույնը, սակայն բազմաթիվ քննարկումների արդյունքում, հաշվի առնելով համայնքի մի խումբ բնակիչների մտահոգությունները, առաջացել է փոխզիջումային տարբերակի ընտրության անհրաժեշտություն», - ասված է Ջրային կոմիտեի հայտարարության մեջ։

Կոմիտեն մանրամասնում է, որ 12 գյուղերի ոռոգման ծրագրի համար ջուր կվերցվի գետի հունով շուրջ հինգ կիլոմետր ներքև գտնվող հատվածից։

Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանի կարծիքով՝ կառավարությունը պարզապես ծրագրի անունն է փոխում․ - «Էս կառավարողների մտածողությանը համապատասխանող քայլ է՝ մարդկանց այսպես ասած մատի շուրջ պտտելու նպատակով: Ու իրանք մոռացան, որ իրենց կառավարության ղեկավարը բնակիչներին ասել է, որ ծրագիրը չեղարկվում է: Քանի որ էդ վարկը շուտվանից է տրված՝ 13 թվականից, բոլորը իրանց մասերը ստացել են էդ վարկից, ատկատներն էլ են ստացել, բնականաբար: Դրա համար կյանքի գնով ուզում են իրականացնեն էդ ծրագիը, էդ է ամբողջ հարցը։ Իսկ Համաշխարհային բանկը նորից էլի աչք ա փակում նրա վրա, որ էս ծրագրի իրականացման արդյունքում հիմնականում ջրվելու է որոշակի պաշտոնյաների հողատարածքներ»:

Բնապահպանի խոսքով, սակավաջուր Ազատի ջուրը չի բավականացնի նորանոր հողատարածքներ ոռոգելի դարձնելու համար․ - «Հիմա դու 350 հա ավելի շատ ես ուզում ոռոգես, բայց պնդում ես, որ էդ ջուրը հերիքելու է: Այսինքն դուք էդ նախորդ 840-850 հեկտարը Ազատի ջրամբարում կուտակված ջրով չեք կարողացել ջրել, Սևանից եք ջուր բաց թողել, էնտեղից եկած ջուրն եք օգտագործել էդ նույն տարածքները Քաղցրաշենի պոմպակայանով ջրելու համար, ո՞նց եք հիմի ենթադրում, որ էդ ջուրը պետք ա բավականացնի»:

Գառնեցի ակտիվիստ Արուսյակ Այվազյանի խոսքով՝ իրենք այսօր Ջրային կոմիտեի մասնագետների հետ են հանդիպել: Վերջիններս պնդել են, թե համայնքին ու բնությանը վնաս չի հասցվելու:

Բնակիչները, սակայն, թերահավատ են․ - «Ամբողջ հայությունը պետք է պայքարի, որ անիմաստ վարկային բեռ է դրվում ազգի ուսերին: Դա շատ ավելի լուրջ բան է, քան, ասենք, միայն Գառնիի խնդիրը։ Լավ, մեր կիրճի վերևի մասը փրկեցինք, բայց ներքևի մասն ի զորու չենք: Ասում են՝ ձեզ վնաս չի լինի: Բայց էլի ծառեր են վնասվելու, և բացի դա՝ Խոսրովի անտառը տուժելու է»:

Համանման ծրագիր նաև հարևան համայնքում՝ Գողթում էր նախատեսվում, որտեղ էլ Գեղարդալճի հաշվին ինքնահոս եղանակով ոռոգելի պետք է դառնան Կոտայքի և Արարատի մարզերի որոշ հողատարածքներ։

Գողթեցի Վահրամ Սեդրակյանի խոսքով, համայնքի բնակիչները ծրագրին միայն մի դեպքում են համաձայն․ - «Տարբերակ ենք առաջարկում, որ ձեր ջուրը կվերցնեք ավելցուկային հոսքի կետից: Այսինքն, երբ որ մեր ջրամբարը կլցվի, ավելցուկ կունենա, էդ ավելցուկային ջուրը դուք կտանեք, որպեսզի մեր համայնքին վնաս չլինի»:

Գողթի բնակչի խոսքով, իրենք կառավարությանը մեկ օր ժամանակ են տվել իրենց փաստաթութ ներկայացնելու համար, այլապես պատրաստ են նորից փակել տուրիստական նշանակություն ունեցող ճանապարհները․ - «Մեզ ասեցին, որ Համաշխարհային բանկի հետ վերջնական որոշում չկա էդ մասին, չենք քննարկել, վերջնական էդ փոփոխության վերաբերյալ որևէ բան չկա: Էդ դեպքում առաջարկեցինք, ասեցինք՝ եթե նման պայմանավորվածություն չկա, ֆինանսավորման հարցը պարզեցված չի, ուրեմն դուք մեր կառավարությունից փաստաթուղթ եք բերում, որի մեջ բառ առ բառ կլինի մեր էս պահի դրությամբ պայմանավորվածությունը ծրագրի փոփոխության հետ կապված, եթե ոչ, էդ փաստաթուղթը չբերեք, մենք չենք թողնելու շինարարական աշխատանքներ: Ու էս անգամ եթե ճանապարհ փակեցինք, էլ ոչ մի տարբերակ չենք քննարկելու, ուղղակի չեղարկման պահանջ ենք դնելու ու մինչև վերջ պահենք էդ պահանջը»:

XS
SM
MD
LG