Մատչելիության հղումներ

Թուրքիայի դեսպանի հետկանչը լայնորեն տարածեց Հռոմի պապի կողմից Հայոց ցեղասպանության հաստատումը


Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Հաշվի առնելով Ֆրանցիսկոս պապի անկեղծությունը՝ զարմանալի չէր, որ նա բացահայտորեն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում ապրիլի 12-ին մատուցած պատարագի ժամանակ:

Միակ մարդը, որ լրիվ անտեղյակ էր Պապի իրական մտադրությունների մասին, Վատիկանում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Փաչաջին էր, որը երկու շաբաթ առաջ հոխորտալով հաղորդել էր թուրքական մամուլին, թե ինքը համոզել է Հռոմի պապին՝ մերժել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ բոլոր հայկական խնդրանքները:

Թուրք դեսպանը հայտարարեց, թե իրեն հաջողվել էր.

- Չեղարկել Հռոմի պապի այցը Երևան ապրիլի 24-ին.

- Համոզել Պապին ապրիլի 24-ին պատարագ չմատուցել Վատիկանում.

- Ջնջել «Հայոց ցեղասպանություն» բառերը Պապի ուղերձից Վատիկանում ապրիլի 12-ի պատարագի ժամանակ:

Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները դեսպան Փաչաջիի պնդումները ներկայացնում էին որպես խոշոր հաղթանակ՝ թուրքական դիվանագիտության, և ջախջախիչ պարտություն՝ հայերի համար:

Դեսպան Փաչաջիի կեղծ պնդումները պարզապես նախատեսված էին Անկարայում իր վերադասի առջև «լավ աշխատանքի» տպավորություն ստեղծելու համար: Ճշմարտությունն այն է, որ Հռոմի պապը ոչ նախատեսել էր այցելել Երևան ապրիլի 24-ին, ոչ էլ այդ օրը պատարագ մատուցել Վատիկանում: Թուրքիայի դեսպանի երրորդ պնդումը, թե Պապը իր ապրիլի 12-ի ուղերձում չի օգտագործի «Հայոց ցեղասպանություն» եզրը, այլ միայն «աղոթքներ կբարձրացնի բոլոր նրանց համար, ովքեր իրենց կյանքը կորցրել են 1915-ի ողբերգական իրադարձությունների ժամանակ», ևս կեղծ դուրս եկավ:

Հակառակ դեսպան Փաչաջիի իսկական և երևակայական ճնշումներին՝ Հռոմի պապը բացահայտ և երկարաշունչ հիշատակում արեց Հայոց ցեղասպանությանը ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում, որը տարածվեց ամբողջ աշխարհի հեռուստացանցերով, ռադիոալիքներով, թերթերով և համացանցով: Միջոցառմանը ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Գարեգին երկրորդ կաթողիկոսը, Արամ առաջին կաթողիկոսը, Հայ կաթողիկե եկեղեցու պատրիարք Ներսես Պետրոս 19-րդը և հազարավոր հավատացյալներ տասնյակ երկրներից:

Ահա որոշ հատվածներ Հռոմի պապի ուղերձից.

«Անցյալ դարում մարդկային մեր ընտանիքը վերապրել է զանգվածային և աննախադեպ երեք ողբերգություն։ Դրանցից առաջինը, որ լայնորեն հայտնի է որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանություն», խոցեց ձեր հայ ժողովրդին՝ առաջին քրիստոնյա ազգին, ինչպես նաև կաթոլիկ և ուղղափառ սիրիացիներին, ասորիներին, քաղդեացիներին և հույներին: Այդ սպանդին զոհ գնացին եպիսկոպոսներ և քահանաներ, հավատացյալ կանայք և տղամարդիկ, ծերեր և նույնիսկ անպաշտպան երեխաներ ու հիվանդներ: Մյուս երկու ողբերգություններն իրականացվել են նացիզմի և ստալինիզմի կողմից: Եվ բոլորովին վերջերս տեղի ունեցան այլ զանգվածային սպանություններ, ինչպես, օրինակ, Կամբոջայում, Ռուանդայում, Բուրունդիում և Բոսնիայում: Թվում է, թե մարդկությունը անկարող է վերջ դնել անմեղ արյան թափվելուն.... Սիրելի հայ քրիստոնյաներ, այսօր ցավով լցված մեր սրտերը միաժամանակ հուսառատ են Աստծո հարությամբ, և մենք այսօր ոգեկոչում ենք այդ ողբերգական իրադարձության, այդ անսահման ու անիմաստ կոտորածի հարյուրամյակը, որի դաժանությունը ձեր նախնիները ստիպված եղան կրել: Անհրաժեշտ է և հիրավի մեր պարտքն է հարգել նրանց հիշատակը, քանի որ երբ հիշողությունը մարում է, նշանակում է, որ չարը թույլ է տալիս, որ այդ վերքերը բորբոքվեն: Չարիքը թաքցնելը կամ այն ժխտելը նույնն է, ինչ թույլ տալ, որ վերքն արյունահոսի՝ առանց այն վիրակապելու»:

Արգենտինայում որպես կարդինալ Ֆրանցիսկոս պապը բազմիցս խոսել էր Հայոց ցեղասպանության մասին և այդ հարցին երեք անդրադարձ էր կատարել իր «Երկնքի և երկրի մասին» (2010 թ.) գրքում: 2013 թ. հունիսի 3-ին, իր ընտրությունից շատ չանցած, Ֆրանցիսկոս պապը Հայոց ցեղասպանությունը բնութագրեց որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»:

Վատիկանը հայերի զանգվածային սպանություններին առաջին անգամ անդրադարձել էր 1915 թ. սեպտեմբերի 10-ին, երբ Բենեդիկտոս 15-րդ պապը նամակով դիմել էր սուլթան Մեհմեթ 5-րդին՝ պահանջելով դադարեցնել անմեղ հայերի ջարդերը: Երկու անգամ՝ 2000 թ. նոյեմբերի 9-ին և 2001 թ. սեպտեմբերի 27-ին, Հռոմի Հովհաննես Պողոս երկրորդ պապը և Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդես եկան Հայոց ցեղասպանությունը ճանաչող համատեղ հայտարարություններով:

Զարմանալի չէր, որ Թուրքիայի կառավարությունը շատ խիստ արձագանքեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի պապի հիշատակմանը և անմիջապես հետ կանչեց իր դեսպանին Վատիկանից: Դեսպան Փաչաջին այժմ հնարավոր է ազատվի իր պաշտոնից կեղծ պնդումներ անելու համար, թե իբր իրեն հաջողվել էր լռեցնել Հռոմի պապին Հայոց ցեղասպանության հարցում: Մինչդեռ, թուրքական կառավարության չափազանց բուռն արձագանքը և Հռոմի պապի՝ իր ուղերձի համար ներողություն խնդրելու մերժումը, միջազգային խորագրեր ստեղծեցին ամբողջ աշխարհի հեռուստացանցերում, կայքերում և թերթերում:

Վաղուց ծրագրված թուրքական ջանքերը՝ տապալելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, խեղդվեցին լրատվամիջոցների մեծ ուշադրության հորձանուտում՝ պայմանավորված Քարդաշյանների առաջին այցով Հայաստան և Հռոմի պապի Հայոց ցեղասպանության խիզախ վերահաստատումով հենց ապրիլի 24-ից առաջ:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG