Մատչելիության հղումներ

Քրդերի ու Ասադի դաշինքը հարցականի տակ է


Հասակա քաղաքում կառավարամետ ու քրդական ուժերն այժմ բաժանված են։

Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Հասակա քաղաքում կառավարամետ ու քրդական ուժերն այժմ բաժանված են. որտեղ կախված էր Ասադի նկարը՝ այժմ քրդական եռագույնն է ամրացված:

Դեռ մի շաբաթ առաջ Հասակայի հյուսիսային գլխավոր մուտքը Սիրիայի նախագահի զորքերի հսկողության տակ էր: Սակայն վերջին մարտերի արդյունքում քրդերը վերահսկողություն են սահմանել այս տարածքների վրա: Լարվածությունն աճել է ռազմամթերքի ու պարենի սղության պատճառով:

Ըստ քուրդ մարտիկների, կառավարական զորքերը հիվանդանոցի մոտ ականանետերով հարձակվել են քրդերի վրա: Նրանք էլ անցնելով հակահարձակման՝ դուրս են մղել կառավարական զորքերին իրենց դիրքերից: Ըստ քրդական ուժերի, գրոհից տուժել են նաև քաղաքացիական անձինք։

Սիրիական զորքերը կասետային ռումբերով ու ծանր սպառազինությամբ ռմբակոծել են քաղաքաբնակ տարածքները, ինչի հետևանքով բազմաթիվ քաղաքացիական անձինք են մահացել ու վիրավորվել: Ստիպված մարդկանց տարհանել են ճակատագծից՝ տեղափոխելով նրանց մոտակա գյուղեր։ Վերջին օրերին շատերը վերադարձել են՝ գնահատելու վնասներն ու ապահով պահելու իրենց ունեցվածքը:

Հասական արաբներով ու քրդերով է բնակեցված, ընդ որում՝ և՛ մահմեդական, և՛ քրիստոնյա: Որոշ քրդեր մեղադրում են կառավարությանը էթնիկ խմբերը միմյանց դեմ հանելու փորձերի մեջ, ինչը, ըստ իրենց, նպատակաուղղված է մեկուսացնելու քրդական ուժերին ու խոցելի դարձնելու նրանց «Իսլամական պետություն» խմբավորման առջև․ վերջինի առաջապահ դիրքերը գտնվում են Հասակայի արվարձանների մոտ:

Ըստ Հասակայի քուրդ բնակիչների, սա վարչակարգի կողմից իրականացվող մի խաղ է՝ ուղղված «Իսլամական պետության» զինյալներին քաղաք ներս թողնելուն ու այսպիսով քրդերին կառավարամետ դարձնելուն:

Ասադի քննադատները, իրենց հերթին, նշում են, որ նա երկրում առկա տարբեր խմբավորումներին միմյանց դեմ է հանում իշխանությունը պահպանելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG