Մատչելիության հղումներ

«Կողմերը պետք է ընդունեն, որ հարցը լուծվելու է խաղաղ ճանապարհով»


Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և Էլմար Մամեդյարովի համատեղ ասուլիսը Բաքվում, 30-ը հունիսի, 2016թ․
Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և Էլմար Մամեդյարովի համատեղ ասուլիսը Բաքվում, 30-ը հունիսի, 2016թ․

Այսօր այս մասին Բաքվում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:

Ադրբեջանում ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի առաջին հանդիպումը ներքին տեղահանվածների հետ էր՝ Բաքվի դպրոցներից մեկում: Այս հանդիպման ժամանակ Ղարաբաղի ադրբեջանական համայնքի անդամ, պատգամավոր Ռովշան Ռզաևն առաջարկել է կազմակերպել նաև ԼՂ հայկական ու ադրբեջանական համայնքերի ներկայացուցիչների հանդիպում:

Ըստ APA գործակալության, Շտայնմայերն ասել է, թե այդ հարցի հետ կապված տեղյակ է հայկական համայնքի դիրքորոշմանը, և կփորձեն կազմակերպել նման հանդիպում:

Խոսելով բանակցային գործընթացի մասին, ԵԱՀԿ գործող նախագահը, մասնավորապես, նշել է, թե ԵԱՀԿ-ն փորձում է ԼՂ խնդրի կարգավորման ուղիներ գտնել: «Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի այդ հարցը լուծվի»,- նրա այս խոսքերն է մեջբերում ադրբեջանական լրատվամիջոցը: Շտայնմայերն ասել է, որ ապրիլյան իրադարձությունների ժամանակ բոլոր ջանքերն ուղղված էին կրակի դադարեցման ռեժիմի վերականգնմանը: «Հիմա, կարելի է ասել, կրակի դադարեցման ռեժիմը պահպանվում է, իսկ ղարաբաղյան հարցում ստատուս քվոն բանակցությունների միջոցով պետք է փոխվի»,- նաև ասել է Շտայնմայերը:

Նա հավելել է՝ ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ հակամարտությունը բազմաթիվ զոհերի է հանգեցնում: «Բոլոր կողմերը պետք է ընդունեն, որ հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Եթե մենք ոչինչ չձեռնարկենք, իրավիճակը կարող է նորից սրվել: ԵԱՀԿ-ն կօգտագործի իր բոլոր հնարավորությունները, որպեսզի դնի ապագա խաղաղության հիմքը: Մեր ձեռքին կան որոշակի փաստաթղթեր, մենք պետք է գործենք այդ փաստաթղթերին համապատասխան: Ադրբեջանը և Հայաստանը նույնպես պետք է ջանքեր գործադրեն՝ հակամարտության կարգավորման համար»,- այսօր Բաքվում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG