Կիրակի, դեկտեմբերի 21, 2014 Ժամանակը Երեւանում 08:40

Բլոգ / Սասունյանի բլոգը

Թուրքիան պահանջում է ոչ թուրքական հնությունները՝ օտարերկրյա թանգարաններին վախեցնելու միջոցով

x
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր

Վերջերս թուրքական կառավարությունն ագրեսիվ արշավ է սկսել՝ ճնշում գործադրելով եվրոպական եւ ամերիկյան բազմաթիվ թանգարանների վրա՝ օսմանյան ժամանակաշրջանում երկրից դուրս բերված հնությունները վերադարձնելու համար:

Թեեւ հասկանալի է, որ երկրները ցանկանում են վերականգնել իրենց ժառանգության մաս կազմող հնագույն մասունքները, սակայն Թուրքիայի դեպքում առկա են որոշակի շեղումներ, որոնք հատուկ ուշադրության են արժանի:

Եթե այս թանկարժեք հնությունները Թուրքիայից դուրս բերվեին վերջին ժամանակներում առանց համապատասխան թույլտվության, ապա, թերեւս կարելի կլիներ պնդել, որ թուրքական կառավարությունը իրավունք ուներ տեր կանգնելու դրանց, եթե անգամ դրանք պատկանում են հնագույն քաղաքակրթություններին, որոնք նախորդել են օսմանյան թուրքերի կողմից աշխարհի այս շրջանի նվաճմանը:
 
Զավեշտալի է, որ այս հնությունները պահանջող երկիրը պատմության խոշորագույն ավազակներից ու գողերից մեկն է, որ թալանել է այլ ազգերի մշակութային ժառանգությունը՝ հայերին, ասորիներին եւ հույներին պատկանող եկեղեցիներն ու վանքերը, հուշարձաններն ու դպրոցները: Պետք է մաքուր ձեռքեր ունենալ՝ ուրիշներին գողության մեջ մեղադրելու հանդգնություն ունենալու համար:

Ամենացնցողն այն է, որ թուրքական կառավարությունը պատրաստվում է հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Բրիտանական թանգարանի՝ հիմք ընդունելով Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի առաջին արձանագրության 1-ին հոդվածը, որտեղ ամրագրված է՝ «Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք»:

Համաձայն International Business Times (IBT) թերթում հրապարակված Չեյլան Յեգինսուի հոդվածի՝ մարդու իրավունքների օրենքների կիրարկմամբ հնություններ վերադարձնելը մի նոր հայեցակարգ է, որ երբեք չի օգտագործվել ոչ մի այլ երկրի կողմից: Անհավատալի է, որ աշխարհում մարդու իրավունքների ամենամեծ խախտողներից մեկը պատրաստվում է դատի տալ Բրիտանական թանգարանին՝ իբր Թուրքիայի քաղաքացիների իրավունքերը խախտելու համար:

Թուրքիան պատրաստվում է հունվարի 30-ին սույն հայցով դիմել դատարան՝ «աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը»՝ Հալիկարնասի դամբարանը հետ պահանջելու համար: Սակայն Բրիտանական թանգարանը պնդում է, որ նա ապօրինի չի յուրացրել այդ հնագույն մասունքը: Թանգարանի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Օլիվիա Ռիկմանը IBT-ին հայտնել է, որ թանգարանի հավաքածուներում Հալիկարնասի դամբարանի քանդակները ձեռք են բերվել 1846, 1857 եւ 1859 թվականներին: Ռիկմանը հավելել է, որ «այս նմուշները ձեռք են բերվել բրիտանական երկու նախաձեռնությունների ընթացքում, երկուսն էլ «ֆիրմաններով» [օսմանյան իշխանությունների կողմից տրված իրավական թույլտվություններ], որոնք թույլ են տվել տեղանքում պեղումներ կատարել եւ գտածո իրերը այնտեղից (1857 եւ 1859 թթ.) ու Բոդրումի ամրոցից (1846 թ.) տեղափոխել Բրիտանական թանգարան»:

IBT-ը մեջբերում է Անգլիայի Ուորիկի համալսարանի մշակութային ժառանգության իրավունքի մասնագետ Շարլոտ Վուդհեդի խոսքերը՝ նշելով, որ նա տեղյակ չի եղել, որ երբեւիցե մարդու իրավունքների մասին օրենսդրություն կիրառված լինի նման առարկաների վերադարձման համար: «Եթե հայցը ներկայացվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան, հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչի հիման վրա է այն վիճարկվելու, նաեւ՝ ինչպիսին է լինելու արդյունքը», - նշել է Վուդհեդը:

Թուրքիան նաեւ օգտագործել է արվեստի գործերի արտահանումն արգելող օսմանյան մի օրենք, որպեսզի սեփականության իրավունքով հետ պահանջի արվեստի հնագույն գործերն աշխարհի խոշորագույն թանգարաններից, ինչպիսին են Փարիզի Լուվրը, Լոս Անջելեսի Գետին, Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը, Քլիվլենդի արվեստի թանգարանը եւ Հարվարդի Դումբարտեն Օուկսը: Եթե Թուրքիան կարող է պահանջել օսմանյան դարաշրջանի ունեցվածքը, ապա այն պետք է պատասխանատվություն կրի նաեւ օսմանյան դարաշրջանի պարտավորությունների համար, ինչպիսին են թալանը, տարածքային բռնազավթումը եւ ցեղասպանությունը:

Նման վիճելի դատական հայցեր ներկայացնելով, Թուրքիան իրականում նպատակ ունի վախեցնել օտարերկրյա թանգարաններին՝ պահանջվող արվեստի գործերը վերադարձնելու համար: Եթե թանգարանները չենթարկվեն թուրքական ճնշումներին եւ հրաժարվեն վերադարձնել այդ ցուցանմուշները, հետաքրքիր է, արդյոք թուրքական կառավարությունը կշարունակի՞ իր սպառնալից հայցը: Թուրքիայի համար մեծ վտանգ է ներկայացնում այն, որ նրա պահանջները դատարանների կողմից մերժվելու դեպքում, որեւէ թանգարան երբեք չի համաձայնի վերադարձնել պահանջվող հնություններից որեւէ մեկը:

Այնուամենայնիվ, եթե մի օտարերկրյա թանգարան ցանկություն հայտնի որեւէ հնագույն մասունք վերադարձնել Թուրքիային, ապա պետք է պայման դնի թուրքական կառավարության առջեւ՝ պաշտոնապես բացահայտելու այդ օբյեկտների իսկական ծագումը, օրինակ՝ խեթական, հռոմեական, հունական, հայկական կամ ասորական: Սա պայմանավորված է նրանով, որ Թուրքիան վերացրել է հայկական հնագույն եկեղեցիների եւ հուշարձանների ծագումը վկայող բոլոր հիշատակումները դրանց մուտքի վրա ամրացված արձանագրություններից:

Աշխարհի խոշորագույն թանգարաններից հնությունները վերադարձնելու թուրքական ջանքերը եզակի հնարավորություն են ընձեռում հայերին՝ հրապարակել Թուրքիայի կողմից հազարավոր հայկական եկեղեցիների, վանքերի, դպրոցների, գերեզմանատների եւ ամրոցների չարաշահման եւ բացահայտ ոչնչացման մասին:

Հայերը պետք է դիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ առարկելով արվեստի որեւէ գործ Թուրքիային վերադարձնելու դեմ, մինչեւ որ թուրքական կառավարությունը օրենսդրորեն չպարտավորվի պահպանել եւ բացահայտել նրա տարածքում գտնվող հայկական հուշարձանների մնացորդների ծագումը: Հաջորդ քայլով պետք է պահանջել, որ Թուրքիան Պոլսո Հայոց պատրիարքարանին վերադարձնի ավելի քան 2 հազար հայկական եկեղեցիները:
 

Թարգմանիչ` Ռուզաննա Ավագյան
Ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Դարձեք առաջինը եւ գրեք մեկնաբանություն

Ամենակարդացվողը