Մատչելիության հղումներ

ԱՄՀ-ը տնտեսության դանդաղ վերելք է կանխատեսում աշխարհում


Ըստ հիմնադրամի՝ համաշխարհային տնտեսությունը 2015 թվականին աճելու է քիչ ավելի արագ, սակայն զարգացող երկրներում աճը դանդաղելու է:

Համաշխարհային տնտեսությունը 2015 թվականին շարունակելու է ընդլայնվել, բայց փոքր-ինչ ավելի արագ, քան նախորդ տարի՝ աճելով 3.5 տոկոսով:

Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գլխավոր տնտեսագետ Օլիվեր Բլանչարդի, աճը անհավասար է լինելու։ «Այս ընդհանուր տոկոսը արտացոլում է երկու ցուցանիշ: Առաջինը զարգացած տնտեսությունների աճի մակարդակն է՝ անցյալ տարվա 1.8 տոկոսից մինչև 2.4 տոկոս այս տարի: Սակայն այն խամրում է զարգացող ու թերզարգացած շուկաների աճի կրճատման պատճառով», - ասում է Բլանչարդը:

Աճի վրա ազդող գործոնների շարքում է ընթացիկ աշխարհաքաղաքական լարվածությամբ պայմանավորված անորոշությունը։ Մեկ այլ գործոն է նավթի գների անկումը:

Ըստ Բլանչարդի, ցածր գները վատ են անդրադառնում նավթ արդյունահանման վրա, սակայն ընդհանուր առմամբ դա նպաստավոր է համաշխարհային տնտեսության համար։

«Նավթ ներկրող խոշոր երկրներում սպառումը բավականին բարձր է, և շատ հավանական է, որ դրա պատճառը նավթի գների անկումից խնայված գումարներն են», - ասում է ԱՄՀ-ի ավագ տնտեսագետը։

Այլ գործոնների շարքում, որ ազդեցություն ունեն համաշխարհային տնտեսության աճի վրա, ներառվում են տոկոսադրույքի փոփոխությունները ԱՄՆ-ում, Եվրոպայում ու Ճապոնիայում, ինչը կտրուկ բարձրացրել է դոլարի գինը: Սակայն ընդհանուր առմամբ համաշխարհային տնտեսական ռիսկերը կրճատվում են։

«Անցյալ տարի գլխավորը եվրագոտում ու Ճապոնիայում ճգնաժամի վտանգի առկայությունն էր, հիմա նման ճգնաժամի հավանականությունը էականորեն կրճատվել է», - ասում է Օլիվեր Բլանչարդը:

Համաշխարհային տնտեսության գնահատականները ի մի են բերվում, երբ աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող տնտեսագետները հավաքվել են Վաշինգտոնում՝ մասնակցելու Արժույթի միջազգային հիմնադրամի ու Համաշխարհային բանկի տարեկան գարնանային հանդիպմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG