Մատչելիության հղումներ

Ադրբեջանին զենք վաճառող երկրները նույնքան մեղավոր են Արցախի վրա հարձակումների համար


Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Նոյեմբերի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը ոճրային արարք գործեցին՝ խփելով հայկական անզեն ուղղաթիռը Արցախի սահմանամերձ տարածքում և սպանելով անձնակազմի երեք սպաներին: 1994 թվականի հրադադարից ի վեր Ադրբեջանի հարձակումը հայկական օդանավի վրա աննախադեպ էր:

Հայաստանը ոչ միայն պետք է հակահարված տա Ադրբեջանին, այլ նաև ձեռնարկի դիվանագիտական բոլոր անհրաժեշտ միջոցները՝ բացահայտելու և դատապարտելու այն երկրին, որի վաճառած հրթիռների միջոցով Բաքուն խոցել է հայկական ուղղաթիռը: Պետք է նշել, որ վերջին տարիներին Իսրայելը և Ռուսաստանը միլիարդավոր դոլարների ժամանակակից ռազմական տեխնիկա են վաճառել Ադրբեջանին:

Այս անարդար հարձակումը մասամբ պայմանավորված է 20-ամյա սահմանային փոխադարձ հրաձգություններով, որի ընթացքում ադրբեջանցի հրաձիգները սպանում են հայերին, իսկ հայ զինվորները պատասխան կրակով՝ ադրբեջանցիներին: Բաքվի իր պալատում նստած Ալիևը, կարծես թե, ամենևին էլ չի անհանգստանում երիտասարդ ադրբեջանցիների կորստով, քանի հավասար թվով հայեր են զոհվում, որովհետև ադրբեջանցիները (մոտ 10 միլիոն) մի քանի անգամ ավելի են, քան հայերը (3 միլիոնից քիչ) իրենց երկրներում: Ալիևի համար ադրբեջանցի զինվորների զոհաբերումը ձեռնտու ներդրում է՝ միջազգային հանրության ուշադրությունը ղարաբաղյան չլուծված հակամարտության վրա սևեռելու նպատակով:

Համայն հայության վրդովմունքը որոշ չափով փարատվեց, երբ Հայաստանի և Արցախի ղեկավարները հայտնեցին իրենց լուրջ մտադրությունը՝ պատասխանել ադրբեջանական վերջին հարվածին զանգվածային և անհամաչափ հարձակմամբ: Մնում է միայն հուսալ, որ հայկական լայնածավալ հակահարձակումից հետո Ալիևը կհասկանա, որ Ադրբեջանը շատ թանկ է վճարում իր կործանարար ռազմական արկածախնդրության համար:

Ցավոք, հայերի կողմից խոշոր հակահարձակման չանցնելը նախորդ տարիներին խրախուսել է բռնակալ Ալիևին՝ դիմելու ավելի լկտի հարձակումների, որոնց կիզակետը անցյալ շաբաթ անզեն ուղղաթիռի խոցումն էր: Ո՞րն է հաջորդը: Քաղաքացիական ինքնաթիռի պայթեցո՞ւմը մեծ թվով հայ ուղևորներով, ինչպես որ նա բազմիցս սպառնացել է:

Մեկ այլ շփոթ իրավիճակ է երկու երկրների միջև շարունակվող բարձր մակարդակի խաղաղության բանակցությունները, երբ կողմերից մեկը՝ Ադրբեջանը, անընդհատ կրակում է... Ինչպե՞ս կարելի է խոսել խաղաղության մասին և միաժամանակ կրակել: Յուրաքանչյուր գագաթնաժողովից հետո, հայ և ադրբեջանցի ղեկավարները, ինչպես նաև Մինսկի խմբի միջնորդները, որոնք ներկայացնում են Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը, շարունակ հայտարարում են, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է իր հարձակումները՝ խաղաղ բանակցություններից առաջ, ընթացքում և հետո...

Մինսկի խումբը, ադրբեջանական յուրաքանչյուր հարձակումից հետո, ավելի բարդացնելով իրավիճակը, կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին ցուցաբերել զսպվածություն և մեղքը հավասարապես բարդում է երկու կողմերի վրա: Նման անարդար և կեղծ հավասարությունը միայն քաջալերում է Ադրբեջանին՝ ավելի աշխուժացնելու իր հարձակումները: Եթե միջազգային հանրությունն իսկապես ձգտում է խաղաղ կարգավորման և ցանկանում է կանխել ավելորդ արյունահեղությունը Արցախի շուրջ, ապա պետք է արգելի զենքի վաճառքը Ադրբեջանին և խստորեն դատապարտի նրան՝ հրադադարի խախտման յուրաքանչյուր փորձի համար:

Միաժամանակ, Հայաստանի կառավարությունը պետք է բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկի Հայաստանի և Արցախի ժողովրդին պաշտպանելու ադրբեջանական սադրիչ հարձակումներից, նույնիսկ եթե ստիպված լինի կանխարգելիչ հարվածներ հասցնել Ադրբեջանի տարածքի խորքերում: Ալիևը չպետք է մոռանա, որ իր երկրի նավթի ու գազի խողովակաշարերը, նավթահանքերը և նավթավերամշակման գործարանները չափազանց խոցելի են նման հարձակումների դեպքում, որոնք կարող են միլիարդավոր դոլարների վնաս պատճառել նրա երկրի տնտեսությանը:

Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը կանխելու համար Հայաստանը պետք է հայտարարի, որ ոչ միայն հակահարված է տալու, այլև վեց ամսով սառեցնելու է բանակցությունները՝ ադրբեջանական յուրաքանչյուր հարձակումից հետո: Քանի որ Ալիևը հույս ունի բանակցությունների միջոցով վերստանալ Արցախը շրջապատող որոշ տարածքներ, ապա խաղաղ բանակցությունների կասեցումը կարող է հետաձգել և վերջնականապես խափանել որևէ տարածքի վերադարձը: Այսպիսով, բանակցությունների երկար կասեցումից հետո Ալիևը կսովորի, որ չի կարելի խաղաղության մասին խոսել և միաժամանակ պատերազմել...

Եթե Ադրբեջանը համառորեն շարունակի իր թշնամական վերաբերմունքը՝ Հայաստանը կարող է դադարեցնել բանակցությունները և որոշել ճանաչել Արցախի Հանրապետությունը, կամ պաշտոնապես Արցախը հայտարարել Հայաստանի անբաժանելի մաս:

Իսկ եթե Ալիևն այնքան հիմար է, որ պատերազմ սկսի, ապա նա կարող է ավելի շատ տարածքներ կորցնել և ամբողջովին ավերակների վերածել իր երկրի էներգետիկ ենթակառուցվածքների զգալի մասը: Ոչ ոք չպետք է լուրջ ընդունի Ալիևի՝ Հայաստան և Արցախ ներխուժելու անդադար սպառնալիքները: Ռազմական փորձագետների մեծ մասն ընդունում է, որ Ադրբեջանի բանակը զիջում է Հայաստանի բանակին՝ չնայած արդիական զենքեր ձեռք բերելու համար միլիարդավոր նավթադոլարների շռայլ ծախսերին:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG