Մատչելիության հղումներ

Սանչես․ Եթե ՀՕ-ի նախագիծն ընդունվի, այն մեծ օգուտներ կբերի Հայաստանին


Տերեսա Դաբան Սանչես, Հայաստանում ԱՄՀ-ի ներկայացուցիչ, 24-ը հունիսի, 2016 թ․
Տերեսա Դաբան Սանչես, Հայաստանում ԱՄՀ-ի ներկայացուցիչ, 24-ը հունիսի, 2016 թ․

ԱՄՀ-ի ներկայացուցիչը չի ընդունում քննադատությունը, թե հարկային բեռի ավելացումը բացասական ազդեցություն կունենա բիզնես միջավայրի վրա:

Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Տերեսա Դաբան Սանչեսը վստահ է՝ չնայած նոր Հարկային օրենսգրքի նախագիծը սուր քննադատության է ենթարկվում հասարակության բազմաթիվ խմբերի կողմից, այն մեծ օգուտներ կբերի Հայաստանին:

«Ազատության» հետ զրույցում տիկին Սանչեսն ընդգծեց, որ օրենքի ուժ ստանալուց հետո այդ փաստաթուղթը կնպաստի բյուջեի եկամուտների ավելացմանն ու բնակչության համար ավելի լավ ծառայություններ ապահովելուն: «Այս երկիրը լավ դպրոցի, լավ ճանապարհների, լավ կառավարման կարիք ունի: Եվ դրա համար յուրաքանչյուրը պետք է ներդրում անի»,- ասաց Տերեսա Դաբան Սանչեսն ու հավելեց՝ «Կրթությունը, առողջապահությունն այստեղ շատ ցածր մակարդակի վրա է, չկա կապիտալի ներդրում, չկան ենթակառուցվածքներ: Առանց այս ամենի հնարավոր չէ երկիրը զարգացնել, իսկ հիմա դրա համար լավ հնարավորություն է ստեղծվել»:

Չնայած բոլոր խմբակցությունների, այդ թվում՝ իշխող Հանրապետականի կոշտ քննադատությանը, երկու շաբաթ առաջ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց աղմկահարույց օրինագիծը: Արժույթի միջազգային հիմնադրամը ողջունեց խորհրդարանի այդ քայլը: ԱՄՀ-ի հայաստանյան ներկայացուցչի խոսքով՝ ԱԺ-ն այդպիսով մեծ պատասխանատվություն դրսևորեց՝ ցուցաբերելով նաև «այդ կարևոր փաստաթուղթը» քննարկելու պատրաստակամություն:

Տիկին Սանչեսը չի ընդունում քննադատությունը, թե հարկային բեռի ավելացումը բացասական ազդեցություն կունենա Հայաստանի բիզնես միջավայրի, բնակչության սոցիալական վիճակի վրա՝ բարեխիղճ աշխատողին հարկադրելով թաքցնել իրական եկամուտներն ու տեղափոխվել ստվերային դաշտ: Ավելին՝ նա վստահ է, որ Հայաստանի անկախացումից ի վեր գործող հարկային «ցաքուցրիվ համակարգն» է այսօր խնդիրներ ստեղծում՝ տնտեսության զարգացման ճանապարհին դառնալով անկայունության և չարաշահումների պատճառ:

«Եթե կա անկայունություն, այն կարող է ծառայել ինչ-որ մեկի սեփական շահերին: Մյուս կողմից էլ դա գլխացավանք է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են բարեխղճորեն վճարել հարկերը: Այս առումով, Հարկային օրենսգրքի այս նախագիծը շատ օգտակար կարող է լինել»,- նշում է Հայաստանում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցիչը:

Ըստ նրա, բյուջեն ամրապնդելուց բացի, խնդրո առարկա փաստաթուղթը նաև կբարելավի հարկային վարչարարությունը, կնպաստի հարկ վճարողների և հավաքողների հարաբերությունների կարգավորմանը՝ նվազեցնելով տեսուչների միջամտությունն ու ստեղծելով ավելի թափանցիկ միջավայր:

Տերեսա Դաբան Սանչեսը հավելում է՝ օրենքները պետք է կյանքի կոչվեն ինչպես այս, այնպես էլ ցանկացած այլ օրենսգրքի պարագայում: Խնդիրը, ըստ նրա, օրենքի կոնկրետ շարադրանքի հետ կապ չունի, և հայկական հանրությունը պետք է դա հասկանա:

Հայաստանի գործարար աշխարհի ներկայացուցիչները քննարկվող փաստաթղթից կոնկրետ դրույթներ առանձնացնելով՝ մատնանշում են, թե ինչ վտանգներ են դրանք պարունակում: Օրինակ, պնդում են, որ շրջանառության հարկի շեմը 115 միլիոն դրամից 40 միլիոն դրամի իջեցնելը պարզապես «կսպանի» փոքր ու միջին բիզնեսը: Տիկին Սանչեսը, մինչդեռ, անընդունելի է համարում գործող «բարձր» շեմը և վստահ է, որ 40 միլիոնի շեմով շրջանառության հարկը կառավարելի է Հայաստանի համար:

«Ես չեմ կարծում, թե դա ճիշտ փաստարկ է: Հնարավոր չէ ունենալ այսքան բարձր շեմ: Եթե այն այդքան բարձր է՝ շատերին հնարավորություն է տալիս չվճարել ավելացված արժեքի հարկ, ինչը ենթադրում է ավելի քիչ թափանցիկություն: Յուրաքանչյուրը պետք է հաշվետու լինի, նպաստի երկրում խարդախության և կոռուպցիայի նվազեցմանը»,- հակադարձում է ԱՄՀ-ի ներկայացուցիչը:

Նոր օրենսգրքի նախագծի վիճահարույց դրույթներից է նաև եկամտահարկի դրույքաչափերի նոր սանդղակը, ըստ որի 2-ից 7 տոկոսով բարձրանալու է 200.000 դրամից 2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողների եկամտահարկը: Կա մտահոգություն, որ հարվածի տակ կընկնեն իրական եկամուտները չթաքցնողները: Այս մտահոգությանն ի պատասխան, Տերեսա Դաբան Սանչեսը նշում է՝ նման խնդիր առավելապես կարող է ծագել 2 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացողների պարագայում, մինչդեռ, նոր սանդղակով այդ հարցը լուծվում է՝ 36 տոկոսի եկամտահարկն իջեցվում է 33-ի՝ մարդկանց դրդելով ավելի թափանցիկ գործել ու հայտարարագրել աշխատավարձի իրական չափը:

Ինչ վերաբերում է պնդումներին, թե միջին խավը կտուժի, տիկին Սանչեսը դրանց առնչությամբ նկատում է՝ «Կան շահողներ և կորցնողներ: Դա անհրաժեշտ է՝ անհավասարությունը կրճատելու համար: Եթե ցածր աշխատավարձ ստացողները քիչ են վճարում, ուրեմն ոմանք էլ պետք է շատ վճարեն»:

Վկայաբերելով այլ երկրների օրինակը, մի շարք տնտեսագետներ պնդում են, թե ԵՏՄ անդամ դարձած Հայաստանն իր վերանայված հարկային քաղաքականությամբ այլևս գրավիչ չէ ներդրողների համար: ԱՄՀ-ի հայաստանյան ներկայացուցիչն այս պնդմանն էլ այսպես է արձագանքում՝ «Ես չեմ կարծում, որ դրանում հարկային համակարգն է մեղավոր: Ենթակառուցվածքների խնդիր կա, երկիրը մեկուսացված է, պետք է ապրանքները գրավիչ դարձնել ոչ միայն Ռուսաստանի, այլև աշխարհի համար: Հիմա նոր Հարկային օրենսգիրքը դեռ չի գործում, բայց ներդրումներն էլ կարծես թե շատ չեն: Չեմ կարծում, թե դա լուրջ հիմնավորում է»:

Ինչպիսի՞ն կլինի Արժույթի միջազգային հիմնադրամի արձագանքը, եթե նախագիծն, այնուամենայնիվ, չընդունվի: Այս հարցին ի պատասխան, Սանչեսը նշում է՝ Հայաստանն անկախ պետություն է և դա իր որոշելիքն է, սակայն, հանրությունը պետք է ճիշտ հասկանա «փաստաթղթի կոնցեպտը»:

«Հայաստանը միջազգային հանրության աջակցության կարիքն ունի: Սա է իրականությունը: Շատ հեղինակավոր կազմակերպություններ Հայաստանը դիտում են որպես ներդրումներ անելու վայր: Սա կարևոր ազդանշան է: ՀՕ-ն բարեփոխելով, Հայաստանն աշխարհին ցույց կտա, որ լուրջ է մոտենում խնդրին, և դա վստահություն կներշնչի մեծ գումարներ ներդրողներին: Օգուտները հսկայական են լինելու: Եթե դա տեղի չունենա [օրենսգիրքը չընդունվի], հասկանում եք, թե ինչ կարժանա երկրի համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG